Ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն

Ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակությունը ձևավորող վերջնարդյունքները

Հանրակրթության պետական չափորոշչով (ՀՊՉ) սահմանված կարողունակությունները (այդ թվում նաև՝ ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակությունը) ձևավորելու նպատակով սահմանված են համապատասխան վերջնարդյունքներ: 

Հանրակրթական տարրական ծրագրի շրջանավարտի ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակության ձևավորմանը նպատակաուղղված վերջնարդյունքները.

  • ճանաչի իր հայրենիքը, ներկայացնի տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության, մշակույթի մասին.

  • ճանաչի և հարգի Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները և ներկայացնի պետական և ավանդական տոների հիմնական բովանդակությունը.

  • ճանաչի և հոգատար վերաբերմունք ցուցաբերի իր բնակավայրի և համայնքի բնության և պատմամշակութային ժառանգության օբյեկտների հանդեպ. 

  • ճանաչի և պահպանի հասարակական վարքի՝ իրեն առնչվող կանոններն ու իրավունքները, հարգի ուրիշ մարդկանց, ընկալի յուրաքանչյուր մարդու առանձնահատուկ և արժեքավոր լինելը. 

  • ստեղծի ընկերական հարաբերություններ, լսի, հասկանա, ապրումակցի, քաջալերի և աջակցի մյուսներին, համագործակցի տարբեր ձևաչափերով, դրսևորի դրական վերաբերմունք, ձգտի կոնֆլիկտների խաղաղ լուծմանը.

  • ճանաչի իր ընտանեկան, ազգային և քաղաքացիական պատկանելությունը. ցուցաբերի այլ ազգերի, ավանդույթների, արժեքների նկատմամբ հետաքրքրություն և հարգանք.

Հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակության ձևավորմանը նպատակաուղղված վերջնարդյունքները.

  • նկարագրի տարբեր ժամանակաշրջանների բնական միջավայրի, հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումների, հայոց և համաշխարհային պատմության իրադարձությունների փոխկապակցվածությունը.

  • կարողանա մասնակցել Հայաստանի հիմնախնդիրների քննարկմանը՝ օգտագործելով պատմության, բնության, բնակչության, պետության և տնտեսության մասին ունեցած համապատասխան գիտելիքները.

  • նկարագրի բնության, բնակչության և տնտեսության միջև եղած փոխադարձ կապերը և դրանց արդյունքում ձևավորված համակարգերը.

  • նկարագրի կայուն զարգացման էությունը, հիմնական գաղափարները ու դրանց փոխադարձ կապերը.

  • կարևորի անձնական, ընտանեկան և համայնքային բյուջեի կառավարումը և վերահսկողությունը՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը։ Բացատրի խնայողությունների և պարտքի դերն ու արդյունավետ կիրառելու մոտեցումները. 

  • հետևի հասարակական համակեցության կանոններին և նորմերին, բացատրի դրանց կարևորությունը, ցուցաբերի պատասխանատու և հանրօգուտ վարքագիծ. 

  • տարբերակի և համեմատի աշխարհաճանաչողության ձևերը և դրանց առանձնահատկությունները.

  • գնահատի իր և ուրիշների կարծիքն ու փաստարկները, վերլուծի պատճառահետևանքային կապերը և կայացնի որոշումներ.

  • բացատրի կոնֆլիկտների ազդեցությունը միջանձնային և միջխմբային հարաբերությունների վրա, ըստ անհրաժեշտության կիրառի կոնֆլիկտների խաղաղ լուծման տարբեր ձևեր.

  • կարողանա հավասարակշռել և ներդաշնակել իր զգացմունքները, ցանկությունները, կարիքները, նպատակները, հակումները, ընդունել սեփական յուրահատկությունները.

  • դիմակայի ճնշումներին և իմանա՝ ում դիմի աջակցության և խորհրդատվության համար.

  • ներկայացնի երեխայի, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները, բացատրի, թե ինչ դեր ունեն անհատը և պետությունը դրանք հարգելու և պաշտպանելու գործում.

  • բացատրի քաղաքացիության, իրավունքի ու պարտականության էությունը և ժողովրդավարության նշանակությունը սոցիալական արդար և ներդաշնակ համակեցության ապահովման գործում.

  • հիմնավորի հասարակական բոլոր գործընթացներում հավասար հնարավորությունների ընձեռման նշանակությունը, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և իրավունքների մասով.

  • ցուցաբերի հանդուրժողականություն, ապրումակցում և մարդասիրություն.

  • ճանաչի տարբեր ժամանակաշրջանների, ազգերի և մշակութային-գաղափարային խմբերի արժեքները, բացատրի դրանց ազդեցությունն ու արտացոլումը տեղական և համաշխարհային մշակույթի մեջ.

  • ճանաչի և արժևորի իր ազգային մշակույթը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դրա առանձնահատկությունները և ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ.


Հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակության ձևավորմանը նպատակաուղղված վերջնարդյունքները.

  • քննարկի, հայտնի դիրքորոշում և կատարի գիտակցված ընտրություն աշխարհաճանաչողության ձևերի վերաբերյալ.

  • գնահատի կայուն զարգացման ապահովման հնարավորությունները տարբեր ռեսուրսների կառավարման և պլանավորված օգտագործման միջոցով.

  • նախաձեռնի, պլանավորի և իրականացնի բնապահպանական միջոցառումներ. 

  • համեմատի և վերլուծի հասարակական և քաղաքական երևույթների և գործընթացների տարբեր մեկնաբանություններ, արտահայտի հիմնավորված դիրքորոշում դրանց վերաբերյալ.

  • վերլուծի իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանի Հանրապետությունը որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր.

  • վերլուծի Հայաստանի Հանրապետության արդի հիմնախնդիրները և մարտահրավերները տեղական, տարածաշրջանային և գլոբալ համատեքստում, արձագանքի դրանց որպես իրազեկ, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի.

  • վերլուծի և համադրի կայուն զարգացման և մարդկության հիմնախնդիրները և դրանց փոխադարձ կապերը.

  • վերլուծի տնտեսության կառուցվածքի և զարգացման վրա ազդող հիմնական գործոնները.

  • ցուցաբերի հարգանք և անաչառ, անհատական ու ինքնագիտակից մոտեցում ավանդույթների և հասարակական համակեցության կանոնների վերաբերյալ՝ դիտարկելով դրանք մարդու իրավունքների և այլ անձանց նկատմամբ հարգանքի տեսանկյունից.

  • անկողմնակալ և առանց նախապաշարմունքների վերաբերվի ենթադրություններին

  • կարևորի իր՝ որպես քաղաքացու դերը հասարակության մեջ սոցիալական արդարության և ժողովրդավարական մշակույթի ձևավորման գործում, ցուցաբերի հարգանք ցանկացած մարդու արժանապատվության, հիմնարար իրավունքների և ազատությունների հանդեպ.

  • ճանաչի և տարբերակի բռնության դրսևորումները, կարողանա արձագանքել, դիմակայել, խուսափել և պաշտպանվել.

  • ցուցաբերի ակտիվ դիրքորոշում հասարակական գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընձեռման ապահովման համար.

  • ճանաչի իր դերը և պատասխանատվությունը ընտանիքում, խմբում և հասարակության մեջ.

  • դրսևորի հարգալից և հոգատար վերաբերմունք ազգային և համաշխարհային արվեստի արժեքների նկատմամբ, ցուցաբերի մշակույթի իմացություն և դրա հետ հաղորդակցվելու ձգտում.

  • ներկայացնի հայ մշակույթի տեղն ու դերը համաշխարհային մշակույթում և համաշխարհային մշակույթի դերը համամարդկային արժեքների համատեքստում.

  • կարևորի իր՝ հայկական և համաշխարհային պատմամշակութային արժեքների ժառանգորդ լինելը և ցուցաբերի պատասխանատու վերաբերմունք դրանց պահպանման գործում.

  • տեղեկացված լինի մարդու վերարտադրողական առողջության պահպանման, ընտանիքի, անձնական կյանքի պլանավորման մասին.

 

Ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակության զարգացմանն ուղղված բազմաթիվ վերջնարդյուքներից մեկի օրինակով ներկայացնենք, թե ինչպես են նույն նպատակին տանող վերջնարդյունքները տարբեր կրթական աստիճաններում ապահովում աստիճանական զարգացում:

Տարրական կրթական աստիճանում ժողովրդավարական և քաղաքացիական  կարողունակություն ձևավորող 

«Ճանաչի և հարգի Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները և ներկայացնի պետական և ավանդական տոների հիմնական բովանդակությունը».

վերջնարդյունքը հիմնական կրթական աստիճանի վերջնարդյունքում զարգանում է հետևյալ կերպ՝ 

«Կարողանա մասնակցել Հայաստանի հիմնախնդիրների քննարկմանը՝ օգտագործելով պատմության, բնության, բնակչության, պետության և տնտեսության մասին ունեցած համապատասխան գիտելիքները»,

 իսկ միջնակարգ կրթական աստիճանում ՝ 

«Վերլուծի իր ազգի ձևավորման և զարգացման պատմական ուղին, քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանի Հանրապետությունը որպես իր ներկան և ապագան կերտելու միջավայր»: