Թվային և մեդիա կարողունակության ընդհանուր բնութագիրը
Վերջնարդյունքներ
Իհարկե սրանք մեդիագրագիտությանն ու թվային գրագիտությանն առավել ակնառու կերպով առնչվող վերջնարդյունքներն են, սակայն կան նաև միջնորդավորված, կամ անուղղակի առնչվող մի շարք վերջնարդյունքներ, առանց որոնց ապահովման դժվար է պատկերացնել մեդիագրագիտության ձևավորումը: Օրինակ` բոլոր այն վերջնարդյունքները, որոնք վերաբերում են քննադատական և ստեղծագործական մտածողությանը, փաստերն ու կարծիքները տարբերակելուն, վերլուծելուն և եզրահանգումներ անելուն, արդյունավետ հաղորդակցմանը, տարակարծության, տարբերությունների հանդեպ հարգանքին, էթիկային, անվտանգությանն ու մարդու իրավունքներին և այլն:
Վերը թվարկված վերջնարդյունքներին ծանոթանալով կարող ենք ասել, որ դրանց մի մասը կարող են ապահովվել կոնկրետ առարկաների շրջանակներում, օրինակ` Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն (ԹԳՀԳ), սակայն մեծ մասն առնչվում են գրեթե բոլոր առարկաներին, օրինակ` «գտնի և օգտագործի տեղեկույթ տարբեր աղբյուր-ներից, որոշի և բնութագրի աղբյուրի արժանահավատությունը և այն օգտագործելիս կատարի հղումներ» կամ «քննարկի գիտատեխնիկական զարգացմանն առնչվող էթիկական հարցեր և ունենա փաստարկված դիրքորոշում դրանց վերաբերյալ»: Կարծում ենք ակնհայտ է, որ մեջբերված վերջնարդյունքները պետք է ապահովեն բոլոր առարկաները: Այո, ակնհայտ է, որ նյութեր ստեղծելու տեխնիկական և անվտանգային կողմը պետք է ապահովի Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկան, որի հիմնական նպատակներից է բխում նշվածը, սակայն մյուս բոլոր վերջնարդյունքները, կարելի է ասել, համապիտանի են և բոլոր առարկաների համար պետք է այդ վերջնարդյունքներին տանող գործունեության ձևեր մշակվեն, կիրառվեն:
Փորձենք Հանրակրթության պետական չափորոշչով այս կարողունակության զարգացմանն ուղղված բազմաթիվ վերջնարդյուքներից մեկի օրինակով տեսնել, թե ինչպես են նույն նպատակին տանող վերջնարդյունքները տարբեր կրթական աստիճաններում ապահովում աստիճանական զարգացում.
Տարրական ծրագիր՝ oգտվի պարզ թվային սարքերից, համակարգչային ծրագրերից, հավելվածներից, աջակցող սարքերից և սարքավորումներից, կարողանա օգտագործել դրանք պահպանելով անվտանգության կանոնները։
Հիմնական ծրագիր՝ տիրապետի թվային տարածքում ապահով գտնվելու կանոններին, պահպանի օնլայն հաղորդակցության էթիկան, տեղյակ լինի անձնական տվյալների գաղտնիության կանոններին և կիրառի դրանք, մեկնաբանի յուրաքանչյուր անձի անձնական տարածք (ֆիզիկական և հոգեբանական) ունենալու իրավունքն ու անհրաժեշտությունը։
Միջնակարգ ծրագիր՝ ստեղծագործաբար և պատասխանատու կերպով կիրառի տեղեկատվական և թվային սարքերը որպես ժամանակակից աշխատանքային գործիք, իսկ համացանցը՝ որպես ուսումնական, համագործակցային և աշխատանքային հարթակ։