Մշակութային կարողունակություն

Մշակութային կարողունակություն ընդհանուր բնութագիրը

Հանրակրթական պետական չափորոշչում մշակութային կարողունակությունը ներկայացվում է հետևյալ կերպ՝

  • Սովորողները ճանաչում են հայ մշակույթն ու մարդկային քաղաքակրթությունների մշակութային բաղադրիչները՝ որպես մարդկային զգացմունքների և գործողությունների կողմնորոշիչներ։
  • Նրանք արժևորում են սեփական ինքնությունը, ընտանիքի, համայնքի և պետության դերը, ունեն Հայաստանի աշխարհագրության, հասարակական-քաղաքական համակարգի և պատմության հիմնարար իմացություն:
  • Աշակերտները ձևավորում են սեփական նախասիրություններ ազգային և համաշխարհային մշակութային ժամանակաշրջանների ուսումնասիրության ընթացքում։
  • Նրանք ի վիճակի են զարգացնել սեփական մշակութային ու գեղագիտական պատկերացումները՝ արժևորելով հոգևոր և նյութական ժառանգությունն ու մշակութային բազմազանությունը, ճանաչելով հայ և համաշխարհային գրականությունն ու արվեստը և ձևավորելով մշակութային գրագիտություն և ճաշակ: 
    (ՀՊՉ 2021, (II, 3-րդ կետ) https://www.arlis.am/documentview.aspx?docid=149788 )

Հանրակրթական դպրոցներում դասավանդվող բոլոր առարկաներն այս կամ այն չափով առնչվում են մշակույթի տարրերի և գործառույթների ուսումնասիրմանը, ձևավորելով համապատասխան գիտելիքներ, հմտություններ, դիրքորոշումներ և արժեքներ։ Առավել վառ արտահայտված և ուղղորդված մշակութային կրթություն իրականացվում է «Արվեստ- արհեստ» բնագավառի առարկաների շրջանակներում։

«Արվեստ և արհեստ» ուսումնական բնագավառի առարկայախմբի բովանդակային տիրույթն ապահովում է գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության միջոցով անձի մտավոր և ստեղծագործական կարողությունների բացահայտմանն ու զարգացմանն ուղղված շարունակական գործընթաց, որն իրականացվում է միջառարկայական կապերի ակտիվ ներգրավմամբ, արվեստի տարբեր տեսակներին հաղորդակցվելու, ինքնուրույն գեղարվեստական-ստեղծագործական գործունեություն ծավալելու միջոցով: Նպատակ է դրվում 12-ամյա միջնակարգ կրթության շրջանակներում և այլընտրանքային հայեցակարգերով գործող դպրոցների առկայության պայմաններում ապահովել արվեստի հավասարապես հասանելի, ներառական և որակյալ ուսուցում, Հանրակրթության պետական չափորոշիչով (ՀՊՉ) սահմանված կարողունակություններին համապատասխան՝ ուսումնական միատեսակ վերջնական արդյունք՝ սովորողների` ստեղծագործական գաղափարների մշակման, ստեղծագործական գործունեության, դրա ընկալման և մատուցման, արվեստի ստեղծագործություններին գրագետ արձագանքելու և դրանք իմաստավորելու միջոցով:

Հանրակրթական դպրոցում «Արվեստ-արհեստ» ուսումնական բնագավառը տարրական, միջին և ավագ դպրոցներում ներկայացված է «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Պար», «Թատրոն» և «Դեկորատիվ-կիրառական արվեստ» առանձին կամ ինտեգրված դասընթացներով: