Մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն
Ներածություն
Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված 8 կարողունակություններից է մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակությունը: Հանրակրթական պետական չափորոշչում մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակությունը ներկայացվում է հետևյալ կերպ. «սովորողներն առօրյա կյանքում օգտագործում են մաթեմատիկական մտածողություն՝ բնության, հասարակության, մշակույթի և աշխատանքային ոլորտի երևույթները ճանաչելու և դրանք մաթեմատիկական կառուցվածքների, բանաձևերի, մոդելների, կորերի, աղյուսակների միջոցով հասկանալու համար։ Աշակերտները կարողանում են ընկալել և արդյունավետ կիրառել վերացարկված և ընդհանրացված հասկացությունները և ճանաչել իրականության մեջ դրանց արտացոլումները: Նրանք ընկալում են բնագիտական մտածողության և աշխատանքի, ինչպես նաև տեխնիկական առաջընթացի միջև եղած փոխադարձ կապը։ Աշակերտներն ընկալում են տեխնոլոգիական գիտելիքի կիրառման հնարավորությունները մարդու պահանջմունքների համատեքստում, ճանաչում են մարդու գործունեության արդյունքում ի հայտ եկող փոփոխություններն ու սեփական պատասխանատվությունը»։
Ներկայումս մանկավարժության, մանկավարժական հոգեբանության, կրթության սոցիոլոգիայի ոլորտում չափորոշիչները կառուցվում են կարողունակ աշխատողի ձևավորման խնդրի լուծման շուրջ, որտեղ կարողունակությունը դիտարկվում է որպես ապագա մասնագետի անհատականության հատկանիշ, որի ձևավորվումը սկսվում է հանրակրթական ծրագրի շրջանակում՝ ընդգրկելով տարրական, հիմնական և միջնակարգ կրթական աստիճանները:
Այսպիսի մոտեցման պարագայում մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակության նպատակի ձևավորման գործիքակազմ են համարվում մետակրթական կառուցվածքները, սովորողի մոտ առարկայական չափորոշիչների հիման վրա ձևավորված գիտելիքները, հմտությունները, դիրքորոշումը և արժեքները, ինչպես նաև սոցիալական և նախամասնագիտական որակները: