Թվային և մեդիա կարողունակության ընդհանուր բնութագիրը
Կայք: | Elearning Kasa |
Դասընթաց: | ՀՊՉ ՈՒԹ ՀԻՄՆԱՐԱՐ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
Book: | Թվային և մեդիա կարողունակության ընդհանուր բնութագիրը |
Printed by: | Guest user |
Date: | Thursday, 23 March 2023, 12:50 PM |
Նկարագրություն
Սահմանում
Թվային և մեդիա կարողունակություն - «Սովորողները տիրապետում են մեդիագրագիտության կանոններին ու հմտություններին․ պատկերացնում են մեդիայի աշխատանքը և դերը ժողովրդավարական հասարակությունում, կարողանում են կողմնորոշվել տեղեկատվության հոսքերում, գտնել և տարածել տեղեկություններ, քննադատորեն վերլուծել դրանք, գնահատում են մեդիայի ազդեցությունը սեփական և այլոց արժեքային պատկերացումների, դիրքորոշումների և գործողությունների վրա։ Թվային մեդիայի օգտագործման հնարավորությունների կողքին գիտակցում են նաև դրանց հետ կապված ռիսկերը, ունակ են գնահատելու և վերափոխելու իրենց վարքը թվային աշխարհում՝ անվտանգության, պատասխանատվության և էթիկայի տեսանկյունից։ Տիրապետում են մեդիա արտադրանք ստեղծելու տեխնիկական և ստեղծագործական հմտություններին, ինչպես նաև կարողանում են արդյունավետորեն կիրառել մեդիա գործիքները քաղաքացիական իրավունքների իրացման ու ժողովրդավարական գործընթացների մասնակցության նպատակով։»
Համաձայն այս սահմանման՝ եթե որևէ մեկը հավակնում է մեդիակարողունակ լինել, ապա նա պետք է տիրապետի այդ բնագավառին բնորոշ որոշակի գիտելիքների, հմուտ լինի այդ բնագավառում որոշակի գործունեություն ծավալելու, պետք է ունենա արժեքային որոշակի համակարգ և կարողանա իր դիրքորոշումն արտահայտել այդ բնագավառի որոշակի հարցադրումների, երևույթների վերաբերյալ:
Կարողունակության մեկնաբանությունից պարզ է դառնում, որ հանրակրթությունն իր առջև խնդիր է դնում սովորողներին կրթելու, թե՛ որպես մեդիաստեղծողներ, թե՛ որպես մեդիասպառողներ, ապահովելով նաև անվտանգությունն այդ գործընթացներում:
Կարևորագույն հարցերն են` ո՞ր առարկաների բովանդակությամբ, ի՞նչ ռեսուրսներով` տեսական և գործնական, ի՞նչ գործունեության ձևերով և միջոցներով:
Որպես առաջին քայլ` փորձենք հասկանալ, թե տվյալ կարողունակության ապահովմանը տանող ինչ վերջնարդյունքեր են մշակված հանրակրթական տարբեր կրթական աստիճանների ծրագրերը յուրացրած շրջանավարտների համար:
Գիտելիք
-
Ճանաչել տեղեկատվության աղբյուրների ու միջոցների բազմազանությունը.
-
տեղյակ լինել անձնական տվյալների գաղտնիության կանոններին.
-
ճանաչել պարզ թվային սարքեր, իմանալ համակարգչային ծրագրեր, հավելվածներ, աջակցող սարքավորումներ.
-
բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք.
-
զանգվածային լրատվամիջոցների, որպես լայն սպառման ապրանքներ, իմացություն և ընկալում, որոնք ունեն արտադրողներ և սպառողներ. ինչպես նաև հնարավոր դրդապատճառների, մտադրությունների և նպատակների իմացություն և ըմբռնում, որոնք կարող են ունենալ զանգվածային լրատվամիջոցների համար բովանդակություն, նկարներ, ուղերձներ և գովազդներ արտադրողները.
-
բացատրել տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնել տեխնոլոգիական ձեռքբերումները որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք։
Հմտություններ
-
Համատեղ կամ ինքնուրույն իրականացնել պարզ հետազոտական աշխատանքներ, անել եզրակացություններ՝ հիմնվելով ստացված տվյալների և դիտարկումների վրա, փաստերը օգտագործել սեփական գաղափարները հիմնավորելու համար, ստացված արդյունքը ներկայացնել պարզ գիտական բառապաշարով.
-
oգտվել պարզ թվային սարքերից, համակարգչային ծրագրերից, հավելվածներից, աջակցող սարքերից և սարքավորումներից, օգտագործել դրանք՝ պահպանելով անվտանգության կանոնները.
-
օգտագործել տարբեր եղանակներ թեման պատկերավոր և ընկալելի ներկայացնելու համար.
-
կիրառել տեքստային և գրաֆիկական խմբագրիչները, այդ թվում` աջակցող տեխնոլոգիաներ, մշակել տվյալներ` օգտագործելով անհրաժեշտ թվային գործիքներ և ծրագրեր.
-
ստեղծել թվային տարածք և դրսևորել ծրագրավորման պարզ հմտություններ.
-
գտնել և օգտագործել տեղեկույթ տարբեր աղբյուրներից, որոշել և բնութագրել աղբյուրի արժանահավատությունը և այն օգտագործելիս կատարել հղումներ.
-
դրսևորել աշխատանքային հմտություններ, կարողանալ հմուտ և անվտանգ օգտագործել տարբեր սարքեր, գործիքներ և նյութեր.
-
կիրառել համալիր գիտելիք և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար.
-
ստեղծել մեդիա բովանդակություն և կարողանալ տարածել իր ասելիքը մեդիայի տարբեր հարթակներում՝ գիտակցելով դրա հետևանքներն ու ազդեցությունը, պահպանելով էթիկան և համացանցից օգտվելու անվտանգության կանոնները։
Դիրքորոշում/արժեք
-
Տիրապետել թվային տարածքում ապահով գտնվելու կանոններին, պահպանել օնլայն հաղորդակցության էթիկան, տեղյակ լինել անձնական տվյալների գաղտնիության կանոններին և կիրառել դրանք, մեկնաբանել յուրաքանչյուր անձի անձնական տարածք (ֆիզիկական և հոգեբանական) ունենալու իրավունքն ու անհրաժեշտությունը.
-
քննարկել գիտատեխնիկական զարգացմանն առնչվող էթիկական հարցեր և ունենալ փաստարկված դիրքորոշում դրանց վերաբերյալ.
-
ճանաչել և պահպանել ակադեմիական ազնվություն տեղեկության աղբյուրներն օգտագործելիս.
-
ստեղծագործաբար և պատասխանատու կերպով կիրառել տեղեկատվական և թվային սարքերը որպես ժամանակակից աշխատանքային գործիք, իսկ համացանցը՝ որպես ուսումնական, համագործակցային և աշխատանքային հարթակ.
-
համեմատել և վերլուծել հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտել հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ.
-
քննադատաբար վերլուծել տեղեկատվությունը, հասկանալ մեդիա ուղերձների ստեղծման գործընթացը, տարբերակել կիրառվող մանիպուլյացիաները և քննարկել դրանց նպատակները.
-
գնահատել իր և ուրիշների կարծիքն ու փաստարկները, վերլուծել պատճառահետևանքային կապերը և կայացնել որոշումներ.
-
գիտակցել տեխնոլոգիական զարգացման հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար.
-
վերլուծել Հայաստանի Հանրապետության արդի հիմնախնդիրները և մարտահրավերները տեղական, տարածաշրջանային և գլոբալ համատեքստում, արձագանքել դրանց որպես իրազեկ, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի.
-
անկողմնակալ և առանց նախապաշարմունքների վերաբերվել ենթադրություններին, կարծիքներին և արժեքներին, վերլուծել հասանելի տեղեկույթը, ճանաչել, կառուցել և գնահատել փաստարկները։
Վերջնարդյունքներ
Իհարկե սրանք մեդիագրագիտությանն ու թվային գրագիտությանն առավել ակնառու կերպով առնչվող վերջնարդյունքներն են, սակայն կան նաև միջնորդավորված, կամ անուղղակի առնչվող մի շարք վերջնարդյունքներ, առանց որոնց ապահովման դժվար է պատկերացնել մեդիագրագիտության ձևավորումը: Օրինակ` բոլոր այն վերջնարդյունքները, որոնք վերաբերում են քննադատական և ստեղծագործական մտածողությանը, փաստերն ու կարծիքները տարբերակելուն, վերլուծելուն և եզրահանգումներ անելուն, արդյունավետ հաղորդակցմանը, տարակարծության, տարբերությունների հանդեպ հարգանքին, էթիկային, անվտանգությանն ու մարդու իրավունքներին և այլն:
Վերը թվարկված վերջնարդյունքներին ծանոթանալով կարող ենք ասել, որ դրանց մի մասը կարող են ապահովվել կոնկրետ առարկաների շրջանակներում, օրինակ` Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն (ԹԳՀԳ), սակայն մեծ մասն առնչվում են գրեթե բոլոր առարկաներին, օրինակ` «գտնի և օգտագործի տեղեկույթ տարբեր աղբյուր-ներից, որոշի և բնութագրի աղբյուրի արժանահավատությունը և այն օգտագործելիս կատարի հղումներ» կամ «քննարկի գիտատեխնիկական զարգացմանն առնչվող էթիկական հարցեր և ունենա փաստարկված դիրքորոշում դրանց վերաբերյալ»: Կարծում ենք ակնհայտ է, որ մեջբերված վերջնարդյունքները պետք է ապահովեն բոլոր առարկաները: Այո, ակնհայտ է, որ նյութեր ստեղծելու տեխնիկական և անվտանգային կողմը պետք է ապահովի Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկան, որի հիմնական նպատակներից է բխում նշվածը, սակայն մյուս բոլոր վերջնարդյունքները, կարելի է ասել, համապիտանի են և բոլոր առարկաների համար պետք է այդ վերջնարդյունքներին տանող գործունեության ձևեր մշակվեն, կիրառվեն:
Փորձենք Հանրակրթության պետական չափորոշչով այս կարողունակության զարգացմանն ուղղված բազմաթիվ վերջնարդյուքներից մեկի օրինակով տեսնել, թե ինչպես են նույն նպատակին տանող վերջնարդյունքները տարբեր կրթական աստիճաններում ապահովում աստիճանական զարգացում.
Տարրական ծրագիր՝ oգտվի պարզ թվային սարքերից, համակարգչային ծրագրերից, հավելվածներից, աջակցող սարքերից և սարքավորումներից, կարողանա օգտագործել դրանք պահպանելով անվտանգության կանոնները։
Հիմնական ծրագիր՝ տիրապետի թվային տարածքում ապահով գտնվելու կանոններին, պահպանի օնլայն հաղորդակցության էթիկան, տեղյակ լինի անձնական տվյալների գաղտնիության կանոններին և կիրառի դրանք, մեկնաբանի յուրաքանչյուր անձի անձնական տարածք (ֆիզիկական և հոգեբանական) ունենալու իրավունքն ու անհրաժեշտությունը։
Միջնակարգ ծրագիր՝ ստեղծագործաբար և պատասխանատու կերպով կիրառի տեղեկատվական և թվային սարքերը որպես ժամանակակից աշխատանքային գործիք, իսկ համացանցը՝ որպես ուսումնական, համագործակցային և աշխատանքային հարթակ։