Մշակութային կարողունակություն

Կայք: Elearning Kasa
Դասընթաց: ՀՊՉ ՈՒԹ ՀԻՄՆԱՐԱՐ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Book: Մշակութային կարողունակություն
Printed by: Guest user
Date: Thursday, 23 March 2023, 12:53 PM

Մշակութային կարողունակություն ընդհանուր բնութագիրը

Հանրակրթական պետական չափորոշչում մշակութային կարողունակությունը ներկայացվում է հետևյալ կերպ՝

  • Սովորողները ճանաչում են հայ մշակույթն ու մարդկային քաղաքակրթությունների մշակութային բաղադրիչները՝ որպես մարդկային զգացմունքների և գործողությունների կողմնորոշիչներ։
  • Նրանք արժևորում են սեփական ինքնությունը, ընտանիքի, համայնքի և պետության դերը, ունեն Հայաստանի աշխարհագրության, հասարակական-քաղաքական համակարգի և պատմության հիմնարար իմացություն:
  • Աշակերտները ձևավորում են սեփական նախասիրություններ ազգային և համաշխարհային մշակութային ժամանակաշրջանների ուսումնասիրության ընթացքում։
  • Նրանք ի վիճակի են զարգացնել սեփական մշակութային ու գեղագիտական պատկերացումները՝ արժևորելով հոգևոր և նյութական ժառանգությունն ու մշակութային բազմազանությունը, ճանաչելով հայ և համաշխարհային գրականությունն ու արվեստը և ձևավորելով մշակութային գրագիտություն և ճաշակ: 
    (ՀՊՉ 2021, (II, 3-րդ կետ) https://www.arlis.am/documentview.aspx?docid=149788 )

Հանրակրթական դպրոցներում դասավանդվող բոլոր առարկաներն այս կամ այն չափով առնչվում են մշակույթի տարրերի և գործառույթների ուսումնասիրմանը, ձևավորելով համապատասխան գիտելիքներ, հմտություններ, դիրքորոշումներ և արժեքներ։ Առավել վառ արտահայտված և ուղղորդված մշակութային կրթություն իրականացվում է «Արվեստ- արհեստ» բնագավառի առարկաների շրջանակներում։

«Արվեստ և արհեստ» ուսումնական բնագավառի առարկայախմբի բովանդակային տիրույթն ապահովում է գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության միջոցով անձի մտավոր և ստեղծագործական կարողությունների բացահայտմանն ու զարգացմանն ուղղված շարունակական գործընթաց, որն իրականացվում է միջառարկայական կապերի ակտիվ ներգրավմամբ, արվեստի տարբեր տեսակներին հաղորդակցվելու, ինքնուրույն գեղարվեստական-ստեղծագործական գործունեություն ծավալելու միջոցով: Նպատակ է դրվում 12-ամյա միջնակարգ կրթության շրջանակներում և այլընտրանքային հայեցակարգերով գործող դպրոցների առկայության պայմաններում ապահովել արվեստի հավասարապես հասանելի, ներառական և որակյալ ուսուցում, Հանրակրթության պետական չափորոշիչով (ՀՊՉ) սահմանված կարողունակություններին համապատասխան՝ ուսումնական միատեսակ վերջնական արդյունք՝ սովորողների` ստեղծագործական գաղափարների մշակման, ստեղծագործական գործունեության, դրա ընկալման և մատուցման, արվեստի ստեղծագործություններին գրագետ արձագանքելու և դրանք իմաստավորելու միջոցով:

Հանրակրթական դպրոցում «Արվեստ-արհեստ» ուսումնական բնագավառը տարրական, միջին և ավագ դպրոցներում ներկայացված է «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Պար», «Թատրոն» և «Դեկորատիվ-կիրառական արվեստ» առանձին կամ ինտեգրված դասընթացներով:

Մշակութային կարողունակության նկարագրիչները

Գիտելիք՝

  • Ստեղծագործական տարբեր ժանրեր և ոճեր։
  • Տարբեր ժամանակաշրջանների, ազգերի և մշակութային-գաղափարային խմբերի արժեքները, դրանց ազդեցությունն ու արտացոլումը տեղական և համաշխարհային մշակույթում։
  • Ազգային մշակույթը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դրա առանձնահատկությունները և ներդրումը համաշխարհային մշակույթում։
  • Տարբեր ժամանակաշրջանների հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումների փոխկապակցվածությունը։
  • Տարբեր կրոնական ավանդույթներում առկա ընդհանրություններն ու տարբերությունները։
  • Տարբեր մշակույթներ, մասնավորապես՝ արժեքներ, սովորույթներ և հմտություններ, որոնք հատուկ են այդ մշակույթներին։

Հմտություններ

  • Արվեստի որոշ տեսակներում կատարել ստեղծագործական աշխատանքներ։
  • Արվեստի միջոցով ստեղծագործաբար արտահայտել սեփական գաղափարները։
  • Մշակել և իրականացնել մշակութային նախագծեր։
  • Քննադատաբար անդրադառնալ իր սեփական աշխարհայացքին՝ որպես բազմաթիվ աշխարհայացքներից մեկին։
  • Քննադատաբար անդրադառնալ, թե ժամանակի ընթացքում ինչպես է գաղափարը զարգացել տարբեր մշակույթներում տարբեր ձևերով:
  • Հարմարվել տարբեր մշակութային պատկանելիություն ունեցող անձնանց հանդիպելիս և շփվելիս։
  • Վերլուծել այլ մշակույթներում առկա տարբեր տեսակետներ։
  • Արտահայտել, հիմնավորել և պաշտպանել սեփական տեսակետը և դիրքորոշումը։


Վերաբերմունք

  • Արտահայտել կամ վիճարկել սեփական գաղափարները և արժեքները։
  • Ցուցաբերել հարգանք և հետաքրքրություն տարբեր մշակույթների նկատմամբ։
  • Փնտրել ընդհանուր եզրեր իրենից գաղափարապես և արժեքային համակարգով տարբեր մարդկանց հետ քննարկումներ իրականացնելիս։
  • Արտահայտել հետաքրքրասիրություն այլ հավատալիքների, մեկնաբանությունների և մշակութային այլ կողմնորոշումների ու պատկանելիության նկատմամբ։
  • Ցուցաբերել տարբեր մշակութային պատկանելիություն ունեցող մարդկանց հետ աշխատելու հետաքրքրություն։
  • Ողջունել տարբեր արժեքներ, սովորույթներ և վարքագիծ ունեցող մարդկանց հանդիպելու հնարավորությունները։
  • Կարևորել իր՝ հայկական և համաշխարհային պատմամշակութային արժեքների ժառանգորդ լինելը և ցուցաբերել պատասխանատու վերաբերմունք դրանց պահպանման գործում։


Արժեք

  • Մշակութային ընկալում և արժևորում։
  • Արտահայտել այն կարծիքը, որ հասարակության մեջ մշակութային տարբերությունը պետք է դրականորեն արժևորվի և գնահատվի:
  • Արժևորել միջմշակութային երկխոսությունը:
  • Ներկայացնել հայ մշակույթի տեղն ու դերը համաշխարհային մշակույթում և համաշխարհային մշակույթի դերը համամարդկային արժեքների համատեքստում։

Մշակութային կարողունակությունը ձևավորող վերջնարդյունքները

Հանրակրթության պետական չափորոշչով (ՀՊՉ) սահմանված կարողունակությունները ձևավորելու նպատակով սահմանված են համապատասխան վերջնարդյունքներ:

Հանրակրթական տարրական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները․

  • դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն, և կարողանա անդրադառնալ ու արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին.
  • ճանաչի իր հայրենիքը, ներկայացնի տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին.
  • ճանաչի և հարգի ՀՀ պետական խորհրդանիշները և ներկայացնի պետական և ավանդական տոների հիմնական բովանդակությունը.
  • ճանաչի և հոգատար վերաբերմունք ցուցաբերի իր բնակավայրի և համայնքի բնության և պատմամշակութային ժառանգության օբյեկտների հանդեպ.
  • ճանաչի և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները,
  • ճանաչի իր ընտանեկան, ազգային և քաղաքացիական պատկանելիությունը.
  • ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք.
  • զբաղվի անհատական կամ խմբային գեղարվեստական գործունեությամբ:

Հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները․

  • ընկերակցի, դրսևորի բաց և դրական վերաբերմունք այլոց հանդեպ, համագործակցի և հաղորդակցվի տարբեր ձևաչափերով, ակտիվորեն լսի և հարգանքով վերաբերվի այլ մարդկանց տեսակետներին և գաղափարներին.
  • կարողանա հավասարակշռել և ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները, հակումները, ընդունել սեփական յուրահատկությունները.
  • ցուցաբերի հանդուրժողականություն, ապրումակցում և մարդասիրություն.
  • դրսևորի մշակութային ընկալման և արժևորման կարողություններ, արվեստի որոշ տեսակներում ստեղծագործական աշխատանքներ կատարելու ունակություններ և հմտություններ.
  • ճանաչի ստեղծագործական տարբեր ժանրեր և ոճեր, արվեստի միջոցով ստեղծագործաբար արտահայտի իր գաղափարները և հույզերը.
  • ճանաչի տարբեր ժամանակաշրջանների, ազգերի և մշակութային-գաղափարային խմբերի արժեքները, բացատրի դրանց ազդեցությունն ու արտացոլումը տեղական և համաշխարհային մշակույթի մեջ.
  • ճանաչի և արժևորի իր ազգային մշակույթը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դրա առանձնահատկությունները և ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ:

Հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները․

  • քննարկի, հայտնի դիրքորոշում և կատարի գիտակցված ընտրություն աշխարհաճանաչողության ձևերի վերաբերյալ.
  • ճանաչի և պահպանի ակադեմիական ազնվություն տեղեկության աղբյուրներն օգտագործելիս.
  • ցուցաբերի հարգանք և անաչառ, անհատական ու ինքնագիտակից մոտեցում ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների վերաբերյալ՝ դիտարկելով դրանք մարդու իրավունքների և այլ անձանց նկատմամբ հարգանքի տեսանկյունից.
  • դրսևորի հարգալից և հոգատար վերաբերմունք ազգային և համաշխարհային արվեստի արժեքների նկատմամբ, ցուցաբերի մշակույթի իմացություն և դրա հետ հաղորդակցվելու ձգտում.
  • ներկայացնի հայ մշակույթի տեղն ու դերը համաշխարհային մշակույթում և համաշխարհային մշակույթի դերը համամարդկային արժեքների համատեքստում.
  • կարևորի իր՝ հայկական և համաշխարհային պատմամշակութային արժեքների ժառանգորդ լինելը և ցուցաբերի պատասխանատու վերաբերմունք դրանց պահպանման գործում:

Փորձենք ՀՊՉ-ից այս կարողունակության զարգացմանն ուղղված բազմաթիվ վերջնարդյուքներից մեկի օրինակով տեսնել, թե ինչպես են նույն նպատակին տանող վերջնարդյունքները տարբեր կրթական աստիճաններում ապահովում աստիճանական զարգացում.

Օրինակ՝

Տարրական ծրագիր՝ ճանաչի իր ընտանեկան, ազգային և քաղաքացիական պատկանելիությունը, ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք։

Հիմնական ծրագիր՝ ճանաչի տարբեր ժամանակաշրջանների, ազգերի և մշակութային-գաղափարային խմբերի արժեքները, բացատրի դրանց ազդեցությունն ու արտացոլումը տեղական և համաշխարհային մշակույթի մեջ։

Միջնակարգ ծրագիր՝ ներկայացնի հայ մշակույթի տեղն ու դերը համաշխարհային մշակույթում և համաշխարհային մշակույթի դերը համամարդկային արժեքների համատեքստում։

Մշակութային կարողունակության ձևավորման և զարգացման մեթոդական մոտեցումներ

 Մշակութային կարողունակությունների ձևավորումը հանրակրթական ծրագրի տարրական, հիմնական և միջնակարգ աստիճաններում առավել արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ մեթոդական մոտեցումներով.

  • Որպես մշակութային կարողունակությունները ձևավորող վերջնարդյունքների իրականացման հարթակ կարող է հանդես գալ միջառարկայական կապերի լայն կիրառումը, հատկապես «Կերպարվեստ», «Երաժշտություն», «Գրականություն», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն» «Հասարակագիտություն» առարկաների դասավանդման գործընթացում:
  • Որպես դասավանդման արդյունավետ մեթոդներ կարող են ծառայել գործնական, հետազոտական աշխատանքները, ուսումնական նախագծերը, մշակութային և միջմշակութային բովանդակության տարբեր միջոցառումները, խաղերը, բանավեճերը և այլն:
  • Գնահատման գործիքներից գերակայությունը պետք է տալ ձևավորող գնահատմանը (պորտֆոլիոներ, ցուցահանդեսներ, ներկայացումներ և այլն), իսկ միավորային գնահատումը պետք է իրականացնել համապատասխան ուսումնական վերջնարդյունքները կրող ուսումնական առարկաների բովանդակության ամփոփիչ գնահատման համատեքստում: