Լեզվական գրագիտությունը և կարողունակություն

Ներածություն

Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված 8 կարողունակություններից է Լեզվական գրագիտությունը և կարողունակությունը: Հանրակրթական պետական չափորոշչում լեզվական գրագիտությունը և կարողունակությունը ներկայացվում է հետևյալ կերպ. «Սովորողները տիրապետում են հայոց լեզվին, գրավոր և բանավոր կերպով գրագետ հաղորդակցվում են մայրենի լեզվով և այլ օտար լեզուներով` ըստ լեզվական կանոնների և իրավիճակների: Նրանք կիրառում են լեզուն` որպես ուսումնառության և հասարակական կյանքին մասնակցության համապիտանի գործիք: Ընդհանուր գրագիտությունը կազմում է սովորելու և լեզվական հաղորդակցության հիմքը, որի հիման վրա կարող են ձևավորվել գրագիտության մյուս ձևերը (քաղաքացիական, բնապահպանական, տնտեսական, ֆինանսական, իրավական, առողջապահական, գիտատեխնիկական, թվային և այլն): Սովորողներն ընդունակ են բանավոր և գրավոր ձևերով ճանաչել, ըմբռնել, արտահայտել, ստեղծել և մեկնաբանել տարբեր հայեցակարգեր, փաստեր և կարծիքներ՝ օգտագործելով տարբեր առարկաներին և իրավիճակներին առնչվող տեսողական, ձայնային և թվային նյութեր»:

Հայաստանի Հանրապետության դպրոցներում սովորողների ուսումնառության, տարբեր սոցցանցերում հաղորդակցման մակարդակի, հեռուստատեսության և ԶԼՄ -երի լեզվի վերլուծությունը վկայում է, որ լեզվական գրագիտության խնդիրը օրեցօր ավելի ու ավելի առաջնահերթ է դառնում: Լեզվական գրագիտությունը համապիտանի կարողունակություն է։ Այն լիարժեք դրսևորվում է ոչ միայն բոլոր առարկաների ուսումնական գործընթացում, այլև մեր հասարակության բոլոր ոլորտներում: Շատ հաճախ բազմաթիվ թյուրըմբռնումներ են առաջանում լեզվի ոչ գրագետ կիրառության պատճառով: Լեզվական գրագիտությունը պահանջում է և՛ այնպիսի բառապաշար, որ բառիմաստի շփոթություններ չառաջանան, և՛ պատկերավոր խոսքի տիրապետում՝ լսարան գրավելու և խոսքը ճիշտ տեղ հասցնելու համար, և՛ փաստարկված, հիմնավորված դիրքորոշման դրսևորում՝ ասելիքը անառարկելի մատուցելու կամ առողջ քննարկման դնելու նպատակով: 

Լեզվական գրագիտության կարողունակության կարևորության շեշտադրումը կնպաստի, որ այն հանրային պահանջարկ դառնա, և ցանկացած ոլորտում անհատի կայացումը կախված լինի նրանից, թե որքանով է տիրապետում իր մայրենի լեզվին: Նման մոտեցումը պիտի ամենուրեք աչքի ընկնի լեզվական գրագիտության և կարողունակություններ ունեցող շրջանավարտներ կրթելու քաղաքականության շարունակական դրսևորումներով: 

Այժմ ամենուրեք փնտրված են արհեստավարժ մասնագետները, իսկ արհեստավարժության առաջին ցուցիչը տվյալ ոլորտում կարողունակ լինելն է: Եվ դա ակնառու դրսևորվում է լեզվական գրագիտությամբ: Այն ձևավորվում է տարրական, հիմնական և միջնակարգ կրթության աստիճաններում: