Թվային և մեդիա կարողունակության ընդհանուր բնութագիրը
Սահմանում
Թվային և մեդիա կարողունակություն - «Սովորողները տիրապետում են մեդիագրագիտության կանոններին ու հմտություններին․ պատկերացնում են մեդիայի աշխատանքը և դերը ժողովրդավարական հասարակությունում, կարողանում են կողմնորոշվել տեղեկատվության հոսքերում, գտնել և տարածել տեղեկություններ, քննադատորեն վերլուծել դրանք, գնահատում են մեդիայի ազդեցությունը սեփական և այլոց արժեքային պատկերացումների, դիրքորոշումների և գործողությունների վրա։ Թվային մեդիայի օգտագործման հնարավորությունների կողքին գիտակցում են նաև դրանց հետ կապված ռիսկերը, ունակ են գնահատելու և վերափոխելու իրենց վարքը թվային աշխարհում՝ անվտանգության, պատասխանատվության և էթիկայի տեսանկյունից։ Տիրապետում են մեդիա արտադրանք ստեղծելու տեխնիկական և ստեղծագործական հմտություններին, ինչպես նաև կարողանում են արդյունավետորեն կիրառել մեդիա գործիքները քաղաքացիական իրավունքների իրացման ու ժողովրդավարական գործընթացների մասնակցության նպատակով։»
Համաձայն այս սահմանման՝ եթե որևէ մեկը հավակնում է մեդիակարողունակ լինել, ապա նա պետք է տիրապետի այդ բնագավառին բնորոշ որոշակի գիտելիքների, հմուտ լինի այդ բնագավառում որոշակի գործունեություն ծավալելու, պետք է ունենա արժեքային որոշակի համակարգ և կարողանա իր դիրքորոշումն արտահայտել այդ բնագավառի որոշակի հարցադրումների, երևույթների վերաբերյալ:
Կարողունակության մեկնաբանությունից պարզ է դառնում, որ հանրակրթությունն իր առջև խնդիր է դնում սովորողներին կրթելու, թե՛ որպես մեդիաստեղծողներ, թե՛ որպես մեդիասպառողներ, ապահովելով նաև անվտանգությունն այդ գործընթացներում:
Կարևորագույն հարցերն են` ո՞ր առարկաների բովանդակությամբ, ի՞նչ ռեսուրսներով` տեսական և գործնական, ի՞նչ գործունեության ձևերով և միջոցներով:
Որպես առաջին քայլ` փորձենք հասկանալ, թե տվյալ կարողունակության ապահովմանը տանող ինչ վերջնարդյունքեր են մշակված հանրակրթական տարբեր կրթական աստիճանների ծրագրերը յուրացրած շրջանավարտների համար: