Ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակության ընդհանուր բնութագիրը

Ներածություն

Ոչ ոք չի կարող դատել ուրիշների մասին, քանի դեռ չի սովորել դատել ինքն իր մասին: 

Ի. ԳՅՈԹԵ

«Ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն - Սովորողներն ընդունակ են ինքնանդրադարձման և ինքնակազմակերպման միջոցով ձգտել ինքնաճանաչման: Նրանք ձևավորում են վստահություն սեփական ուժերի և կյանքի հանդեպ և հաջողությամբ կառավարում են սեփական ժամանակը, գիտելիքներն ու հմտությունները, կարողանում են դրսևորել առողջ և անվտանգ կենսակերպ, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշում: Սովորողները դրսևորում են հարգանք, ազնվություն և պատասխանատվություն ինչպես սեփական անձի, այնպես էլ այլոց հանդեպ՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից, ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից: Նրանք սոցիալական հարաբերություններում գործում են կառուցողական և համերաշխ, դրսևորում են ընկերակցելու ունակություն և կոնֆլիկտների խաղաղ և համագործակցային  կարգավորման հմտություններ։ Տարբեր մշակույթների, կրոնների, աշխարհայացքների և կյանքի կազմակերպման անհատական պատկերացումների հետ առնչվելու արդյունքում սովորողներն ընդունակ են ճանաչել դրանց տարբերությունները։» 

    

Ինքնաճանաչումը լայն հասկացություն է, այն ներառում է սեփական զգացմունքների, մտքերի, հատկանիշների, շարժառիթների և կարողությունների գիտակցում: Ինքնաճանաչումը սեփական անձի հոգեկան, հուզական, ինտելեկտուալ, ֆիզիկական վարքագծի դրդապատճառների, դրսևորումների ուսումնասիրությունն է: Այն մի շարք հարցերի մշտական փնտրտուք է՝ «Ո՞վ եմ ես»,  «Ինչպիսի՞ն եմ ես», «Ի՞նչ եմ ուզում», «Ո՞րն է իմ գոյության իմաստը»: Անձի ինքնաճանաչումը բարդ համակարգ է, այն ներառում է մի շարք «ինքնա-բաղադրիչներ»` ինքնագիտակցում, ինքնադիտարկում, ինքնորոշում, ինքնարտահայտում, ինքնագնահատում, ինքնանդրադարձ, ինքնաիրացում, ինքնակազմակերպում,  ինքնակատարելագործում և այլն: Ինքնաճանաչումը ինքնակատարելագործման առաջին քայլն է: 

Ինքնագիտակցությունը աշխարհի մասին վստահելի գիտելիքների միակ աղբյուրն է, կարծում էր Ռ. Դեկարտը։ «Cogito ergo sum» («Ես կարծում եմ, հետևաբար ես գոյություն ունեմ»): Որպեսզի կարողանանք հնարավորինս արդյունավետ լինել, օգտվել մեր անձնային որակներից, կարողանանք լուծել մեր ներանձնային կոնֆլիկտները, կառուցել սեփական արժեհամակարգը և փոխհարաբերությունները, պետք է հնարավորինս լավ ճանաչենք մեզ:

Եվ այն պետք է սկսել վաղ մանկությունից: Ներքին Ես-ի գիտակցումը հետաքրքիր է նաև նրանով, որ անձը միաժամանակ հանդիսանում է ուսումնասիրման և՛ օբյեկտ և՛ սուբյեկտ: 

Ինքնաճանաչումն ու ինքնագիտակցությունը նաև կարևոր նախապայման են արդյունավետ հաղորդակցվելու, իր և շրջապատողների զգացմունքներն ու դրանց դրսևորումները հասկանալու, համագործակցելու և սոցիալական որակյալ վարք դրսևորելու համար:


Այս ամենը բերում է ուրիշների կարծիքը լսելուն և հարգելուն, տարաձայնությունները խաղաղ կարգավորել կարողանալուն, փոխօգնության, փոխադարձ վստահության նշանակությունը գիտակցելուն: Համագործակցության վրա հիմնված ուսուցման արդյունքում անձը հասարակությունն ընկալում է որպես փոխկապակցված համակարգ, ոչ թե առանձին անհատների խումբ: Տեսնում է, որ այդ համակարգում յուրաքանչյուրի գործողություններն ազդում են մյուսների գործողությունների վրա և, համապատասխանաբար, ազդեցություն են կրում վերջիններիս գործողություններից: