Լեզվական գրագիտությունը և կարողունակություն
Կայք: | Elearning Kasa |
Դասընթաց: | ՀՊՉ ՈՒԹ ՀԻՄՆԱՐԱՐ ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
Book: | Լեզվական գրագիտությունը և կարողունակություն |
Printed by: | Guest user |
Date: | Thursday, 23 March 2023, 12:01 PM |
Ներածություն
Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված 8 կարողունակություններից է Լեզվական գրագիտությունը և կարողունակությունը: Հանրակրթական պետական չափորոշչում լեզվական գրագիտությունը և կարողունակությունը ներկայացվում է հետևյալ կերպ. «Սովորողները տիրապետում են հայոց լեզվին, գրավոր և բանավոր կերպով գրագետ հաղորդակցվում են մայրենի լեզվով և այլ օտար լեզուներով` ըստ լեզվական կանոնների և իրավիճակների: Նրանք կիրառում են լեզուն` որպես ուսումնառության և հասարակական կյանքին մասնակցության համապիտանի գործիք: Ընդհանուր գրագիտությունը կազմում է սովորելու և լեզվական հաղորդակցության հիմքը, որի հիման վրա կարող են ձևավորվել գրագիտության մյուս ձևերը (քաղաքացիական, բնապահպանական, տնտեսական, ֆինանսական, իրավական, առողջապահական, գիտատեխնիկական, թվային և այլն): Սովորողներն ընդունակ են բանավոր և գրավոր ձևերով ճանաչել, ըմբռնել, արտահայտել, ստեղծել և մեկնաբանել տարբեր հայեցակարգեր, փաստեր և կարծիքներ՝ օգտագործելով տարբեր առարկաներին և իրավիճակներին առնչվող տեսողական, ձայնային և թվային նյութեր»:
Հայաստանի Հանրապետության դպրոցներում սովորողների ուսումնառության, տարբեր սոցցանցերում հաղորդակցման մակարդակի, հեռուստատեսության և ԶԼՄ -երի լեզվի վերլուծությունը վկայում է, որ լեզվական գրագիտության խնդիրը օրեցօր ավելի ու ավելի առաջնահերթ է դառնում: Լեզվական գրագիտությունը համապիտանի կարողունակություն է։ Այն լիարժեք դրսևորվում է ոչ միայն բոլոր առարկաների ուսումնական գործընթացում, այլև մեր հասարակության բոլոր ոլորտներում: Շատ հաճախ բազմաթիվ թյուրըմբռնումներ են առաջանում լեզվի ոչ գրագետ կիրառության պատճառով: Լեզվական գրագիտությունը պահանջում է և՛ այնպիսի բառապաշար, որ բառիմաստի շփոթություններ չառաջանան, և՛ պատկերավոր խոսքի տիրապետում՝ լսարան գրավելու և խոսքը ճիշտ տեղ հասցնելու համար, և՛ փաստարկված, հիմնավորված դիրքորոշման դրսևորում՝ ասելիքը անառարկելի մատուցելու կամ առողջ քննարկման դնելու նպատակով:
Լեզվական գրագիտության կարողունակության կարևորության շեշտադրումը կնպաստի, որ այն հանրային պահանջարկ դառնա, և ցանկացած ոլորտում անհատի կայացումը կախված լինի նրանից, թե որքանով է տիրապետում իր մայրենի լեզվին: Նման մոտեցումը պիտի ամենուրեք աչքի ընկնի լեզվական գրագիտության և կարողունակություններ ունեցող շրջանավարտներ կրթելու քաղաքականության շարունակական դրսևորումներով:
Այժմ ամենուրեք փնտրված են արհեստավարժ մասնագետները, իսկ արհեստավարժության առաջին ցուցիչը տվյալ ոլորտում կարողունակ լինելն է: Եվ դա ակնառու դրսևորվում է լեզվական գրագիտությամբ: Այն ձևավորվում է տարրական, հիմնական և միջնակարգ կրթության աստիճաններում:
Լեզվական գրագիտության և կարողունակության նկարագրիչները
Գիտելիք՝
-
Ճանաչի և գործածի մենիմաստ և բազմիմաստ բառեր, նրանց ուղիղ և փոխաբերական իմաստները։
-
Տարբերակի և կիրառի բառերի ձևաիմաստային տեսակներ (հոմանիշ, հականիշ, համանուն, հարանուն) և դարձվածքները:
-
Օգտվի տարբեր տեսակի բառարաններից ըստ նպատակի (բացատրական, թարգմանական, դարձվածաբանական, հոմանշային)։
-
Ճանաչի խոսքի մասերի և նախադասության անդամների քերականական հատկանիշները, տարբերակի և կիրառի խոսքում:
-
Ձևափոխի (հոլով, հոդ, թիվ, խոնարհում) խոսքի մասերը և նախադասության անդամները կանոններին համապատասխան, ըստ անհրաժեշտության և ճիշտ ձևափոխություններով կիրառի խոսքում։
-
Իմանա կետադրական որոշ կանոններ և կետադրի տարաբնույթ տեքստեր:
-
Տարբերի ոճերը, կիրառի համապատասխան բառապաշար:
Հմտություն՝
-
Կարդա ուղղախոսական կանոններին համապատասխան։
-
Գրի ուղղագրական կանոններին համապատասխան։
-
Խոսի ուղղախոսական կանոններին համապատասխան։
-
Նորովի վերարտադրի լսածը, ընթերցածը, դիտածը։
-
Ստեղծի բանավոր և գրավոր պատկերավոր խոսք /առանձին և խմբային/, արձակ և չափածո պատմություններ՝ օգտագործելով տարաբնույթ նշաններ /կոմիքս, էմոջի, ծաղրանկար և այլն/:
-
Սկսի, շարունակի և ավարտի պատմությունը, զարգացնի այն՝ շարունակելով ներսից կամ վերջից:
-
Ստեղծի տարաբնույթ ուսումնական ցուցադրական նյութեր՝ պաստառ, գրքույկ, ուղեցույց, սահիկաշար, անիմացիա, տեսանյութ և այլն։
-
Պատմի լսածի, տեսածի, զգացածի մասին, նկարագրի մարդկանց, երևույթներ, առարկաներ, դեպքեր, իրադարձություններ։
-
Ընթերցի տեքստը պահանջվող հնչերանգով, վերարտադրի, հարցեր առաջադրի, պատասխանի դրանց, մեկնաբանի, փոխանցի զգացողություններ, ակնհայտ գաղափար:
-
Ելույթ ունենա լսարանի առջև ազատ, անկաշկանդ, գրագետ՝ օգտագործելով համապատասխան կառույցներ և բառապաշար:
Դիրքորոշում/արժեք
-
Համագործակցի ընկերների հետ՝ պաշտպանելով սեփական տեսակետն ու դիրքորոշումը։
-
Տարբեր դերեր ստանձնի և հաջողությամբ իրականացնի:
-
Գրավոր և բանավոր խոսքում իր վերաբերմունքն արտահայտի տեքստի, իրադրության, խոսքի նկատմամբ:
-
Հաղորդակցվելիս հարգալից վերաբերմունք դրսևորի լեզվի, հասակակիցների և այլոց նկատմամբ, լինի պատասխանատու, շրջահայաց, հանդուրժող:
-
Արժևորի մայրենի լեզվի դերը հասկանալի դառնալու և մտքերը տեղ հասցնելու գործում:
-
Հասկանա և գնահատի մայրենի լեզուն՝ որպես սեփական անձի ձևավորման և ինքնաճանաչման կարևոր գործոն։
-
Արժևորի այլոց իրավունքներն ու դիրքորոշումը:
-
Կատարի թարգմանություններ և արժևորի մայրենի լեզվի բառակազմական հնարավորություններն ու քերականական ճկունությունը թարգմանական գրականության մեջ:
Լեզվական կարողունակությունը ձևավորող վերջնարդյունքները
Հանրակրթության պետական չափորոշչով (ՀՊՉ) սահմանված կարողունակությունները (այդ թվում նաև լեզվական կարողունակությունը) ձևավորելու նպատակով սահմանված են համապատասխան վերջնարդյունքներ:
Հանրակրթական տարրական ծրագրի շրջանավարտի ուսումնառության արդյունքում լեզվական կարողունակության ձևավորման ակնկալվող վերջնարդյունքները ըստ հանրակրթության պետական չափորոշիչի
-
ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվի գրական հայերենով, կարդա, հասկանա, վերարտադրի պարզ գեղարվեստական և տեղեկատվական տեքստեր, ձևակերպի տեքստի հիմնական գաղափարը․
-
ճանաչի իր հայրենիքը, ներկայացնի տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին.
-
ճանաչի և հարգի Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները և ներկայացնի պետական և ավանդական տոների հիմնական բովանդակությունը.
-
ստեղծի ընկերական հարաբերություններ, լսի, հասկանա, ապրումակցի, քաջալերի և աջակցի մյուսներին, համագործակցի տարբեր ձևաչափերով, դրսևորի դրական վերաբերմունք, ձգտի կոնֆլիկտների խաղաղ լուծմանը.
-
ճանաչի և համադրի տարբեր զգայարաններով ստացած տեղեկությունները, կիրառի դրանք աշխարհաճանաչողության գործում.
-
արտահայտի սեփական մտքերը, զգացմունքները, կարիքները և ցանկությունները, գիտակցի իր յուրահատուկ լինելը․
Հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության արդյունքում լեզվական կարողունակության ձևավորման ակնկալվող վերջնարդյունքները ըստ հանրակրթության պետական չափորոշիչի
-
ցուցաբերի իր գործունեությունը պլանավորելու և ժամանակն արդյունավետ տնօրինելու կարողություններ.
-
բացատրի գիտելիքի կարևորությունը, սովորելիս դրսևորի կամք և վստահություն սեփական ուժերի նկատմամբ.
-
դրսևորի հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու կարողություն, ուրիշների հետ համատեղ կամ ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր.
-
ստանա, վերլուծի, գնահատի և ներկայացնի անհրաժեշտ տվյալներ, առաջարկի վարկածներ.
-
գտնի և օգտագործի տեղեկույթ տարբեր աղբյուրներից, որոշի և բնութագրի աղբյուրի արժանահավատությունը և այն օգտագործելիս կատարի հղումներ.
-
արտահայտի, հիմնավորի և պաշտպանի սեփական տեսակետը և դիրքորոշումը.
-
արդյունավետ կազմակերպի իր ուսումնական գործընթացը և ավարտի աշխատանքներն առանց անմիջական վերահսկողության, կիրառի ինքնակրթության որոշ մեթոդներ.
-
ճանաչի իր ուժեղ ու թույլ կողմերը և դրսևորի ինքնազարգացմանը միտված վարքագիծ.
-
ընկերակցի, դրսևորի բաց և դրական վերաբերմունք այլոց հանդեպ, համագործակցի և հաղորդակցվի տարբեր ձևաչափերով, ակտիվորեն լսի և հարգանքով վերաբերվի այլ մարդկանց տեսակետներին և գաղափարներին.
-
բացատրի կոնֆլիկտների ազդեցությունը միջանձնային և միջխմբային հարաբերությունների վրա, կիրառի կոնֆլիկտների խաղաղ լուծման տարբեր ձևեր ըստ անհրաժեշտության.
-
կարողանա հավասարակշռել և ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները, հակումները, ընդունել սեփական յուրահատկությունները։
Հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության արդյունքում լեզվական կարողունակության ձևավորման ակնկալվող վերջնարդյունքները ըստ հանրակրթության պետական չափորոշիչի
-
գրական հայերենով ստեղծի տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսք՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին.
-
առնվազն երկու օտար լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով, բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփվի լեզվակիրների հետ իրեն հետաքրքրող թեմաներով, կարդա և հասկանա տարաբնույթ տեքստերի, այդ թվում՝ ընտրած մասնագիտության ոլորտի բառապաշար պարունակող,
-
առաջադրի հետազոտական հարցադրումներ և վարկածներ, պլանավորի և իրականացնի հետազոտություններ՝ առաջարկելով համապատասխան մեթոդներ և բարելավման եղանակներ։ Վերլուծի ստացված տվյալները առկա գիտելիքի և պատկերացումների համատեքստում, կատարի վերացարկումներ և ընդհանրացումներ.
-
կիրառի համալիր գիտելիք և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար.
-
ստեղծի մեդիա բովանդակություն և կարողանա տարածել իր ասելիքը մեդիայի տարբեր հարթակներում՝ գիտակցելով դրա հետևանքներն ու ազդեցությունը, պահպանելով էթիկան և համացանցից օգտվելու անվտանգության կանոնները.
-
ուրիշների հետ համագործակցելով և ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր՝ ձեռք բերած գիտելիքը կամ գործնական արդյունքը ներկայացնելով տարբեր միջոցներով.
-
արդյունավետ օգտագործի կոնֆլիկտին միջամտելու և լուծելու տարբեր մեթոդներ, պատրաստակամ լինի ապրումակցել և աջակցել դժվար իրավիճակում հայտնված ցանկացած մարդու կամ կենդանու.
-
վերահսկի իր զգացմունքները և ցանկությունները, իր առջև դնի նպատակներ, մշակի դրանց հասնելու ուղիներ և լինի հետևողական.
-
կիրառի իր կրթական և աշխատանքային հնարավորությունները ինքնուրույն գործունեություն ծավալելու համար, ուսումնասիրի և գնահատի իր՝ տարբեր մասնագիտությունների համար անհրաժեշտ գիտելիքներն ու կարողունակությունները, պատճառաբանված ընտրություն կատարի.
-
վերլուծի և գիտակցի տարբեր գործոնների ազդեցությունն իր անձի ձևավորման վրա.
Ըստ տարրական, հիմնական և միջնակարգ կրթական աստիճանների՝ վերջնարդյունքները հիմնականում ներկայացված են շարունակական զարգացման սկզբունքով:
Օրինակ՝ տարրական կրթական աստիճանում տրված լեզվական գրագիտություն և կարողունակություն ձևավորող «Լսի, հասկանա իրեն ուղղված խոսքը, պատասխանի հարցերին» վերջնարդյունքը հիմնական կրթական աստիճանի վերջնարդյունքում զարգանում է հետևյալ կերպ.
-
Պատմի լսածի, տեսածի, զգացածի մասին, նկարագրի մարդկանց, երևույթներ, առարկաներ, դեպքեր, իրադարձություններ
-
Ընթերցի տեքստը պահանջվող հնչերանգով, հարցեր առաջադրի, պատասխանի առաջադրված հարցերին, մեկնաբանի, փոխանցի զգացողութ յուններ, դուրս բերի հիմնական և թաքնված գաղափարը:
Միջնակարգ կրթական աստիճանում պարույրաձև զարգացման արդյունքում ՀՊՉ-ում ներկայացված է հետևյալ վերջնարդյունքը. «գրական հայերենով ստեղծի տարբեր ոճերի և ժանրերի գրավոր և բանավոր խոսք՝ օգտագործելով տարբեր արտահայտչամիջոցներ և համապատասխանեցնելով դրանք իրավիճակներին»:
Լեզվական կարողունակության ձևավորման մեթոդական մոտեցումներ
Լեզվական կարողունակության ձևավորումը հանրակրթական ծրագրի տարրական, հիմնական և միջնակարգ աստիճաններում առավել արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ մեթոդական մոտեցումներով.
-
Ցանկալի է, որ տարրական դպրոցում սովորողը աշխարհն ընկալի զգայարաններով, ուստի ուսուցումը ևս պիտի կազմակերպվի՝ զգայարանների վրա հենվելով, դրանք զարգացնելով և նրանց միջև եղած կապերն ամրապնդելով: Իսկ դրա ամենաարդյունավետ ճանապարհը խաղի վրա հիմնված կրթությունն է, որին մասնակից են բոլոր զգայարանները:
-
Եթե մանկավարժական հոգեբանության մեջ երեխայի կյանքի առաջին յոթամյակը բնութագրվում է իբրև զգայարանների և ընկալումների ձևավորման ու զարգացման փուլ, և ուսումնական գործունեությունը ցանկալի է կազմակերպել դրանց շեշտադրմամբ և առաջնահերթությամբ, ապա 10-14 տարեկանում դրանք պիտի շարունակեն զարգանալ գիտելիքին զուգահեռ:
«Մի առարկա եթե տեսել ենք, լսել նրա ձայնը, շոշափել, հոտոտել, ճաշակել համը, եթե այդ հնարավոր է, և մանավանդ, եթե շինել, կառուցել ենք այդ առարկան, կամ նրա նմանը կավից, փայտից կամ մի այլ նյութից, այդ դեպքում առարկայի պատկերացումը համարյա անմոռաց է մնում հիշողության մեջ», գրում է Գ. Էդիլյանը:
Յոթերորդ դասարանից սկսվում է Մայրենիի տրոհումը. այն ուսուցանվում է առանձին առարկաների տեսքով` Հայոց լեզու և Գրականություն: Առաջին դասարանից Մայրենին մեկ առարկա ընկալած սովորողի համար բավականին դժվար է երկու նոր, տարբեր առարկաների ուսուցումը: 7-րդ դասարանցին բոլորովին նոր տարիքային խումբ է և աչքի է ընկնում ֆիզիկական և հոգեբանական ընդգծված առանձնահատկություններով:
Բայց միաժամանակ սա այն տարիքն է, երբ երեխան պատրաստ է մտածական գործունեության համար, նա կարող է ընդգրկել մտածողական ավելի մեծ տեսադաշտ, ինքնուրույն դատողություններ անել, վերլուծել և համադրել ստացած գիտելիքները: Մտածական ճիշտ գործունեություն չծավալելու դեպքում կզրկենք երեխային մտածելով աշխատելու բացառիկ հնարավորությունից:
Միջնակարգ կրթության աստիճանում չանտեսելով տարիքային առանձնահատկությունները՝ կարևոր է զարգացնել քննական մտածողությունը, որովհետև.
-
այս տարիքում դեռահասը սիրում է ամեն ինչին քննադատաբար վերաբերվել, և դասաժամին նրան տրվում է այդ հնարավորությունը,
-
գիտական աշխարհը նոր-նոր է բացահայտվում նրա համար, և հարցերով բացահայտելու հնարավորությունը հասկացման լավագույն ճանապարհներից է,
-
այս տարիքը մեծ պահանջ ունի շփման, և խմբերով աշխատանքը, որտեղ ոչ թե նա պարզապես պնդում է իրենը, այլ լսում է դիմացինի կարծիքը, հակափաստարկներ է հավաքում, համոզում և փաստերով հիմնավորում է իր իմացածն ու հասկացածը, մարդկային ավելի ազատ շփումների տիրապետելու հրաշալի դպրոց է. համոզի՛ր, որ դու ճիշտ ես,
-
ճշմարտությունն ինքնուրույն բացահայտելու հնարավորությունը բարձրացնում է դեռահասի ինքնագնահատականը, որի պահանջը նա այնքա՜ն ունի,
-
մտածելով աշխատելը կօգնի փակուղիներից ելքեր որոնելուն, որն այնքան անհրաժեշտ է տարիքային այս խմբին. չէ՞ որ նրանք չափազանց զգայուն են և խոցելի, և հաճախ ջղագրգիռ են դառնում լուծումներ չգտնելու պատճառով:
Եվ այս ամենի արդյունքում ինքնուրույն և համարձակ քաղաքացիներ են ձևավորվում, որոնք չեն վախենում որոշումներ կայացնելուց և սեփական կարծիքը բարձրաձայն հայտնելուց: