Մշակութային կարողունակություն
Մշակութային կարողունակությունը ձևավորող վերջնարդյունքները
Հանրակրթության պետական չափորոշչով (ՀՊՉ) սահմանված կարողունակությունները ձևավորելու նպատակով սահմանված են համապատասխան վերջնարդյունքներ:
Հանրակրթական տարրական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները․
- դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն, և կարողանա անդրադառնալ ու արձագանքել սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին.
- ճանաչի իր հայրենիքը, ներկայացնի տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին.
- ճանաչի և հարգի ՀՀ պետական խորհրդանիշները և ներկայացնի պետական և ավանդական տոների հիմնական բովանդակությունը.
- ճանաչի և հոգատար վերաբերմունք ցուցաբերի իր բնակավայրի և համայնքի բնության և պատմամշակութային ժառանգության օբյեկտների հանդեպ.
- ճանաչի և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները,
- ճանաչի իր ընտանեկան, ազգային և քաղաքացիական պատկանելիությունը.
- ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք.
- զբաղվի անհատական կամ խմբային գեղարվեստական գործունեությամբ:
Հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները․
- ընկերակցի, դրսևորի բաց և դրական վերաբերմունք այլոց հանդեպ, համագործակցի և հաղորդակցվի տարբեր ձևաչափերով, ակտիվորեն լսի և հարգանքով վերաբերվի այլ մարդկանց տեսակետներին և գաղափարներին.
- կարողանա հավասարակշռել և ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները, հակումները, ընդունել սեփական յուրահատկությունները.
- ցուցաբերի հանդուրժողականություն, ապրումակցում և մարդասիրություն.
- դրսևորի մշակութային ընկալման և արժևորման կարողություններ, արվեստի որոշ տեսակներում ստեղծագործական աշխատանքներ կատարելու ունակություններ և հմտություններ.
- ճանաչի ստեղծագործական տարբեր ժանրեր և ոճեր, արվեստի միջոցով ստեղծագործաբար արտահայտի իր գաղափարները և հույզերը.
- ճանաչի տարբեր ժամանակաշրջանների, ազգերի և մշակութային-գաղափարային խմբերի արժեքները, բացատրի դրանց ազդեցությունն ու արտացոլումը տեղական և համաշխարհային մշակույթի մեջ.
- ճանաչի և արժևորի իր ազգային մշակույթը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դրա առանձնահատկությունները և ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ:
Հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները․
- քննարկի, հայտնի դիրքորոշում և կատարի գիտակցված ընտրություն աշխարհաճանաչողության ձևերի վերաբերյալ.
- ճանաչի և պահպանի ակադեմիական ազնվություն տեղեկության աղբյուրներն օգտագործելիս.
- ցուցաբերի հարգանք և անաչառ, անհատական ու ինքնագիտակից մոտեցում ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների վերաբերյալ՝ դիտարկելով դրանք մարդու իրավունքների և այլ անձանց նկատմամբ հարգանքի տեսանկյունից.
- դրսևորի հարգալից և հոգատար վերաբերմունք ազգային և համաշխարհային արվեստի արժեքների նկատմամբ, ցուցաբերի մշակույթի իմացություն և դրա հետ հաղորդակցվելու ձգտում.
- ներկայացնի հայ մշակույթի տեղն ու դերը համաշխարհային մշակույթում և համաշխարհային մշակույթի դերը համամարդկային արժեքների համատեքստում.
- կարևորի իր՝ հայկական և համաշխարհային պատմամշակութային արժեքների ժառանգորդ լինելը և ցուցաբերի պատասխանատու վերաբերմունք դրանց պահպանման գործում:
Փորձենք ՀՊՉ-ից այս կարողունակության զարգացմանն ուղղված բազմաթիվ վերջնարդյուքներից մեկի օրինակով տեսնել, թե ինչպես են նույն նպատակին տանող վերջնարդյունքները տարբեր կրթական աստիճաններում ապահովում աստիճանական զարգացում.
Օրինակ՝
Տարրական ծրագիր՝ ճանաչի իր ընտանեկան, ազգային և քաղաքացիական պատկանելիությունը, ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք։
Հիմնական ծրագիր՝ ճանաչի տարբեր ժամանակաշրջանների, ազգերի և մշակութային-գաղափարային խմբերի արժեքները, բացատրի դրանց ազդեցությունն ու արտացոլումը տեղական և համաշխարհային մշակույթի մեջ։
Միջնակարգ ծրագիր՝ ներկայացնի հայ մշակույթի տեղն ու դերը համաշխարհային մշակույթում և համաշխարհային մշակույթի դերը համամարդկային արժեքների համատեքստում։