Լեզվական գրագիտությունը և կարողունակություն
Լեզվական կարողունակության ձևավորման մեթոդական մոտեցումներ
Լեզվական կարողունակության ձևավորումը հանրակրթական ծրագրի տարրական, հիմնական և միջնակարգ աստիճաններում առավել արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ մեթոդական մոտեցումներով.
-
Ցանկալի է, որ տարրական դպրոցում սովորողը աշխարհն ընկալի զգայարաններով, ուստի ուսուցումը ևս պիտի կազմակերպվի՝ զգայարանների վրա հենվելով, դրանք զարգացնելով և նրանց միջև եղած կապերն ամրապնդելով: Իսկ դրա ամենաարդյունավետ ճանապարհը խաղի վրա հիմնված կրթությունն է, որին մասնակից են բոլոր զգայարանները:
-
Եթե մանկավարժական հոգեբանության մեջ երեխայի կյանքի առաջին յոթամյակը բնութագրվում է իբրև զգայարանների և ընկալումների ձևավորման ու զարգացման փուլ, և ուսումնական գործունեությունը ցանկալի է կազմակերպել դրանց շեշտադրմամբ և առաջնահերթությամբ, ապա 10-14 տարեկանում դրանք պիտի շարունակեն զարգանալ գիտելիքին զուգահեռ:
«Մի առարկա եթե տեսել ենք, լսել նրա ձայնը, շոշափել, հոտոտել, ճաշակել համը, եթե այդ հնարավոր է, և մանավանդ, եթե շինել, կառուցել ենք այդ առարկան, կամ նրա նմանը կավից, փայտից կամ մի այլ նյութից, այդ դեպքում առարկայի պատկերացումը համարյա անմոռաց է մնում հիշողության մեջ», գրում է Գ. Էդիլյանը:
Յոթերորդ դասարանից սկսվում է Մայրենիի տրոհումը. այն ուսուցանվում է առանձին առարկաների տեսքով` Հայոց լեզու և Գրականություն: Առաջին դասարանից Մայրենին մեկ առարկա ընկալած սովորողի համար բավականին դժվար է երկու նոր, տարբեր առարկաների ուսուցումը: 7-րդ դասարանցին բոլորովին նոր տարիքային խումբ է և աչքի է ընկնում ֆիզիկական և հոգեբանական ընդգծված առանձնահատկություններով:
Բայց միաժամանակ սա այն տարիքն է, երբ երեխան պատրաստ է մտածական գործունեության համար, նա կարող է ընդգրկել մտածողական ավելի մեծ տեսադաշտ, ինքնուրույն դատողություններ անել, վերլուծել և համադրել ստացած գիտելիքները: Մտածական ճիշտ գործունեություն չծավալելու դեպքում կզրկենք երեխային մտածելով աշխատելու բացառիկ հնարավորությունից:
Միջնակարգ կրթության աստիճանում չանտեսելով տարիքային առանձնահատկությունները՝ կարևոր է զարգացնել քննական մտածողությունը, որովհետև.
-
այս տարիքում դեռահասը սիրում է ամեն ինչին քննադատաբար վերաբերվել, և դասաժամին նրան տրվում է այդ հնարավորությունը,
-
գիտական աշխարհը նոր-նոր է բացահայտվում նրա համար, և հարցերով բացահայտելու հնարավորությունը հասկացման լավագույն ճանապարհներից է,
-
այս տարիքը մեծ պահանջ ունի շփման, և խմբերով աշխատանքը, որտեղ ոչ թե նա պարզապես պնդում է իրենը, այլ լսում է դիմացինի կարծիքը, հակափաստարկներ է հավաքում, համոզում և փաստերով հիմնավորում է իր իմացածն ու հասկացածը, մարդկային ավելի ազատ շփումների տիրապետելու հրաշալի դպրոց է. համոզի՛ր, որ դու ճիշտ ես,
-
ճշմարտությունն ինքնուրույն բացահայտելու հնարավորությունը բարձրացնում է դեռահասի ինքնագնահատականը, որի պահանջը նա այնքա՜ն ունի,
-
մտածելով աշխատելը կօգնի փակուղիներից ելքեր որոնելուն, որն այնքան անհրաժեշտ է տարիքային այս խմբին. չէ՞ որ նրանք չափազանց զգայուն են և խոցելի, և հաճախ ջղագրգիռ են դառնում լուծումներ չգտնելու պատճառով:
Եվ այս ամենի արդյունքում ինքնուրույն և համարձակ քաղաքացիներ են ձևավորվում, որոնք չեն վախենում որոշումներ կայացնելուց և սեփական կարծիքը բարձրաձայն հայտնելուց: