Սովորել սովորելու կարողունակությունը
Սովորել սովորելու կարողունակությունը ձևավորող վերջնարդյունքները
Հանրակրթության պետական չափորոշչով (ՀՊՉ) սահմանված կարողունակությունները (այդ թվում նաև՝ սովորել սովորելու) ձևավորելու նպատակով սահմանված են համապատասխան վերջնարդյունքներ:
Հանրակրթական տարրական ծրագրի շրջանավարտի սովորել սովորելու կարողունակության ձևավորմանը նպատակաուղղված վերջնարդյունքները.
-
- դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն, կարողանա անդրադառնալ ու արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին.
- հասկանա իր առջև դրված խնդիրը, մշակի և կատարի քայլեր այն լուծելու համար.
- համատեղ կամ ինքնուրույն իրականացնի պարզ հետազոտական աշխատանքներ, անի եզրակացություններ՝ հիմնվելով ստացված տվյալների և դիտարկումների վրա, փաստերն օգտագործի իր գաղափարները հիմնավորելու համար և ներկայացնի ստացված արդյունքը պարզ գիտական բառապաշարով.
- oգտվի պարզ թվային սարքերից, համակարգչային ծրագրերից, հավելվածներից, աջակցող սարքերից և սարքավորումներից, կարողանա օգտագործել դրանք.
- կարևորի սովորելը և ցուցաբերի հետաքրքրություն սովորելու նկատմամբ.
- ճանաչի տեղեկատվության աղբյուրների ու միջոցների բազմազանությունը.
- ճանաչի և համադրի տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները, կիրառի դրանք աշխարհաճանաչողության գործում.
- գտնի իր սխալները և քայլեր անի դրանք ինքնուրույն կամ աջակցությամբ ուղղելու համար.
- դրսևորի իր մտավոր և ֆիզիկական կարողությունները շարունակաբար զարգացնելու վարքագիծ:
Հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի սովորել սովորելու կարողունակության ձևավորմանը նպատակաուղղված վերջնարդյունքները.
-
իրականացնի չափումներ, կատարի մոտավոր ու ճշգրիտ հաշվարկներ և գնահատի արդյունքները՝ ընտրելով և օգտագործելով համապատասխան հասկացություններ, սկզբունքներ, նյութեր և սարքավորումներ.
-
որոշի խնդրի լուծման համար անհրաժեշտ տեղեկույթը, գտնի խնդիրների լուծման ստեղծագործ մոտեցումներ և համեմատի դրանք.
-
վերլուծի, գնահատի և առաջարկի դասակարգման, տարբերակման կամ խմբավորման չափանիշներ՝ ելնելով խնդրի պահանջից.
-
կիրառի տեքստային և գրաֆիկական խմբագրիչները, այդ թվում` աջակցող տեխնոլոգիաներ, կարողանա մշակել տվյալներ` օգտագործելով անհրաժեշտ թվային գործիքներ և ծրագրեր.
-
տիրապետի թվային տարածքում ապահով գտնվելու կանոններին, պահպանի օնլայն հաղորդակցության էթիկան,
-
տեղյակ լինի անձնական տվյալների գաղտնիության կանոններին և կիրառի դրանք, մեկնաբանի յուրաքանչյուր անձի անձնական տարածք (ֆիզիկական և հոգեբանական) ունենալու իրավունքն ու անհրաժեշտությունը.
-
կարողանա ստեղծել թվային տարածք և դրսևորել ծրագրավորման պարզ հմտություններ.
-
ցուցաբերի իր գործունեությունը պլանավորելու և ժամանակն արդյունավետ տնօրինելու կարողություններ.
-
բացատրի գիտելիքի կարևորությունը, սովորելիս դրսևորի կամք և վստահություն սեփական ուժերի նկատմամբ.
-
դրսևորի հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու կարողություն, ուրիշների հետ համատեղ կամ ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր.
-
գտնի և օգտագործի տեղեկույթ տարբեր աղբյուրներից, որոշի և բնութագրի աղբյուրի արժանահավատությունը և այն օգտագործելիս կատարի հղումներ.
-
արդյունավետ կազմակերպի իր ուսումնական գործընթացը և ավարտի աշխատանքներն առանց անմիջական վերահսկողության, կիրառի ինքնակրթության որոշ մեթոդներ.
-
ճանաչի իր ուժեղ ու թույլ կողմերը և դրսևորի ինքնազարգացմանը միտված վարքագիծ.
Հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի սովորել սովորելու կարողունակության ձևավորմանը նպատակաուղղված վերջնարդյունքները.
-
մշակի խնդիրների արդյունավետ լուծումներ՝ կազմելով, կիրառելով տարբեր բարդության ալգորիթմներ, տրամաբանական դատողություններ և ֆիզիկական մոդելներ.
-
առաջադրի հետազոտական հարցադրումներ և վարկածներ, պլանավորի և իրականացնի հետազոտություններ՝ առաջարկելով համապատասխան մեթոդներ և բարելավման եղանակներ։ Վերլուծի ստացված տվյալները առկա գիտելիքի և պատկերացումների համատեքստում, կատարի վերացարկումներ և ընդհանրացումներ.
-
կիրառի համալիր գիտելիք և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար.
-
ճանաչի և պահպանի ակադեմիական ազնվություն տեղեկության աղբյուրներն օգտագործելիս.
-
ստեղծագործաբար և պատասխանատու կերպով կիրառի տեղեկատվական և թվային սարքերը որպես ժամանակակից աշխատանքային գործիք, իսկ համացանցը՝ որպես ուսումնական, համագործակցային և աշխատանքային հարթակ.
-
ուսումնասիրի և ընդլայնի սեփական ուսումնառության և փորձառության հնարավորությունները` դրսևորելով շարունակական ինքնազարգացման վարքագիծ.
-
վերլուծի իր ուսումնառության գործընթացը, ընտրի ինքնակրթության մեթոդներ և գնահատի դրանց արդյունավետությունը.
-
քննադատաբար վերլուծի տեղեկատվությունը, հասկանա մեդիա ուղերձների ստեղծման գործընթացը,
-
տարբերակի կիրառվող մանիպուլյացիաները և քննարկի դրանց նպատակները.
-
ուրիշների հետ համագործակցելով և ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր՝ ձեռք բերած գիտելիքը կամ գործնական արդյունքը ներկայացնելով տարբեր միջոցներով.
-
կիրառի իր կրթական և աշխատանքային հնարավորությունները ինքնուրույն գործունեություն ծավալելու համար,
-
ուսումնասիրի և գնահատի իր՝ տարբեր մասնագիտությունների համար անհրաժեշտ գիտելիքներն ու կարողունակությունները, պատճառաբանված ընտրություն կատարի.
-
վերլուծի և գիտակցի տարբեր գործոնների ազդեցությունն իր անձի ձևավորման վրա.
Սովորել սովորելու կարողունակության զարգացմանն ուղղված բազմաթիվ վերջնարդյուքներից մեկի օրինակով ներկայացնենք, թե ինչպես են նույն նպատակին տանող վերջնարդյունքները տարբեր կրթական աստիճաններում ապահովում աստիճանական զարգացում:
Տարրական կրթական աստիճանում սովորել սովորելու կարողունակություն ձևավորող «Ճանաչի տեղեկատվության աղբյուրների ու միջոցների բազմազանությունը» վերջնարդյունքը հիմնական կրթական աստիճանի վերջնարդյունքում զարգանում է հետևյալ կերպ՝
«Գտնի և օգտագործի տեղեկույթ տարբեր աղբյուրներից, որոշի և բնութագրի աղբյուրի արժանահավատությունը և այն օգտագործելիս կատարի հղումներ»,
իսկ միջնակարգ կրթական աստիճանում ՝
«Կիրառի համալիր գիտելիք և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար»: