Ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակության ընդհանուր բնութագիրը

Ինչպե՞ս գնահատել այս կարողունակության ձևավորումը

 Եթե մեզ հարցնեն, թե ինչպես կարելի է գնահատել ինքնաճանաչումը, ինքնագնահատման կարողությունը, ինքնագիտակցությունը, մենք կդժվարանանք պատասխանել, բայց կարող ենք մատնանշել մեկին, ով ունի այդ կարողությունները: Երբեմն դա անում ենք ինտուիտիվ, սակայն կարելի է ավելի ճշգրիտ չափել, թե որքանով է անձը հասկանում իր ուժեղ և թույլ կողմերը: 

 Ստուգելու համար կարելի է սովորողներին տալ ինքնագնահատաման տարբեր հարցարաններ՝ խնդրելով գնահատել իրենց կարողությունները: Այդ հարցաթերթիկները կարող են վերաբերել սովորողների գործունեության տարբեր ոլորտներին՝ հուզակամային, մտածական, սոցիալական, ինքնասպասարկման և այլն: Սովորողների ինքնագնահատման արդյունքները կարող են մոտ լինել իրականությանը, նրանք կարող են ինչպես գերագնահատել, այնպես էլ թերագնահատել սեփական կարողությունները: Իրականին մոտ ինքնագնահատականը ինքնաճանաչման լավագույն արդյունքն է: Իրական ինքնագնահատականի ձևավորման հարցում մեծ դեր կարող է ունենալ ձևավորող գնահատումը, որում մեծ տեղ է տրվում ինքնագնահատմանն ու փոխադարձ գնահատմանը, բացի այդ ձևավորող գնահատման ողջ գործընթացում ուսուցիչների, ընկերների կողմից տրված հետադարձ կապը, ինչպես նաև աշխատանքում թույլ տված բացթողումների, սխալների վերլուծությունը մեծ հնարավորություն են տալիս գիտակցելու սեփական ուժերը, բացահայտելու բացթողումներն ու բարելավելու արդյունքները՝ ապահովելով անձնային աճ (ինքնակատարելագործում): 

 Տեսականորեն, աշակերտի փաստացի ինքնագնահատման և նրա «իրական» գնահատման միավորի միջև տարբերությունը հենց ապահովում է ինքնագիտակցության, ինքնաճանաչման չափանիշը (որտեղ ինքնագիտակցությունը սահմանվում է որպես սեփական ուժեղ և թույլ կողմերի գիտակցում):

 Օրինակ բերենք մաթեմատիկայից. Պատկերացրեք, որ սովորողը մաթեմատիկայի թեստ է հանձնել: Ուսուցիչը խնդրել է նրան գուշակել, թե առաջադրանքների քանի տոկոսն է ճիշտ լուծել: Եթե ​​սովորողը գուշակել է 60%-ը, ինչը համապատասխանում է իրականությանը, ապա դա վկայում է նրա՝ մաթեմատիկական ունակությունների իրական ինքնագնահատականի մասին: Եթե ​​նա մտածեր, որ վաստակել է 100%, դա կարտացոլեր գերագնահատում: Եթե ​​նա մտածեր, որ վաստակել է 50%, դա կարտացոլեր թերագնահատում:

 Հետազոտությունները պարզել են՝  որքան ավելի իրականին մոտ ինքնագնահատական ունեն  սովորողները, այնքան  ավելի լավ են տիրապետում ակադեմիական գիտելիքներին և դրսևորում որակյալ սոցիալական վարք:  Ցածր ինքնագնահատականը միջանձնային կոնֆլիկտների աղբյուր է համարվում: Ենթադրվում է, որ դժվարություններ ունեցող ագրեսիվ երեխաները, հասակակիցների հետ հարաբերվելիս, իրականում փորձում են այս կերպ փոխհատուցել ցածր ինքնագնահատականը: Շրջապատի հետ արդյունավետ հարաբերվելու անկյունաքարը իրական ինքնագնահատականն է: Եթե ուզում ենք, որ երեխաները սոցիալական որակյալ վարք և պատասխանատու վարքագիծ դրսևորեն, նաև ընկալունակ լինեն, մարդկանց զանազան խմբերի հանդեպ հարգանքի, հավասարության գիտակցում ունենան՝ անհրաժեշտ է սկսել ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակության քայլ առ քայլ զարգացումից:

Հասարակական բոլոր իրավիճակներում՝ լինի դա ընտանիքում, դպրոցում, աշխատավայրում թե արտաքին աշխարհում, միմյանց հետ հարաբերվել կարողանալը կենսական կարևորություն ունի մարդկանց համար: Միմյանց հետ հարաբերվելու հմտությունն աշակերտների մեջ հարկավոր է ձևավորել շարունակաբար` օրեցօր, ուսումնական տարվա ընթացքում, ներհյուսելով դպրոցական ողջ ծրագրում: