Սթիվ Փիքը՝ սոցիալական ձեռնարկատիրության մասին

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ և Չիվնինգ շրջանավարտների համագործակցության հիմնադրամի 2016-17 փոքր դրամաշնորհների տրամադրման ծրագրի շրջանակներում Չիվնինգ շրջանավարտ Արման Ուդումյանը Հայաստան էր հրավիրել բրիտանացի մշակութային գործիչ և սոցիալական ձեռնարկատեր Սթիվ Փիքին՝ կիսելու սոցիալական ձեռնարկատիրության (ՍՁ) ոլորտում Մեծ Բրիտանիայի լավագույն փորձը, ինչպես նաև Լոնդոնում և Բրայթոնում սոցիալական ձեռնարկությունների ստեղծման իր անձնական փորձառությունը : Իր այցի ընթացքում Փիքը մի շարք հանդիպումներ ունեցավ ՍՁ ոլորտի ներկայացուցիչ տարբեր ՀԿ-ների, Խորհրդարանի անդամների, ինչպես նաև ոլորտի այլ շահագրգիռ դերակատարների հետ:

Իր կարճատև այցի ժամանակ Սթիվը մեծահոգաբար համաձայնեց մասնակցել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով ծրագրին, որի շրջանակներում ԿԱԶԱ-ն հանդես է գալիս որպես իրականացնող գործընկեր, և տեսադասախոսություն կարդալ Հիմնադրամի կողմից մշակվող Սոցիալական Ձեռնարկատիրություն դասընթացի առցանց բաղադրիչի համար, որի նպատակն է նախապատրաստել ՀՀ-ում սոցիալական ձեռներեցներին՝ հիմնելու հաջողակ և նորարարական ստարտափեր:

Դասախոսությունը, որը  տեսագրվեց Էսպաս երիտասարդական կրթամշակութային կենտրոնի գրադարանում, ներկայացնում է Սթիվի մտքերը՝ հաջող ՍՁ ստարտափի նախագծման և գործարկման վերաբերյալ, պատմում՝ ինչպես և ինչու Սթիվը դարձավ սոցիալական ձեռնարկատեր, ինչպիսի ՍՁ-ներ է նա հաջողությամբ հիմնել տարիների ընթացքում : Բացի այդ, Սթիվը կիսվում է նաև բազում այլ հետաքրքիր գաղափարներով, որոնք իրականացվել են Մեծ Բրիտանիայում և կարող են կիրառելի լինել հայ իրականության մեջ ևս:

Մենք անչափ ուրախ և ոգևորված ենք հայտնելու, որ տեսանյութը շուտով կտեղադրվի մեր էլեկտրոնային ուսուցման հարթակում: Դասախոսությունը հասանալի կլինի Սոցիալական ձեռնարկատիրություն դասընթացին գրանցված մեր մասնակիցների համար՝ անգլերեն և հայերեն լեզուներով:

Սթիվ Փիքը Մեծ Բրիտանիայի Բրայթոն քաղաքում հաստատված մշակութային գործիչ և սոցիալական ձեռնարկատեր է: Նա «Բնիկներ» արվեստի կրթական բարեգործական կազմակերպության տնօրենն է, որը կազմակերպչական և կառավարման ծառայություններ է տրամադրում Աֆրիկյան ավանդական և էթնիկ երաժշտության ​​և պարային խմբերին : Կազմակերպության նպատակն է խթանել սոցիալական համախմբվածություն, սոցիալական ներառում և բարեկեցություն՝ համայնքային ստեղծագործական մտքի զարգացմանը միտված ծրագրերին մասնակցության միջոցով: Սթիվ Փիքը հանդես է գալիս նաև որպես «Կակացիցի- վարպետ թմբկահարներ Գանայից» խմբի մենեջեր. խումբն աֆրիկյան ավանդական երաժշտական աշխարհի առաջատարներից է և պարբերաբար հանդես է գալիս Մեծ Բրիտանիայում՝ կատարումներով և ուսուցանելով : Բացի այդ, Սթիվը նաև Սիներջի երիտասարդական և համայնքային կենտրոնի համահիմնադիրն է: Կենտրոնը մատչելի տարածք է տրամադրում տեղական ընտանիքներին, համայնքային և մշակութային խմբերին, ինչպես նաև իրականացնում է արտադասարանային ծրագրեր անապահով ընտանիքների՝ ռիսկային խմբերում հայտնվելու վտանգի տակ գտնվող երիտասարդների համար (ներգրավում ավազակախմբերում, հակասոցիալական վարքագիծ): 

Սթիվ Փիքի մասին լրացուցիչ տեղեկությունների համար` այստեղ:   

Last modified: Saturday, 18 June 2016, 4:35 PM