Տնտեսական կարողունակությունը

Կայք: Elearning Kasa
Դասընթաց: ՀՊՉ ՈՒԹ ՀԻՄՆԱՐԱՐ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Book: Տնտեսական կարողունակությունը
Printed by: Guest user
Date: Thursday, 23 March 2023, 11:19 AM

Ներածություն

Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված 8 կարողունակություններից է տնտեսական կարողունակությունը:
Հանրակրթական պետական չափորոշչում տնտեսական կարողունակությունը ներկայացվում է հետևյալ կերպ. «աշակերտները համարժեք վերլուծում և գնահատում են մասնավոր ձեռնարկատիրության, ժողովրդական տնտեսության և համաշխարհային տնտեսական մակարդակներում տեղի ունեցող տնտեսական գործընթացները և պետության դերը տնտեսության մեջ, ինչպես նաև այդ գործընթացներում ճանաչում, գնահատում և արժևորում են կնոջ և տղամարդու ունեցած դերը։ Նրանք հասկանում են հասարակության, տնտեսության և քաղաքականության միջև եղած փոխազդեցությունները։ Աշակերտներն ընկալում են տնտեսական և հասարակական կարգերն ու ճանաչում են բնության և հասարակության փոխազդեցությունները, ինչպես նաև կայուն զարգացման ու շրջակա միջավայրի պահպանության գործում սեփական դերն ու պատասխանատվությունը»:

Հայաստանում սոցիալական զարգացման, սոցիալ-տնտեսական վերափոխումների իրավիճակի վերլուծությունը վկայում է, որ հասարակությունը տնտեսական ոլորտում իր ունեցած գիտելիքների և փորձի օգտագործման, աշխատաշուկայում իր կարողությունների նպատակային իրացման կարիք ունի: Միաժամանակ, ձևավորվել է հանրակրթական ծրագրերում տնտեսական գիտելիքների ներառման հանրային և պետական պահանջարկ, ինչը պայմանավորված է բազմակողմանի տնտեսական կարողություններ ունեցող շրջանավարտներ կրթելու քաղաքականության շարունակական դրսևորումներով: Այս խնդիրը Հայաստանի հանրակրթության ոլորտում ներկայանում է և՛ ֆորմալ կրթական ծրագրերի վերափոխումներով, և՛ առավել մոբիլ՝ կրթական ոչ ֆորմալ ծրագրերով ու ուսուցման տեխնոլոգիաներով:

Ներկայումս մանկավարժության, մանկավարժական հոգեբանության, կրթության սոցիոլոգիայի ոլորտում չափորոշիչները կառուցվում են կարողունակ աշխատողի ձևավորման խնդրի լուծման շուրջ, որտեղ կարողունակությունը դիտարկվում է որպես ապագա մասնագետի անհատականության հատկանիշ, որի ձևավորվումը սկսվում է հանրակրթական ծրագրի շրջանակում՝ ընդգրկելով տարրական, հիմնական և միջնակարգ կրթական աստիճանները:

Այսպիսի մոտեցման պարագայում տնտեսական կարողունակության նպատակի ձևավորման գործիքակազմ են համարվում մետակրթական կառուցվածքները, սովորողի մոտ առարկայական չափորոշիչների հիման վրա ձևավորված գիտելիքները, հմտությունները, դիրքորոշումը և արժեքները, ինչպես նաև սոցիալական և նախամասնագիտական ​​որակները:

Տնտեսական կարողունակության նկարագրիչները

Գիտելիք՝

  • բազային ֆինանսական գրագիտություն (ֆինանսական հասկացությունների և ռիսկերի իմացությունն ու ընկալում),
  • ինչպես է աշխատում տնտեսությունը,
  • սոցիալական և տնտեսական առկա հնարավորությունները և մարտահրավերներ,
  • հասարակության առջև ծառացած խնդիրները տեղական, ազգային, միջազգային, գլոբալ մակարդակում,
  • ֆինանսապես գրագիտություն՝ անձնական ֆինանսների, խնայողությունների, ներդրումների և փոխառությունների կառավարում,
  • աշխատաշուկայի գործունեության սկզբունքների իմացություն,
  • աշխատանքի էթիկայի սկզբունքների իմացություն,
  • կայուն զարգացման հիմնախնդիրների իմացություն, գլոբալ փոխկապակցվածության գիտակցում:

Հմտություն՝

  • ֆինանսական որոշումներ կայացնելու հետ կապված ուղենիշերի տիրապետում և օգտագործում,
  • գաղափարից արժեք ստեղծող գործունեության վերածություն, իրականացում,
  • ֆինանսական գործունեության արդյունքների գնահատում,
  • արդյունավետ հաղորդակցում և բանակցում,
  • անորոշության, ռիսկերի կառավարում՝ հիմնավորված որոշումներ կայացնելու համար,
  • ֆինանսական համատեքստերում արդյունավետ որոշումների կայացում՝ անհատների և հասարակության ֆինանսական բարեկեցությունը բարելավելու համար:

Վերաբերմունք/արժեք

  • կարեկցանք և հոգատարություն մարդկանց և աշխարհի նկատմամբ,
  • պատասխանատու և բարոյական լինելու դիրքորոշում,
  • բնության և մարդու գործունեության փոխկապակցվածության ըմբռնում:
  • կայուն զարգացման անհրաժեշտության կարևորում մարդ-բնություն-տնտեսություն փոխհարաբերությունների ներդաշնակ զարգացման համատեքստում,
  • մարդկանց պատասխանատվությունը և կրթության դերը կայուն զարգացման ռազմավարության գիտակցման գործում։

Տնտեսական կարողունակությունը ձևավորող վերջնարդյունքները

Հանրակրթության պետական չափորոշչով (ՀՊՉ) սահմանված կարողունակությունները (այդ թվում նաև տնտեսական) ձևավորելու նպատակով սահմանված են համապատասխան վերջնարդյունքներ:

Հանրակրթական տարրական ծրագրի շրջանավարտի ուսումնառության արդյունքում տնտեսական կարողունակությունների ձևավորման ակնկալվող վերջնարդյունքները ըստ հանրակրթության պետական չափորոշիչի.

  1. կատարի պարզ ֆինանսական գործողություններ՝ վերլուծելով իրավիճակը և հաշվի առնելով գումարը, ժամանակը և այլ ռեսուրսներն ու դրանք խնայելու, անվտանգ օգտագործելու կարևորությունը,
  2. ճանաչի և բերի ձեռնարկատիրական գործունեության օրինակներ,
  3. կարևորի աշխատանքը, ճանաչի տարբեր մասնագիտություններ և զբաղմունքներ, ըստ մասնագիտության աշխատանքային գործիքները և գործառույթները:

Հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության արդյունքում տնտեսական կարողունակությունների ձևավորման ակնկալվող վերջնարդյունքները ըստ հանրակրթության պետական չափորոշիչի.

  1. կարողանա մասնակցել Հայաստանի հիմնախնդիրների քննարկմանը՝ օգտագործելով պատմության, բնության, բնակչության, պետության և տնտեսության մասին ունեցած համապատասխան գիտելիքները,
  2. նկարագրի բնության, բնակչության և տնտեսության միջև եղած փոխադարձ կապերը և դրանց արդյունքում ձևավորված համակարգերը,
  3. նկարագրի կայուն զարգացման էությունը, հիմնական գաղափարները ու դրանց փոխադարձ կապերը,
  4. կարևորի անձնական, ընտանեկան և համայնքային բյուջեի կառավարումը և վերահսկողությունը՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը։ Բացատրի խնայողությունների և պարտքի դերն ու արդյունավետ կիրառելու մոտեցումները,
  5. վերլուծելով ֆինանսական տեղեկությունը՝ կարողանա համեմատել ֆինանսական ծառայություններ և կազմակերպություններ։ Ճանաչի ֆինանսական ոլորտում քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները,
  6. տարբերի ձեռնարկատիրական գործունեության տեսակները և իրականացման ձևերը, նկարագրի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և սկզբունքների կիրառման անհրաժեշտությունը բիզնես գործունեության մեջ,
  7. ցուցաբերի իր գործունեությունը պլանավորելու և ժամանակն արդյունավետ տնօրինելու կարողություններ:

Հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության արդյունքում տնտեսական կարողունակությունների ձեվավորման ակնկալվող վերջնարդյունքները ըստ հանրակրթության պետական չափորոշիչի.

  1. բացատրի տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնի տեխնոլոգիական ձեռքբերումները որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցի դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար,
  2. առաջադրի հետազոտական հարցադրումներ և վարկածներ, պլանավորի և իրականացնի հետազոտություններ՝ առաջարկելով համապատասխան մեթոդներ և բարելավման եղանակներ։ վերլուծի ստացված տվյալները առկա գիտելիքի և պատկերացումների համատեքստում, կատարի վերացարկումներ և ընդհանրացումներ,
  3. վերլուծի Հայաստանի Հանրապետության արդի հիմնախնդիրները և մարտահրավերները տեղական, տարածաշրջանային և գլոբալ համատեքստում, արձագանքի դրանց որպես իրազեկ, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի,
  4. ներկայացնի՝ ինչպես է գործում ֆինանսական համակարգը, գնահատի տարբեր ֆինանսական ծառայությունների հնարավորությունները և ռիսկերը, կայացնի կարճաժամկետ և երկարաժամկետ արդյունավետ, պատասխանատու և անվտանգ ֆինանսական որոշումներ,
  5. թվարկի բիզնես և աշխատանքային էթիկայի հիմնական նորմերը, բացատրի դրանց պահպանման անհրաժեշտությունը հաջողված ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար,
  6. վերլուծի և համադրի կայուն զարգացման և մարդկության հիմնախնդիրները և դրանց փոխադարձ կապերը,
  7. վերլուծի տնտեսության կառուցվածքի և զարգացման վրա ազդող հիմնական գործոնները,
  8. ունենա մասնագիտական կողմնորոշում՝ հիմնված աշխատաշուկայի պահանջարկի և ինքնաճանաչման վրա, և ներկայացնի իր նախընտրած մասնագիտությունը։

Ըստ տարրական, հիմնական և միջնակարգ կրթական աստիճանների վերջնարդյունքները հիմնականում ներկայացված են պարույրաձև զարգացման սկզբունքով:
Օրինակ՝ տարրական կրթական աստիճանում տրված տնտեսական կարողունակություն ձևավորող «կատարի պարզ ֆինանսական գործողություններ՝ վերլուծելով իրավիճակը և հաշվի առնելով գումարը, ժամանակը և այլ ռեսուրսներն ու դրանք խնայելու, անվտանգ օգտագործելու կարևորությունը» վերջնարդյունքը հիմնական կրթական աստիճանի վերջնարդյունքում զարգանում է հետևյալ կերպ.

  • կարևորի անձնական, ընտանեկան և համայնքային բյուջեի կառավարումը և վերահսկողությունը՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը։ Բացատրի խնայողությունների և պարտքի դերն ու արդյունավետ կիրառելու մոտեցումները,
  • վերլուծելով ֆինանսական տեղեկությունը՝ կարողանա համեմատել ֆինանսական ծառայություններ և կազմակերպություններ։ Ճանաչի ֆինանսական ոլորտում քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները:

Միջնակարգ կրթական աստիճանում պարույրաձև զարգացման արդյունքում ՀՊՉ-ում ներկայացված է հետևյալ վերջնարդյունքը. «ներկայացնի՝ ինչպես է գործում ֆինանսական համակարգը, գնահատի տարբեր ֆինանսական ծառայությունների հնարավորությունները և ռիսկերը, կայացնի կարճաժամկետ և երկարաժամկետ արդյունավետ, պատասխանատու և անվտանգ ֆինանսական որոշումներ»:

Տնտեսական կարողունակության ձևավորման և զարգացման մեթոդական մոտեցումներ

Տնտեսական կարողունակությունների ձևավորումը հանրակրթական ծրագրի տարրական, հիմնական և միջնակարգ աստիճաններում առավել արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ մեթոդական մոտեցումներով.

  • Որպես տնտեսական կարողունակությունները ձևավորող վերջնարդյունքների իրականացման հարթակ կարող է հանդես գալ միջառարկայական կապերի լայն կիրառումը, հատկապես «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն» առարկաների դասավանդման գործընթացում:
  • Որպես դասավանդման արդյունավետ մեթոդներ կարող են ծառայել գործնական աշխատանքները, ֆինանսական բովանդակության տարբեր խաղերը, բանավեճերը և այլն:
  • Գնահատման գործիքներից գերակայությունը պետք է տալ ձևավորող գնահատմանը, իսկ միավորային գնահատումը պետք է իրականացնել ուսումնական դրանց վերջնարդյունքները կրող ուսումնական առարկաների բովանդակության ամփոփիչ գնահատման համատեքստում: