Ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակության ընդհանուր բնութագիրը
Ինչո՞ւ է կարևոր ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակության ձևավորումը
Թերևս ինքնաճանաչման, ինքնագիտակցման գործընթացում միշտ չէ, որ կարող ենք հավանել այն, ինչ տեսնում ենք: Այնուամենայնիվ, մեր մասին իրականությանը համապատասխանող գիտելիքներ զարգացնելու համար կարևոր է դրականի հետ մեկտեղ բացասականն ընդունելը: Բացասական հույզերը բնական են և կարևոր նպատակ են հետապնդում՝ օգնելով մեզ ավելի լավ գիտակցել մեր շրջապատը: Օրինակ, վախը կարող է օգնել մեզ արձագանքել վտանգին, անհանգստությունը՝ սրել ուշադրությունը, ուժեղացնել զգայարանները, իսկ մեղքի զգացումը կարող է օգնել մեզ վերանայել անցյալի արարքները, որոնք կարող էին վնասակար լինել ուրիշների համար: Բացի այդ, բացասական հույզերը, ինչպիսիք են զայրույթը, հիասթափությունը, կարող են իրավիճակը փոխելու, բարելավելու դրդապատճառ դառնալ:
Ինքնաճանաչման հիմքը, որի վրա մենք պետք է կենտրոնանանք, սեփական ուժեղ և թույլ կողմերի իմացությունն ու գիտակցումն է: Փորձենք հասկանալ դրա կարևորությունը: Դիտարկենք երկու սցենար: Եկեք պատկերացնենք սովորողի, որը պատրաստվում է թեստ գրել: Ինքնաճանաչումը ուրվագծում է, թե նյութի որ մասն ինքը գիտի և որ մասի վրա դեռ պետք է նպատակաուղղված աշխատի: Եթե սովորողը կարծում է, որ ամեն ինչ գիտի, թեև այդպես չէ, նա թեստը լավ չի հանձնի: Եթե կարծում է, թե ոչինչ լավ չգիտի, թեև մի մասը այնուամենայնիվ գիտի, ապա ավելորդ անհանգստությունը կրկին չի թողնի, որ թեստը լավ հանձնի: Նման իրավիճակներում լավագույն տարբերակը իրականին մոտ ինքնագնահատական ունենալն է, ինչն օգնում է իրատեսորեն գնահատել իրավիճակը, ծանր ու թեթև անել սեփական կարողությունները, գիտակցել ուժեղ և թույլ կողմերը: Սա ինքնազարգացման և անձնային աճի կարևորագույն նախապայմանն է:
Փորձենք ՀՊՉ-ից այս կարողունակության զարգացմանն ուղղված բազմաթիվ վերջնարդյուքներից մեկի օրինակով, որն առնչվում է վերը նշվածին, տեսնել, թե ինչպես է նույն նպատակին տանող վերջնարդյունքները տարբեր կրթական աստիճաններում ապահովում աստիճանական զարգացում.
Տարրական ծրագիր՝ գտնի իր սխալները և քայլեր անի դրանք ինքնուրույն կամ աջակցությամբ ուղղելու համար.
Հիմնական ծրագիր՝ ճանաչի իր ուժեղ ու թույլ կողմերը և դրսևորի ինքնազարգացմանը միտված վարքագիծ.
Միջնակարգ ծրագիր՝ ուսումնասիրի և ընդլայնի սեփական ուսումնառության և փորձառության հնարավորությունները` դրսևորելով շարունակական ինքնազարգացման վարքագիծ: