Կարողունակությունները որպես հանրակրթության բովանդակության կառուցման հենասյուներ

Կայք: Elearning Kasa
Դասընթաց: ՀՊՉ ՈՒԹ ՀԻՄՆԱՐԱՐ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Book: Կարողունակությունները որպես հանրակրթության բովանդակության կառուցման հենասյուներ
Printed by: Guest user
Date: Thursday, 23 March 2023, 1:00 PM

Կարողունակություն (կոմպետենցիա) հասկացությունը

 Հանրակրթության պետական չափորոշիչը (այսուհետ` Չափորոշիչ) ելնում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից և սահմանում է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության՝ ակնկալվող վերջնարդյունքներ), ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները, հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսումնական պլանի և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները, սովորողների գնահատման ձևերը, սանդղակը, հաշվառման կարգը*:

 Կարողունակությունը անհատի համալիր բնութագրիչ է. այն գիտելիքների, հմտությունների, վերաբերմունքի և արժեքների համակարգ է, որը թույլ է տալիս այս կամ այն ոլորտում հաջողությամբ լուծելու որոշակի խնդիրներ:

 Համաձայն այս սահմանման՝ եթե որևէ մեկը հավակնում է կարողունակ լինել որևէ բնագավառում, ապա նա պետք է տիրապետի այդ բնագավառին բնորոշ որոշակի գիտելիքների, հմուտ լինի այդ բնագավառում որոշակի գործունեություն ծավալելու, պետք է ունենա արժեքային որոշակի համակարգ և կարողանա իր դիրքորոշումն արտահայտել այդ բնագավառի որոշակի հարցադրումների, երևույթների վերաբերյալ:




 Կարողունակությունը նշված բոլոր չորս որակների համատեղ առկայությունն է (գծապատկեր 1), և դրանցից որևէ մեկի բացակայությունը թույլ չի տալիս սովորողին կամ քաղաքացուն հաջողությամբ լուծելու իր առջև ծառացած խնդիրները:

 Կարողունակությունը չի կարելի համարել վերջնականորեն ձևավորված որևէ արդյունք: Վերջինիս ձևավորումն անընդհատ գործընթաց է, որի ժամանակ այն անընդհատ կարող են կատարելագործվել: Կարողունակությունների ձևավորումը սկսում է վաղ մանկությունից և շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում:

 Միջնակարգ կրթության կարողունակությունները ձևավորվում են սովորողի ուսումնառության ընթացքում ուսուցման կազմակերպման տարբեր ձևերի, սովորողի կողմից ուսումնական առարկաների ծրագրերի բովանդակության յուրացման, ինչպես նաև ուսուցման գործընթացում դաստիարակության միջոցով և բխում են հանրակրթության հիմնական նպատակներից:

Հանրակրթության պետական չափորոշիչ, հաստատված է 09.02.2021թ. N136-Ն որոշմամբ, https://www.arlis.am/documentview.aspx?docid=149788:

Մի քիչ պատմություն

«Կարողունակություն (կոմպետենցիա)» եզրույթը մանկավարժական գրականության մեջ սկսել է շրջանառվել անցած դարի 70-80-ական թվականներից, երբ արևմտյան երկրներում և ԱՄՆ-ում սկսեցին լրջորեն քննադատել կրթության նպատակներն ու բովանդակության ձևավորման մոտեցումները: Արագ փոփոխվող կյանքը, գիտության և տեխնիկայի շարունակական աճը մասնագետներից պահանջում էին աշխատանքային շուկային արագ հարմարվելու ճկունություն: Ամերիկյան հետազոտողները պարզեցին, որ շատ հաճախ մարդկանց ինտելեկտի բարձր աստիճանը մասնագիտական գործունեության ժամանակ մնում է չիրացված: Այդ ժամանակներում լայն տարածված IQ թեստերը, որոնցով չափում էին մարդու իմացական մակարդակը, չէին երաշխավորում նրա մասնագիտական հաջող գործունեությունը: Թեստը տալիս էր բարձր արդյունք, մինչդեռ իրական կյանքում մարդը ցածր արդյունավետությամբ էր աշխատում*:

Ամերիկացի հետազոտողները կատարեցին բարձր արդյունավետության հասած մարդկանց վարքի, գործունեության ուսումնասիրություններ և արդյունքում ձևակերպեցին նրանց ընդհանրությունները միավորող որակների համալիր  խումբ, որն անվանեցին կոմպետենցիա: 

Այդ  ժամանակ արդեն պարզ դարձավ, որ միայն նեղ առարկայական դաշտում գիտելիքների հաղորդումը և հմտությունների ձևավորումը բավարար չէ, այլ անհրաժեշտ է հանրակրթության նպատակների առավել լայն գիտակցում: Հանրակրթական համակարգին նոր պահանջներ սկսեցին թելադրվել գործարար շրջանակներից: Դրա պահանջն առաջացավ հատկապես աշխատանքային շուկայի կառուցվածքի փոփոխությամբ: Պարզ դարձավ, որ հանրակրթությունը պետք է ձևավորի այնպիսի կարողունակություններ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր անհատի արագ փոփոխվող հասարակությունում հաջողությամբ կազմակերպելու իր առօրյա կյանքն ու գործունեությունը: 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին առանցքային կարողունակությունների ձևավորմանը նպատակաուղղված կրթական ծրագրեր սկսեցին կառուցել  արագ զարգացող նորարարական տնտեսություններ ունեցող այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆինլանդիան, Ավստրալիան, ԱՄՆ-ի առանձին նահանգներ, Կանադան, Հարավային Կորեան, Շոտլանդիան, Իռլանդիան, Սինգապուրը: Ավելի ուշ այդ շարժմանը միացան Չինաստանը, Ճապոնիան, Գերմանիան, Հոլանդիան, Լատինական Ամերիկայի և հետխորհրդային երկրները: Հետևելով զարգացման ընդհանուր միտումներին՝ յուրաքանչյուր երկիր, ելնելով իր մշակութային, պատմական, սոցիալ-ժողովրդագրական, տնտեսական առանձնահատկություններից, այդ ուղղությամբ շարժվում է իր նախընտրած ճանապարհով: 

Չնայած այս հարցում միասնական մոտեցումը բացակայում է, սակայն մի բան հստակ է՝ առանձին առարկաների բովանդակության վրա կառուցված կրթական մոդելն իր դիրքերն արագորեն զիջում է առանցքային կարողունակությունների վրա հիմնված կրթական մոդելին: 

Բոլորի համար պարտադիր պահանջների շարքում նեղառարկայական գիտելիքներից և գործնականում դրանք կիրառելու կարողություններից բացի, որոշիչ դեր են սկսում խաղալ համապիտանի կարողունակությունները, որոնք աստիճանաբար դառնում են համընդհանուր գրագիտության պարտադիր բաղադրատարրեր**:

 * Исаева Т. Е., Пубаник А. Н., Становление компетентностного подхода в ведущих зарубежных странах. conf. teacher@rgups.ru
**  Универсальные компетентности и новая грамотность: от лозунгов к реальности. М.: Изд. дом ВШЭ, 2020.

Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված կարողունակությունները

 2021 թվականին ՀՀ կառավարության կողմից հաստատված Հանրակրթության պետական չափորոշչով սահմանվել են միջնակարգ կրթության հետևյալ ութ  կարողունակությունները. 

1) լեզվական գրագիտություն և կարողունակություն, 

2) սովորել սովորելու կարողունակություն, 

3) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն, 

4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն, 

5) թվային և մեդիա կարողունակություն, 

6) մշակութային կարողունակություն, 

7) մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն, 

8) տնտեսական կարողունակություն:

 

Կարողունակությունների ձևավորման մեթոդական երաշխավորություններ

Կարողունակությունները ձևավորվում են ուսումնական գործունեության տարատեսակ ձևերի, ուսուցման փոխներգործուն մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման արդյունքում: Առավել արդյունավետ կարող են լինել ուսումնական գործունեության այնպիսի ձևերը, ինչպիսիք են՝ նախագծային աշխատանքը, հետազոտությունը, բանավեճը, ուսումնական ֆիլմերի դիտումը և քննարկումը, էքսկուրսիաները, սեմինարները, դպրոցական գիտաժողովները, ներկայացումները և այլն:  

Բացի այն ամենից, ինչ յուրաքանչյուր ուսուցիչ կարող է անել կոնկրետ առարկայական ծրագրի շրջանակներում՝ մի քանի առարկաների ուսուցիչների համագործակցությունը կարող է հանգեցնել կոմպետենցիաների զարգացման արժեքավոր և արդյունավետ լրացուցիչ արդյունքների։ Այսպիսի համագործակցությունը կարող է տեղ գտնել ինչպես նույն դասարանի, այնպես էլ տարբեր դասարանների հետ աշխատող ուսուցիչների միջև: 

Նույն դասարանի հետ աշխատող տարբեր առարկաների ուսուցիչները կարող են դասի պլանը կազմել այնպես, որ, համագործակցելով և փոխլրացնելով միմյանց, առավելագույնս նպաստեն այս կամ այն կարողունակության ձևավորմանը: Դրա արդյունքում դասարանը բոլոր առումներով աստիճանական առաջընթաց կունենա, իսկ ուսուցիչները կխուսափեն մասնակի համընկնումներից և կրկնություններից։ Ուսուցիչները կարող են միասին պլանավորել նախագծային ուսումնառության աշխատանքներ կամ այնպիսի փոխհատվող թեմաներ, ինչպիսիք են, օրինակ, մարդու իրավունքները, կայուն զարգացումը, բռնության կանխարգելումը, շրջակա միջավայրի պահպանությունը և այլն:

 

Կարողունակությունները որպես հանրակրթության նոր չափորոշչի հենասյուներ

Հանրակրթության պետական նոր չափորոշիչի հիմքում ընկած է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումը: Կրթության բովանդակությունը կառուցվում է համաձայն հետևյալ ստորակարգային սխեմայի (տե՛ս գծապատկեր 2-ը): Չափորոշչով որպես հանրակրթության գերագույն նպատակ սահմանվել է ութ առանցքային կարողունակությունների ձևավորումը: Այնուհետև ձևակերպվել են դպրոցի  տարբեր աստիճանների շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները: Դրանք այն վերջնարդյունքներն են, որոնք կոչված են ձևավորելու առանցքային կարողունակությունները: Որպեսզի այդ վերջնարդյունքները հասանելի լինեն, ձևակերպվել են կրթության բովանդակային դաշտը տրոհող յոթ ուսումնական բնագավառները, այդ բնագավառները ներկայացնող առարկայացանկերի ձևավորման սկզբունքները, որոնց հիման վրա ներկայացվել է հենքային ուսումնական պլանը, որը ներառում է տարբեր ուսումնական բնագավառներին հատկացվող ժամաքանակների տոկոսային համամասնությունը: 

Համաձայն  նոր չափորոշչի տրամաբանության՝ դպրոցի տարբեր աստիճանների շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները պիտի ուղենիշ հանդիսանան առանձին առարկաների չափորոշիչների և ծրագրերի մշակման համար, որոնց հիման վրա էլ պետք է ստեղծվեն համապատասխան դասագրքերն ու ուսումնական այլ գրականությունը:

Գծապատկեր 2. Կրթության բովանդակության կառուցման ստորակարգային սխեման