Ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակության ընդհանուր բնութագիրը
Կայք: | Elearning Kasa |
Դասընթաց: | ՀՊՉ ՈՒԹ ՀԻՄՆԱՐԱՐ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
Book: | Ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակության ընդհանուր բնութագիրը |
Printed by: | Guest user |
Date: | Thursday, 23 March 2023, 11:24 AM |
Ներածություն
Ոչ ոք չի կարող դատել ուրիշների մասին, քանի դեռ չի սովորել դատել ինքն իր մասին:
Ի. ԳՅՈԹԵ
«Ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն - Սովորողներն ընդունակ են ինքնանդրադարձման և ինքնակազմակերպման միջոցով ձգտել ինքնաճանաչման: Նրանք ձևավորում են վստահություն սեփական ուժերի և կյանքի հանդեպ և հաջողությամբ կառավարում են սեփական ժամանակը, գիտելիքներն ու հմտությունները, կարողանում են դրսևորել առողջ և անվտանգ կենսակերպ, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշում: Սովորողները դրսևորում են հարգանք, ազնվություն և պատասխանատվություն ինչպես սեփական անձի, այնպես էլ այլոց հանդեպ՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից, ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից: Նրանք սոցիալական հարաբերություններում գործում են կառուցողական և համերաշխ, դրսևորում են ընկերակցելու ունակություն և կոնֆլիկտների խաղաղ և համագործակցային կարգավորման հմտություններ։ Տարբեր մշակույթների, կրոնների, աշխարհայացքների և կյանքի կազմակերպման անհատական պատկերացումների հետ առնչվելու արդյունքում սովորողներն ընդունակ են ճանաչել դրանց տարբերությունները։»
Ինքնաճանաչումը լայն հասկացություն է, այն ներառում է սեփական զգացմունքների, մտքերի, հատկանիշների, շարժառիթների և կարողությունների գիտակցում: Ինքնաճանաչումը սեփական անձի հոգեկան, հուզական, ինտելեկտուալ, ֆիզիկական վարքագծի դրդապատճառների, դրսևորումների ուսումնասիրությունն է: Այն մի շարք հարցերի մշտական փնտրտուք է՝ «Ո՞վ եմ ես», «Ինչպիսի՞ն եմ ես», «Ի՞նչ եմ ուզում», «Ո՞րն է իմ գոյության իմաստը»: Անձի ինքնաճանաչումը բարդ համակարգ է, այն ներառում է մի շարք «ինքնա-բաղադրիչներ»` ինքնագիտակցում, ինքնադիտարկում, ինքնորոշում, ինքնարտահայտում, ինքնագնահատում, ինքնանդրադարձ, ինքնաիրացում, ինքնակազմակերպում, ինքնակատարելագործում և այլն: Ինքնաճանաչումը ինքնակատարելագործման առաջին քայլն է:
Ինքնագիտակցությունը աշխարհի մասին վստահելի գիտելիքների միակ աղբյուրն է, կարծում էր Ռ. Դեկարտը։ «Cogito ergo sum» («Ես կարծում եմ, հետևաբար ես գոյություն ունեմ»): Որպեսզի կարողանանք հնարավորինս արդյունավետ լինել, օգտվել մեր անձնային որակներից, կարողանանք լուծել մեր ներանձնային կոնֆլիկտները, կառուցել սեփական արժեհամակարգը և փոխհարաբերությունները, պետք է հնարավորինս լավ ճանաչենք մեզ:
Եվ այն պետք է սկսել վաղ մանկությունից: Ներքին Ես-ի գիտակցումը հետաքրքիր է նաև նրանով, որ անձը միաժամանակ հանդիսանում է ուսումնասիրման և՛ օբյեկտ և՛ սուբյեկտ:
Ինքնաճանաչումն ու ինքնագիտակցությունը նաև կարևոր նախապայման են արդյունավետ հաղորդակցվելու, իր և շրջապատողների զգացմունքներն ու դրանց դրսևորումները հասկանալու, համագործակցելու և սոցիալական որակյալ վարք դրսևորելու համար:
Այս ամենը բերում է ուրիշների կարծիքը լսելուն և հարգելուն, տարաձայնությունները խաղաղ կարգավորել կարողանալուն, փոխօգնության, փոխադարձ վստահության նշանակությունը գիտակցելուն: Համագործակցության վրա հիմնված ուսուցման արդյունքում անձը հասարակությունն ընկալում է որպես փոխկապակցված համակարգ, ոչ թե առանձին անհատների խումբ: Տեսնում է, որ այդ համակարգում յուրաքանչյուրի գործողություններն ազդում են մյուսների գործողությունների վրա և, համապատասխանաբար, ազդեցություն են կրում վերջիններիս գործողություններից:
Ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակության բնութագրիչները
Գիտելիք`
-
ճանաչել սեփական ֆիզիկական, մտավոր և հուզական հնարավորությունները,
-
ճանաչել սեփական ուժեղ ու թույլ կողմերը,
-
ճանաչել և համադրել տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները,
-
բացատրել կոնֆլիկտների ազդեցությունը միջանձնային և միջխմբային հարաբերությունների վրա,
Հմտություններ`
-
համադրել տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները, կիրառել դրանք աշխարհաճանաչողության գործում,
-
արտահայտել սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները,
-
գտնել սեփական սխալները և քայլեր անել դրանք ինքնուրույն կամ աջակցությամբ ուղղելու համար.
-
կիրառել կոնֆլիկների խաղաղ լուծման տարբեր ձևեր՝ ըստ անհրաժեշտության
-
պահպանել սեփական մարմնի խնամքի, հիգիենայի և անվտանգ վարքագծի կանոնները, դրսևորել առողջ ապրելակերպ.
-
վերահսկել սեփական զգացմունքները և ցանկությունները, նպատակներ դնել, մշակել դրանց հետևողականորեն հասնելու ուղիներ.
-
կիրառել սեփական կրթական և աշխատանքային հնարավորությունները ինքնուրույն գործունեություն ծավալելու համար, ուսումնասիրել և գնահատել ունեցած՝ տարբեր մասնագիտությունների համար անհրաժեշտ գիտելիքներն ու կարողությունները, պատճառաբանված ընտրություն կատարել.
Վերաբերմունք`
-
ընկերակցել, դրսևորել բաց և դրական վերաբերմունք այլոց հանդեպ, համագործակցել և հաղորդակցվել տարբեր ձևաչափերով, ակտիվորեն լսել և հարգանքով վերաբերվել այլ մարդկանց տեսակետներին և գաղափարներին,
-
կարողանալ հավասարակշռել և ներդաշնակել սեփական զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները, հակումները, ընդունել սեփական յուրահատկությունները,
-
ընդլայնել սեփական ուսումնառության և փորձառության հնարավորությունները` դրսևորելով շարունակական ինքնազարգացման վարքագիծ.
-
նախաձեռնել կամ ակտիվորեն ներգրավվել տարատեսակ հանրօգուտ միջոցառումներում՝ ըստ սեփական հետաքրքրությունների,
-
վերլուծել և գիտակցել տարբեր գործոնների ազդեցությունն սեփական անձի ձևավորման վրա.
Արժեք`
-
գիտակցել իր և յուրաքանչյուր անձի յուրահատուկ լինելը,
-
պահպանել հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասով, հարգել ուրիշ մարդկանց, ընկալել յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը,
-
կարևորել և ստեղծել ընկերական հարաբերություններ, լսել, հասկանալ, ապրումակցել, քաջալերել և աջակցել մյուսներին, համագործակցել տարբեր ձևաչափերով, դրսևորել դրական վերաբերմունք, ձգտել կոնֆլիկտների խաղաղ լուծմանը.
-
գնահատել և արժևորել իր և ուրիշների կարծիքն ու փաստարկները,
-
ցուցաբերել հանդուրժողականություն, ապրումակցում և մարդասիրություն.
-
կարևորել սեփական պատասխանատվությունը հասարակության մեջ սոցիալական արդարության մշակույթի ձևավորման գործում, ցուցաբերել հարգանք ցանկացած մարդու արժանապատվության, հիմնարար իրավունքների և ազատությունների հանդեպ:
Ինչո՞ւ է կարևոր ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակության ձևավորումը
Թերևս ինքնաճանաչման, ինքնագիտակցման գործընթացում միշտ չէ, որ կարող ենք հավանել այն, ինչ տեսնում ենք: Այնուամենայնիվ, մեր մասին իրականությանը համապատասխանող գիտելիքներ զարգացնելու համար կարևոր է դրականի հետ մեկտեղ բացասականն ընդունելը: Բացասական հույզերը բնական են և կարևոր նպատակ են հետապնդում՝ օգնելով մեզ ավելի լավ գիտակցել մեր շրջապատը: Օրինակ, վախը կարող է օգնել մեզ արձագանքել վտանգին, անհանգստությունը՝ սրել ուշադրությունը, ուժեղացնել զգայարանները, իսկ մեղքի զգացումը կարող է օգնել մեզ վերանայել անցյալի արարքները, որոնք կարող էին վնասակար լինել ուրիշների համար: Բացի այդ, բացասական հույզերը, ինչպիսիք են զայրույթը, հիասթափությունը, կարող են իրավիճակը փոխելու, բարելավելու դրդապատճառ դառնալ:
Ինքնաճանաչման հիմքը, որի վրա մենք պետք է կենտրոնանանք, սեփական ուժեղ և թույլ կողմերի իմացությունն ու գիտակցումն է: Փորձենք հասկանալ դրա կարևորությունը: Դիտարկենք երկու սցենար: Եկեք պատկերացնենք սովորողի, որը պատրաստվում է թեստ գրել: Ինքնաճանաչումը ուրվագծում է, թե նյութի որ մասն ինքը գիտի և որ մասի վրա դեռ պետք է նպատակաուղղված աշխատի: Եթե սովորողը կարծում է, որ ամեն ինչ գիտի, թեև այդպես չէ, նա թեստը լավ չի հանձնի: Եթե կարծում է, թե ոչինչ լավ չգիտի, թեև մի մասը այնուամենայնիվ գիտի, ապա ավելորդ անհանգստությունը կրկին չի թողնի, որ թեստը լավ հանձնի: Նման իրավիճակներում լավագույն տարբերակը իրականին մոտ ինքնագնահատական ունենալն է, ինչն օգնում է իրատեսորեն գնահատել իրավիճակը, ծանր ու թեթև անել սեփական կարողությունները, գիտակցել ուժեղ և թույլ կողմերը: Սա ինքնազարգացման և անձնային աճի կարևորագույն նախապայմանն է:
Փորձենք ՀՊՉ-ից այս կարողունակության զարգացմանն ուղղված բազմաթիվ վերջնարդյուքներից մեկի օրինակով, որն առնչվում է վերը նշվածին, տեսնել, թե ինչպես է նույն նպատակին տանող վերջնարդյունքները տարբեր կրթական աստիճաններում ապահովում աստիճանական զարգացում.
Տարրական ծրագիր՝ գտնի իր սխալները և քայլեր անի դրանք ինքնուրույն կամ աջակցությամբ ուղղելու համար.
Հիմնական ծրագիր՝ ճանաչի իր ուժեղ ու թույլ կողմերը և դրսևորի ինքնազարգացմանը միտված վարքագիծ.
Միջնակարգ ծրագիր՝ ուսումնասիրի և ընդլայնի սեփական ուսումնառության և փորձառության հնարավորությունները` դրսևորելով շարունակական ինքնազարգացման վարքագիծ:
Ինչպե՞ս գնահատել այս կարողունակության ձևավորումը
Եթե մեզ հարցնեն, թե ինչպես կարելի է գնահատել ինքնաճանաչումը, ինքնագնահատման կարողությունը, ինքնագիտակցությունը, մենք կդժվարանանք պատասխանել, բայց կարող ենք մատնանշել մեկին, ով ունի այդ կարողությունները: Երբեմն դա անում ենք ինտուիտիվ, սակայն կարելի է ավելի ճշգրիտ չափել, թե որքանով է անձը հասկանում իր ուժեղ և թույլ կողմերը:
Ստուգելու համար կարելի է սովորողներին տալ ինքնագնահատաման տարբեր հարցարաններ՝ խնդրելով գնահատել իրենց կարողությունները: Այդ հարցաթերթիկները կարող են վերաբերել սովորողների գործունեության տարբեր ոլորտներին՝ հուզակամային, մտածական, սոցիալական, ինքնասպասարկման և այլն: Սովորողների ինքնագնահատման արդյունքները կարող են մոտ լինել իրականությանը, նրանք կարող են ինչպես գերագնահատել, այնպես էլ թերագնահատել սեփական կարողությունները: Իրականին մոտ ինքնագնահատականը ինքնաճանաչման լավագույն արդյունքն է: Իրական ինքնագնահատականի ձևավորման հարցում մեծ դեր կարող է ունենալ ձևավորող գնահատումը, որում մեծ տեղ է տրվում ինքնագնահատմանն ու փոխադարձ գնահատմանը, բացի այդ ձևավորող գնահատման ողջ գործընթացում ուսուցիչների, ընկերների կողմից տրված հետադարձ կապը, ինչպես նաև աշխատանքում թույլ տված բացթողումների, սխալների վերլուծությունը մեծ հնարավորություն են տալիս գիտակցելու սեփական ուժերը, բացահայտելու բացթողումներն ու բարելավելու արդյունքները՝ ապահովելով անձնային աճ (ինքնակատարելագործում):
Տեսականորեն, աշակերտի փաստացի ինքնագնահատման և նրա «իրական» գնահատման միավորի միջև տարբերությունը հենց ապահովում է ինքնագիտակցության, ինքնաճանաչման չափանիշը (որտեղ ինքնագիտակցությունը սահմանվում է որպես սեփական ուժեղ և թույլ կողմերի գիտակցում):
Օրինակ բերենք մաթեմատիկայից. Պատկերացրեք, որ սովորողը մաթեմատիկայի թեստ է հանձնել: Ուսուցիչը խնդրել է նրան գուշակել, թե առաջադրանքների քանի տոկոսն է ճիշտ լուծել: Եթե սովորողը գուշակել է 60%-ը, ինչը համապատասխանում է իրականությանը, ապա դա վկայում է նրա՝ մաթեմատիկական ունակությունների իրական ինքնագնահատականի մասին: Եթե նա մտածեր, որ վաստակել է 100%, դա կարտացոլեր գերագնահատում: Եթե նա մտածեր, որ վաստակել է 50%, դա կարտացոլեր թերագնահատում:
Հետազոտությունները պարզել են՝ որքան ավելի իրականին մոտ ինքնագնահատական ունեն սովորողները, այնքան ավելի լավ են տիրապետում ակադեմիական գիտելիքներին և դրսևորում որակյալ սոցիալական վարք: Ցածր ինքնագնահատականը միջանձնային կոնֆլիկտների աղբյուր է համարվում: Ենթադրվում է, որ դժվարություններ ունեցող ագրեսիվ երեխաները, հասակակիցների հետ հարաբերվելիս, իրականում փորձում են այս կերպ փոխհատուցել ցածր ինքնագնահատականը: Շրջապատի հետ արդյունավետ հարաբերվելու անկյունաքարը իրական ինքնագնահատականն է: Եթե ուզում ենք, որ երեխաները սոցիալական որակյալ վարք և պատասխանատու վարքագիծ դրսևորեն, նաև ընկալունակ լինեն, մարդկանց զանազան խմբերի հանդեպ հարգանքի, հավասարության գիտակցում ունենան՝ անհրաժեշտ է սկսել ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակության քայլ առ քայլ զարգացումից:
Հասարակական բոլոր իրավիճակներում՝ լինի դա ընտանիքում, դպրոցում, աշխատավայրում թե արտաքին աշխարհում, միմյանց հետ հարաբերվել կարողանալը կենսական կարևորություն ունի մարդկանց համար: Միմյանց հետ հարաբերվելու հմտությունն աշակերտների մեջ հարկավոր է ձևավորել շարունակաբար` օրեցօր, ուսումնական տարվա ընթացքում, ներհյուսելով դպրոցական ողջ ծրագրում: