Կարողունակությունները որպես հանրակրթության բովանդակության կառուցման հենասյուներ

Կարողունակություն (կոմպետենցիա) հասկացությունը

 Հանրակրթության պետական չափորոշիչը (այսուհետ` Չափորոշիչ) ելնում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից և սահմանում է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության՝ ակնկալվող վերջնարդյունքներ), ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները, հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսումնական պլանի և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները, սովորողների գնահատման ձևերը, սանդղակը, հաշվառման կարգը*:

 Կարողունակությունը անհատի համալիր բնութագրիչ է. այն գիտելիքների, հմտությունների, վերաբերմունքի և արժեքների համակարգ է, որը թույլ է տալիս այս կամ այն ոլորտում հաջողությամբ լուծելու որոշակի խնդիրներ:

 Համաձայն այս սահմանման՝ եթե որևէ մեկը հավակնում է կարողունակ լինել որևէ բնագավառում, ապա նա պետք է տիրապետի այդ բնագավառին բնորոշ որոշակի գիտելիքների, հմուտ լինի այդ բնագավառում որոշակի գործունեություն ծավալելու, պետք է ունենա արժեքային որոշակի համակարգ և կարողանա իր դիրքորոշումն արտահայտել այդ բնագավառի որոշակի հարցադրումների, երևույթների վերաբերյալ:




 Կարողունակությունը նշված բոլոր չորս որակների համատեղ առկայությունն է (գծապատկեր 1), և դրանցից որևէ մեկի բացակայությունը թույլ չի տալիս սովորողին կամ քաղաքացուն հաջողությամբ լուծելու իր առջև ծառացած խնդիրները:

 Կարողունակությունը չի կարելի համարել վերջնականորեն ձևավորված որևէ արդյունք: Վերջինիս ձևավորումն անընդհատ գործընթաց է, որի ժամանակ այն անընդհատ կարող են կատարելագործվել: Կարողունակությունների ձևավորումը սկսում է վաղ մանկությունից և շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում:

 Միջնակարգ կրթության կարողունակությունները ձևավորվում են սովորողի ուսումնառության ընթացքում ուսուցման կազմակերպման տարբեր ձևերի, սովորողի կողմից ուսումնական առարկաների ծրագրերի բովանդակության յուրացման, ինչպես նաև ուսուցման գործընթացում դաստիարակության միջոցով և բխում են հանրակրթության հիմնական նպատակներից:

Հանրակրթության պետական չափորոշիչ, հաստատված է 09.02.2021թ. N136-Ն որոշմամբ, https://www.arlis.am/documentview.aspx?docid=149788: