Տնտեսական կարողունակությունը
Ներածություն
Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված 8 կարողունակություններից է տնտեսական կարողունակությունը:
Հանրակրթական պետական չափորոշչում տնտեսական կարողունակությունը ներկայացվում է հետևյալ կերպ. «աշակերտները համարժեք վերլուծում և գնահատում են մասնավոր ձեռնարկատիրության, ժողովրդական տնտեսության և համաշխարհային տնտեսական մակարդակներում տեղի ունեցող տնտեսական գործընթացները և պետության դերը տնտեսության մեջ, ինչպես նաև այդ գործընթացներում ճանաչում, գնահատում և արժևորում են կնոջ և տղամարդու ունեցած դերը։ Նրանք հասկանում են հասարակության, տնտեսության և քաղաքականության միջև եղած փոխազդեցությունները։ Աշակերտներն ընկալում են տնտեսական և հասարակական կարգերն ու ճանաչում են բնության և հասարակության փոխազդեցությունները, ինչպես նաև կայուն զարգացման ու շրջակա միջավայրի պահպանության գործում սեփական դերն ու պատասխանատվությունը»:
Հայաստանում սոցիալական զարգացման, սոցիալ-տնտեսական վերափոխումների իրավիճակի վերլուծությունը վկայում է, որ հասարակությունը տնտեսական ոլորտում իր ունեցած գիտելիքների և փորձի օգտագործման, աշխատաշուկայում իր կարողությունների նպատակային իրացման կարիք ունի: Միաժամանակ, ձևավորվել է հանրակրթական ծրագրերում տնտեսական գիտելիքների ներառման հանրային և պետական պահանջարկ, ինչը պայմանավորված է բազմակողմանի տնտեսական կարողություններ ունեցող շրջանավարտներ կրթելու քաղաքականության շարունակական դրսևորումներով: Այս խնդիրը Հայաստանի հանրակրթության ոլորտում ներկայանում է և՛ ֆորմալ կրթական ծրագրերի վերափոխումներով, և՛ առավել մոբիլ՝ կրթական ոչ ֆորմալ ծրագրերով ու ուսուցման տեխնոլոգիաներով:
Ներկայումս մանկավարժության, մանկավարժական հոգեբանության, կրթության սոցիոլոգիայի ոլորտում չափորոշիչները կառուցվում են կարողունակ աշխատողի ձևավորման խնդրի լուծման շուրջ, որտեղ կարողունակությունը դիտարկվում է որպես ապագա մասնագետի անհատականության հատկանիշ, որի ձևավորվումը սկսվում է հանրակրթական ծրագրի շրջանակում՝ ընդգրկելով տարրական, հիմնական և միջնակարգ կրթական աստիճանները:
Այսպիսի մոտեցման պարագայում տնտեսական կարողունակության նպատակի ձևավորման գործիքակազմ են համարվում մետակրթական կառուցվածքները, սովորողի մոտ առարկայական չափորոշիչների հիման վրա ձևավորված գիտելիքները, հմտությունները, դիրքորոշումը և արժեքները, ինչպես նաև սոցիալական և նախամասնագիտական որակները: