Ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն
Ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակությունը ձևավորող վերջնարդյունքները
Հանրակրթության պետական չափորոշչով (ՀՊՉ) սահմանված կարողունակությունները (այդ թվում նաև՝ ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակությունը) ձևավորելու նպատակով սահմանված են համապատասխան վերջնարդյունքներ:
Հանրակրթական տարրական ծրագրի շրջանավարտի ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակության ձևավորմանը նպատակաուղղված վերջնարդյունքները.
-
ճանաչի իր հայրենիքը, ներկայացնի տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին.
-
ճանաչի և հարգի Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները և ներկայացնի պետական և ավանդական տոների հիմնական բովանդակությունը.
-
ճանաչի և հոգատար վերաբերմունք ցուցաբերի իր բնակավայրի և համայնքի բնության և պատմամշակութային ժառանգության օբյեկտների հանդեպ.
-
ճանաչի և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը.
-
ստեղծի ընկերական հարաբերություններ, լսի, հասկանա, ապրումակցի, քաջալերի և աջակցի մյուսներին, համագործակցի տարբեր ձևաչափերով, դրսևորի դրական վերաբերմունք, ձգտի կոնֆլիկտների խաղաղ լուծմանը.
-
ճանաչի իր ընտանեկան, ազգային և քաղաքացիական պատկանելությունը. ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք.
Հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակության ձևավորմանը նպատակաուղղված վերջնարդյունքները.
-
նկարագրի տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրի, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումների, հայոց և համաշխարհային պատմության իրադարձությունների փոխկապակցվածությունը.
-
կարողանա մասնակցել Հայաստանի հիմնախնդիրների քննարկմանը՝ օգտագործելով պատմության, բնության, բնակչության, պետության և տնտեսության մասին ունեցած համապատասխան գիտելիքները.
-
նկարագրի բնության, բնակչության և տնտեսության միջև եղած փոխադարձ կապերը և դրանց արդյունքում ձևավորված համակարգերը.
-
նկարագրի կայուն զարգացման էությունը, հիմնական գաղափարները ու դրանց փոխադարձ կապերը.
-
կարևորի անձնական, ընտանեկան և համայնքային բյուջեի կառավարումը և վերահսկողությունը՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը։ Բացատրի խնայողությունների և պարտքի դերն ու արդյունավետ կիրառելու մոտեցումները.
-
հետևի հասարակական համակեցության կանոններին և նորմերին, բացատրի դրանց կարևորությունը, ցուցաբերի պատասխանատու և հանրօգուտ վարքագիծ.
-
տարբերակի և համեմատի աշխարհաճանաչողության ձևերը և դրանց առանձնահատկությունները.
-
գնահատի իր և ուրիշների կարծիքն ու փաստարկները, վերլուծի պատճառահետևանքային կապերը և կայացնի որոշումներ.
-
բացատրի կոնֆլիկտների ազդեցությունը միջանձնային և միջխմբային հարաբերությունների վրա, ըստ անհրաժեշտության կիրառի կոնֆլիկտների խաղաղ լուծման տարբեր ձևեր.
-
կարողանա հավասարակշռել և ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները, հակումները, ընդունել սեփական յուրահատկությունները.
-
դիմակայի ճնշումներին և իմանա՝ ում դիմի աջակցության և խորհրդատվության համար.
-
ներկայացնի երեխայի, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները, բացատրի, թե ինչ դեր ունեն անհատը և պետությունը դրանք հարգելու և պաշտպանելու գործում.
-
բացատրի քաղաքացիության, իրավունքի ու պարտականության էությունը և ժողովրդավարության նշանակությունը սոցիալական արդար և ներդաշնակ համակեցության ապահովման գործում.
-
հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում հավասար հնարավորությունների ընձեռման նշանակությունը, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքների մասով.
-
ցուցաբերի հանդուրժողականություն, ապրումակցում և մարդասիրություն.
-
ճանաչի տարբեր ժամանակաշրջանների, ազգերի և մշակութային-գաղափարային խմբերի արժեքները, բացատրի դրանց ազդեցությունն ու արտացոլումը տեղական և համաշխարհային մշակույթի մեջ.
-
ճանաչի և արժևորի իր ազգային մշակույթը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դրա առանձնահատկությունները և ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ.
Հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակության ձևավորմանը նպատակաուղղված վերջնարդյունքները.
-
քննարկի, հայտնի դիրքորոշում և կատարի գիտակցված ընտրություն աշխարհաճանաչողության ձևերի վերաբերյալ.
-
գնահատի կայուն զարգացման ապահովման հնարավորությունները տարբեր ռեսուրսների կառավարման և պլանավորված օգտագործման միջոցով.
-
նախաձեռնի, պլանավորի և իրականացնի բնապահպանական միջոցառումներ.
-
համեմատի և վերլուծի հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտի հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ.
-
վերլուծի իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանի Հանրապետությունը որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր.
-
վերլուծի Հայաստանի Հանրապետության արդի հիմնախնդիրները և մարտահրավերները տեղական, տարածաշրջանային և գլոբալ համատեքստում, արձագանքի դրանց որպես իրազեկ, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի.
-
վերլուծի և համադրի կայուն զարգացման և մարդկության հիմնախնդիրները և դրանց փոխադարձ կապերը.
-
վերլուծի տնտեսության կառուցվածքի և զարգացման վրա ազդող հիմնական գործոնները.
-
ցուցաբերի հարգանք և անաչառ, անհատական ու ինքնագիտակից մոտեցում ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների վերաբերյալ՝ դիտարկելով դրանք մարդու իրավունքների և այլ անձանց նկատմամբ հարգանքի տեսանկյունից.
-
անկողմնակալ և առանց նախապաշարմունքների վերաբերվի ենթադրություններին
-
կարևորի իր՝ որպես քաղաքացու դերը հասարակության մեջ սոցիալական արդարության և ժողովրդավարական մշակույթի ձևավորման գործում, ցուցաբերի հարգանք ցանկացած մարդու արժանապատվության, հիմնարար իրավունքների և ազատությունների հանդեպ.
-
ճանաչի և տարբերակի բռնության դրսևորումները, կարողանա արձագանքել, դիմակայել, խուսափել և պաշտպանվել.
-
ցուցաբերի ակտիվ դիրքորոշում հասարակական գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընձեռման ապահովման համար.
-
ճանաչի իր դերը և պատասխանատվությունը ընտանիքում, խմբում և հասարակության մեջ.
-
դրսևորի հարգալից և հոգատար վերաբերմունք ազգային և համաշխարհային արվեստի արժեքների նկատմամբ, ցուցաբերի մշակույթի իմացություն և դրա հետ հաղորդակցվելու ձգտում.
-
ներկայացնի հայ մշակույթի տեղն ու դերը համաշխարհային մշակույթում և համաշխարհային մշակույթի դերը համամարդկային արժեքների համատեքստում.
-
կարևորի իր՝ հայկական և համաշխարհային պատմամշակութային արժեքների ժառանգորդ լինելը և ցուցաբերի պատասխանատու վերաբերմունք դրանց պահպանման գործում.
-
տեղեկացված լինի մարդու վերարտադրողական առողջության պահպանման, ընտանիքի, անձնական կյանքի պլանավորման մասին.
Ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակության զարգացմանն ուղղված բազմաթիվ վերջնարդյուքներից մեկի օրինակով ներկայացնենք, թե ինչպես են նույն նպատակին տանող վերջնարդյունքները տարբեր կրթական աստիճաններում ապահովում աստիճանական զարգացում:
Տարրական կրթական աստիճանում ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն ձևավորող
«Ճանաչի և հարգի Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները և ներկայացնի պետական և ավանդական տոների հիմնական բովանդակությունը».
վերջնարդյունքը հիմնական կրթական աստիճանի վերջնարդյունքում զարգանում է հետևյալ կերպ՝
«Կարողանա մասնակցել Հայաստանի հիմնախնդիրների քննարկմանը՝ օգտագործելով պատմության, բնության, բնակչության, պետության և տնտեսության մասին ունեցած համապատասխան գիտելիքները»,
իսկ միջնակարգ կրթական աստիճանում ՝
«Վերլուծի իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանի Հանրապետությունը որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր»: