Կարողունակությունները որպես հանրակրթության բովանդակության կառուցման հենասյուներ

Կարողունակությունների ձևավորման մեթոդական երաշխավորություններ

Կարողունակությունները ձևավորվում են ուսումնական գործունեության տարատեսակ ձևերի, ուսուցման փոխներգործուն մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման արդյունքում: Առավել արդյունավետ կարող են լինել ուսումնական գործունեության այնպիսի ձևերը, ինչպիսիք են՝ նախագծային աշխատանքը, հետազոտությունը, բանավեճը, ուսումնական ֆիլմերի դիտումը և քննարկումը, էքսկուրսիաները, սեմինարները, դպրոցական գիտաժողովները, ներկայացումները և այլն:  

Բացի այն ամենից, ինչ յուրաքանչյուր ուսուցիչ կարող է անել կոնկրետ առարկայական ծրագրի շրջանակներում՝ մի քանի առարկաների ուսուցիչների համագործակցությունը կարող է հանգեցնել կոմպետենցիաների զարգացման արժեքավոր և արդյունավետ լրացուցիչ արդյունքների։ Այսպիսի համագործակցությունը կարող է տեղ գտնել ինչպես նույն դասարանի, այնպես էլ տարբեր դասարանների հետ աշխատող ուսուցիչների միջև: 

Նույն դասարանի հետ աշխատող տարբեր առարկաների ուսուցիչները կարող են դասի պլանը կազմել այնպես, որ, համագործակցելով և փոխլրացնելով միմյանց, առավելագույնս նպաստեն այս կամ այն կարողունակության ձևավորմանը: Դրա արդյունքում դասարանը բոլոր առումներով աստիճանական առաջընթաց կունենա, իսկ ուսուցիչները կխուսափեն մասնակի համընկնումներից և կրկնություններից։ Ուսուցիչները կարող են միասին պլանավորել նախագծային ուսումնառության աշխատանքներ կամ այնպիսի փոխհատվող թեմաներ, ինչպիսիք են, օրինակ, մարդու իրավունքները, կայուն զարգացումը, բռնության կանխարգելումը, շրջակա միջավայրի պահպանությունը և այլն: