Տնտեսական կարողունակությունը
Տնտեսական կարողունակությունը ձևավորող վերջնարդյունքները
Հանրակրթության պետական չափորոշչով (ՀՊՉ) սահմանված կարողունակությունները (այդ թվում նաև տնտեսական) ձևավորելու նպատակով սահմանված են համապատասխան վերջնարդյունքներ:
Հանրակրթական տարրական ծրագրի շրջանավարտի ուսումնառության արդյունքում տնտեսական կարողունակությունների ձևավորման ակնկալվող վերջնարդյունքները ըստ հանրակրթության պետական չափորոշիչի.
- կատարի պարզ ֆինանսական գործողություններ՝ վերլուծելով իրավիճակը և հաշվի առնելով գումարը, ժամանակը և այլ ռեսուրսներն ու դրանք խնայելու, անվտանգ օգտագործելու կարևորությունը,
- ճանաչի և բերի ձեռնարկատիրական գործունեության օրինակներ,
- կարևորի աշխատանքը, ճանաչի տարբեր մասնագիտություններ և զբաղմունքներ, ըստ մասնագիտության աշխատանքային գործիքները և գործառույթները:
Հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության արդյունքում տնտեսական կարողունակությունների ձևավորման ակնկալվող վերջնարդյունքները ըստ հանրակրթության պետական չափորոշիչի.
- կարողանա մասնակցել Հայաստանի հիմնախնդիրների քննարկմանը՝ օգտագործելով պատմության, բնության, բնակչության, պետության և տնտեսության մասին ունեցած համապատասխան գիտելիքները,
- նկարագրի բնության, բնակչության և տնտեսության միջև եղած փոխադարձ կապերը և դրանց արդյունքում ձևավորված համակարգերը,
- նկարագրի կայուն զարգացման էությունը, հիմնական գաղափարները ու դրանց փոխադարձ կապերը,
- կարևորի անձնական, ընտանեկան և համայնքային բյուջեի կառավարումը և վերահսկողությունը՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը։ Բացատրի խնայողությունների և պարտքի դերն ու արդյունավետ կիրառելու մոտեցումները,
- վերլուծելով ֆինանսական տեղեկությունը՝ կարողանա համեմատել ֆինանսական ծառայություններ և կազմակերպություններ։ Ճանաչի ֆինանսական ոլորտում քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները,
- տարբերի ձեռնարկատիրական գործունեության տեսակները և իրականացման ձևերը, նկարագրի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և սկզբունքների կիրառման անհրաժեշտությունը բիզնես գործունեության մեջ,
- ցուցաբերի իր գործունեությունը պլանավորելու և ժամանակն արդյունավետ տնօրինելու կարողություններ:
Հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության արդյունքում տնտեսական կարողունակությունների ձեվավորման ակնկալվող վերջնարդյունքները ըստ հանրակրթության պետական չափորոշիչի.
- բացատրի տեխնոլոգիական նորամուծությունների գիտական հիմքերը, ներկայացնի տեխնոլոգիական ձեռքբերումները որպես գիտական և հետազոտական մտքի արգասիք, գիտակցի դրանց հետ կապված հնարավոր վտանգները բնության և մարդու համար,
- առաջադրի հետազոտական հարցադրումներ և վարկածներ, պլանավորի և իրականացնի հետազոտություններ՝ առաջարկելով համապատասխան մեթոդներ և բարելավման եղանակներ։ վերլուծի ստացված տվյալները առկա գիտելիքի և պատկերացումների համատեքստում, կատարի վերացարկումներ և ընդհանրացումներ,
- վերլուծի Հայաստանի Հանրապետության արդի հիմնախնդիրները և մարտահրավերները տեղական, տարածաշրջանային և գլոբալ համատեքստում, արձագանքի դրանց որպես իրազեկ, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի,
- ներկայացնի՝ ինչպես է գործում ֆինանսական համակարգը, գնահատի տարբեր ֆինանսական ծառայությունների հնարավորությունները և ռիսկերը, կայացնի կարճաժամկետ և երկարաժամկետ արդյունավետ, պատասխանատու և անվտանգ ֆինանսական որոշումներ,
- թվարկի բիզնես և աշխատանքային էթիկայի հիմնական նորմերը, բացատրի դրանց պահպանման անհրաժեշտությունը հաջողված ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար,
- վերլուծի և համադրի կայուն զարգացման և մարդկության հիմնախնդիրները և դրանց փոխադարձ կապերը,
- վերլուծի տնտեսության կառուցվածքի և զարգացման վրա ազդող հիմնական գործոնները,
- ունենա մասնագիտական կողմնորոշում՝ հիմնված աշխատաշուկայի պահանջարկի և ինքնաճանաչման վրա, և ներկայացնի իր նախընտրած մասնագիտությունը։
Ըստ տարրական, հիմնական և միջնակարգ կրթական աստիճանների վերջնարդյունքները հիմնականում ներկայացված են պարույրաձև զարգացման սկզբունքով:
Օրինակ՝ տարրական կրթական աստիճանում տրված տնտեսական կարողունակություն ձևավորող «կատարի պարզ ֆինանսական գործողություններ՝ վերլուծելով իրավիճակը և հաշվի առնելով գումարը, ժամանակը և այլ ռեսուրսներն ու դրանք խնայելու, անվտանգ օգտագործելու կարևորությունը» վերջնարդյունքը հիմնական կրթական աստիճանի վերջնարդյունքում զարգանում է հետևյալ կերպ.
- կարևորի անձնական, ընտանեկան և համայնքային բյուջեի կառավարումը և վերահսկողությունը՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը։ Բացատրի խնայողությունների և պարտքի դերն ու արդյունավետ կիրառելու մոտեցումները,
- վերլուծելով ֆինանսական տեղեկությունը՝ կարողանա համեմատել ֆինանսական ծառայություններ և կազմակերպություններ։ Ճանաչի ֆինանսական ոլորտում քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները:
Միջնակարգ կրթական աստիճանում պարույրաձև զարգացման արդյունքում ՀՊՉ-ում ներկայացված է հետևյալ վերջնարդյունքը. «ներկայացնի՝ ինչպես է գործում ֆինանսական համակարգը, գնահատի տարբեր ֆինանսական ծառայությունների հնարավորությունները և ռիսկերը, կայացնի կարճաժամկետ և երկարաժամկետ արդյունավետ, պատասխանատու և անվտանգ ֆինանսական որոշումներ»: