Ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն

Ներածություն

Ըստ հանրակրթության պետական չափորոշչի՝ ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակությունը ներկայացվում է հետևյալ կերպ. «Սովորողները նպաստում են ժողովրդավարության, ազատության, բարեվարքության, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարի վրա հենվող հասարակության զարգացմանը։ Նրանք ճանաչողության միջոցով ձևավորում են սեր հայրենիքի նկատմամբ, գիտակցում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից բխող ազգային, պետական, հասարակական շահերն ու առաջնահերթությունները տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում: Սովորողներն արժևորում են մարդու կյանքն ու արժանապատվությունը, կարևորում են սեփական քաղաքացիական պարտքը, քաղաքացիական մասնակցության մշակույթը՝ որպես ժողովրդավարության կենսունակության հիմք: Նրանք ճանաչում են հասարակության կյանքի մշակութային, պետաիրավական և տնտեսական ոլորտներն ու համակողմանի վերլուծում դրանք, ցուցաբերում են նախաձեռնողականություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու, դրանք իրագործելու ունակություն և հետևանքների համար պատասխանատու լինելու պատրաստակամություն»:  (ՀՊՉ 2021, (II, 4-րդ կետ) https://www.arlis.am/documentview.aspx?docid=149788 )

Ժամանակակից կրթության համակարգերն ու ուսումնական հաստատությունները պետք է երիտասարդներին պատրաստեն՝ դառնալու ակտիվ, հաղորդակից և պատասխանատու անհատներ. սովորողներն պետք է իմանան և հասկանան իրենց առջև ծառացած մարտահրավերները և իրենց որոշումների հետևանքները, թե ինչ են իրենք ի վիճակի անել և ինչ չպետք է անեն։ Այս ամենի համար նրանց անհրաժեշտ է ոչ միայն գիտելիք, այլ նաև համապատասխան կարողունակություններ (կոմպետենցիաներ): Ժողովրդավարական կրթությունը պետք է լինի անձի լիարժեք կրթության համընդգրկուն և շաղկապված տեսլականի մի մասը։ Եվրոպայի խորհուրդն ներկայացնում է կրթության տեսլականը, որը ներառում է չորս գլխավոր նպատակ.

► պատրաստել աշխատաշուկային.

► պատրաստել կյանքին՝ որպես ժողովրդավարական հասարակության ակտիվ քաղաքացի.

► ապահովել անձնային զարգացում.

► ձևավորել և պահպանել լայն, առաջանցիկ գիտելիքի բազա։ 

Բոլոր այս չորս նպատակներն անհրաժեշտ են, որպեսզի անհատները կարողանան ապրել անկախ կյանքով և որպես ակտիվ քաղաքացի մասնակցություն ունենան ժամանակակից, արագ փոփոխվող հասարակարգերին՝ բոլոր բնագավառներում։ Դրանք հավասարապես արժեքավոր են և փոխլրացնում են միմյանց։ Օրինակ՝ աշխատունակության համար մարդկանց անհրաժեշտ կարողություններից շատերը, օրինակ՝ վերլուծական, հաղորդակցական, խմբում աշխատելու կարողությունները ևս օգնում են դարձնել նրանց ժողովրդավարական հասարակության ակտիվ քաղաքացիներ և հիմնարար նշանակություն ունեն նրանց դաստիարակության համար։ Քանի որ մշակութային, տեխնոլոգիական և ժողովրդագրական փոփոխությունները պահանջում են անընդհատ սովորելու, մտազննելու և աշխատանքում նոր մարտահրավերներին և հնարավորություններին համապատասխան գործելու պատրաստակամություն՝ թե՛ մասնավոր, և թե՛ հանրային կյանքում, հետևաբար բոլոր չորս նպատակներին անհատները պետք է հետամուտ լինեն իրենց կյանքի ողջ ընթացքում։ Պետական մարմինների գործառույթն է օգնել նրանց այդ հարցում՝ ապահովելով ցկյանս կրթության բավարար համակարգ (https://rm.coe.int/prems-000821-arm-2510-reference-framework-vol-1-couv-texte-16x24-web/1680a1b757)։ 

Ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակության զարգացումը սովորողի դաստիարակության կարևորագույն դրույթներից մեկն է, այն տվյալ երկրի քաղաքացու կրթությունն ու դաստաիարկությունն է, ով ճանաչում է իր հայրենիքը, պատրաստ է պաշտպանել ու զարգացնել իր պետությունն ու ազատությունը: Ժողովրդավարական և քաղաքացիական կրթությունը սկսվում է վաղ մանկությունից` ծնողների պատմություններով պատմության, մշակույթի, ազգային ավանդույթների, բնության և իրենց պետության ձեռքբերումների մասին: Անհրաժեշտ է անձնական օրինակով երեխաների մոտ սերմանել հարգանք ու հպարտություն հայրենիքի նկատմամբ, իրենց երկրի ճակատագրի համար պատասխանատվությունը, ազգային ավանդույթների նկատմամբ սերն ու հարգանքը դիտարկել այլ ազգերի և մշակույթների իմացության համատեքստում:

Դպրոցականների ժողովրդավարական և քաղաքացիական կրթության ժամանակակից մեթոդները սկսվում են տնից, դպրոցից, դասընկերների և ուսուցիչների հանդեպ հարգանքից, իր տեսակի պատմության, բնակավայրի, տեղական ավանդույթների և բանահյուսության ուսումնասիրությունից, սկսած ընտանիքի, փոքր հայրենիքի և սեփական երկրի արժեքի ընկալմամբ: Երեխայի՝ հայրենիքի հանդեպ սիրո զգացումը պետք է լցվի անձնական հուզական փորձառություններով և կապերով: Ժամանակակից աշխարհում մեծ են տարբեր երկրների երիտասարդների հետ շփվելու, ծանոթանալու հնարավորությունները, սակայն համաշխարհային մշակույթը ուսումնասիրելով հանդերձ, միևնույն ժամանակ պետք է կարողանան պահպանել իրենց ազգային դիմագիծը՝ լինելով սեփական մշակույթը կրողը: Այս ամենը պետք է ուղղված լինի մարդկային արժանապատվության զարգացմանը, որի սկիզբը այլ ազգերի հանդեպ անհարգալից վերաբերմունքի վերացումն է: Անհրաժեշտ է հպարտանալ սեփական երկրի պատմությամբ, ձեռքբերումներով, մշակույթով, լեզվով, ըմբռնել նրա ինքնության կարևորությունը: Մշակույթի, պատմության, գիտության մասին գիտելիք ստանալու ցանկության վրա պետք է հենված լինի սովորողների ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակության զարգացումը: