Կարողունակությունները որպես հանրակրթության բովանդակության կառուցման հենասյուներ

Մի քիչ պատմություն

«Կարողունակություն (կոմպետենցիա)» եզրույթը մանկավարժական գրականության մեջ սկսել է շրջանառվել անցած դարի 70-80-ական թվականներից, երբ արևմտյան երկրներում և ԱՄՆ-ում սկսեցին լրջորեն քննադատել կրթության նպատակներն ու բովանդակության ձևավորման մոտեցումները: Արագ փոփոխվող կյանքը, գիտության և տեխնիկայի շարունակական աճը մասնագետներից պահանջում էին աշխատանքային շուկային արագ հարմարվելու ճկունություն: Ամերիկյան հետազոտողները պարզեցին, որ շատ հաճախ մարդկանց ինտելեկտի բարձր աստիճանը մասնագիտական գործունեության ժամանակ մնում է չիրացված: Այդ ժամանակներում լայն տարածված IQ թեստերը, որոնցով չափում էին մարդու իմացական մակարդակը, չէին երաշխավորում նրա մասնագիտական հաջող գործունեությունը: Թեստը տալիս էր բարձր արդյունք, մինչդեռ իրական կյանքում մարդը ցածր արդյունավետությամբ էր աշխատում*:

Ամերիկացի հետազոտողները կատարեցին բարձր արդյունավետության հասած մարդկանց վարքի, գործունեության ուսումնասիրություններ և արդյունքում ձևակերպեցին նրանց ընդհանրությունները միավորող որակների համալիր  խումբ, որն անվանեցին կոմպետենցիա: 

Այդ  ժամանակ արդեն պարզ դարձավ, որ միայն նեղ առարկայական դաշտում գիտելիքների հաղորդումը և հմտությունների ձևավորումը բավարար չէ, այլ անհրաժեշտ է հանրակրթության նպատակների առավել լայն գիտակցում: Հանրակրթական համակարգին նոր պահանջներ սկսեցին թելադրվել գործարար շրջանակներից: Դրա պահանջն առաջացավ հատկապես աշխատանքային շուկայի կառուցվածքի փոփոխությամբ: Պարզ դարձավ, որ հանրակրթությունը պետք է ձևավորի այնպիսի կարողունակություններ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր անհատի արագ փոփոխվող հասարակությունում հաջողությամբ կազմակերպելու իր առօրյա կյանքն ու գործունեությունը: 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին առանցքային կարողունակությունների ձևավորմանը նպատակաուղղված կրթական ծրագրեր սկսեցին կառուցել  արագ զարգացող նորարարական տնտեսություններ ունեցող այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆինլանդիան, Ավստրալիան, ԱՄՆ-ի առանձին նահանգներ, Կանադան, Հարավային Կորեան, Շոտլանդիան, Իռլանդիան, Սինգապուրը: Ավելի ուշ այդ շարժմանը միացան Չինաստանը, Ճապոնիան, Գերմանիան, Հոլանդիան, Լատինական Ամերիկայի և հետխորհրդային երկրները: Հետևելով զարգացման ընդհանուր միտումներին՝ յուրաքանչյուր երկիր, ելնելով իր մշակութային, պատմական, սոցիալ-ժողովրդագրական, տնտեսական առանձնահատկություններից, այդ ուղղությամբ շարժվում է իր նախընտրած ճանապարհով: 

Չնայած այս հարցում միասնական մոտեցումը բացակայում է, սակայն մի բան հստակ է՝ առանձին առարկաների բովանդակության վրա կառուցված կրթական մոդելն իր դիրքերն արագորեն զիջում է առանցքային կարողունակությունների վրա հիմնված կրթական մոդելին: 

Բոլորի համար պարտադիր պահանջների շարքում նեղառարկայական գիտելիքներից և գործնականում դրանք կիրառելու կարողություններից բացի, որոշիչ դեր են սկսում խաղալ համապիտանի կարողունակությունները, որոնք աստիճանաբար դառնում են համընդհանուր գրագիտության պարտադիր բաղադրատարրեր**:

 * Исаева Т. Е., Пубаник А. Н., Становление компетентностного подхода в ведущих зарубежных странах. conf. teacher@rgups.ru
**  Универсальные компетентности и новая грамотность: от лозунгов к реальности. М.: Изд. дом ВШЭ, 2020.