Սովորել սովորելու կարողունակությունը

Ներածություն

Ըստ Հանրակրթության պետական չափորոշչի՝ սովորել սովորելու կարողունակությունը ներկայացվում է հետևյալ կերպ. «Սովորողներն ինքնուրույն և մյուսների հետ համատեղ արդյունավետ սովորում և աշխատում են կյանքի տարբեր իրավիճակներում։ Նրանք ճանաչում են իմացածի և չիմացածի սահմանները: Սովորողները ինքնակազմակերպվում և ձևավորում են ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն։ Նրանք կարողանում են գնահատել սեփական և մյուսների ֆիզիկական ու հոգեբանական հնարավորությունները, սովորում են աշխատել ծանրաբեռնվածության պայմաններում։ Սովորելու ընթացքում սովորողները ձևավորում են իրողությունները քննադատաբար և բազմակողմանի ուսումնասիրելու, վերլուծելու, ինչպես նաև ստեղծագործական ու նորարար մոտեցումներ կիրառելու ունակություններ: Սովորողները ձևավորում են համակարգային և ինտեգրված մտածողություն:» (ՀՊՉ 2021, (II, 2-րդ կետ) https://www.arlis.am/documentview.aspx?docid=149788 )

Սովորել սովորելու կարողունակությունը կապված է անձի՝ ինքն իրեն որպես սովորող ընկալելու, սեփական փորձը կառուցելու, անձնական կրթական նպատակներ և խնդիրներ սահմանելու, զարգացման հետագծեր մշակելու և դրանց հետևելու ունակության հետ:
Այս կարողունակությունը ներառում է սեփական ուսումնառության կարիքների, առանձնահատկությունների, նախապատվությունների, բարդությունների, աջակցող մեխանիզմների գիտակցում, առկա հնարավորությունների և ռեսուրսների իմացության հիման վրա սեփական անձնային և մասնագիտական զարգացման երկարաժամկետ ռազամավարություն և քայլեր մշակելու կարողություն:
Այն ներառում է նաև կյանքի տարբեր իրավիճակներում կենսափորձի վերլուծության, արդյունքների կիրառման կարողություն և ցանկություն, զարգացման հնարավորություների որոնում, ուսումնառության առանձնահատկությունների, նախընտրելի ոճերի, արդյունավետության գրավականների, օգնող կամ խանգարող միջավայրի, գործոնների իմացություն և բացահայտում:
 
Այն պահանջում է սեփական կրթական բացերի ու կարիքների բացահայտման գործիքների իմացություն, ձեռքբերումների ամրագրման ունակություն, ինքնագնահատում, ուսուցողական գործընթացի վրա ազդող գործոնների գիտակցում, ուսումնառության հնարավորությունների, աղբյուրների իմացություն և ներգրավման պատրաստակամություն, կարիքահեն ուսուցման պլանավորման ունակություն, սեփական ուսումնական նվաճումների ճանաչման գործիքների իմացություն, ցկյանս կրթության մոտիվացվածություն և իմաստի գիտակցում, սեփական ուսումնական գործընթացի համար պատասխանատվության ստանձնում, ուսումնառության արդյունավետ ձևերի, գործիքների իմացություն և կիրառում:
Այս կարողունակությունը թույլ է տալիս ձեռք բերել, մշակել և յուրացնել նոր գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև ուղղորդել և կողմնորոշել դրանք փնտրելու և պրակտիկ կյանքում օգտագործելու կարողություններ: Անհատները պետք է կարողանան ինքնուրույն կազմակերպել իրենց ուսումը, գնահատել իրենց աշխատանքը և անհրաժեշտության դեպքում խորհուրդ, տեղեկատվություն և աջակցություն փնտրել: