Մեր մասին

Հեռավար ուսուցում

Այսօր հեռավար ուսուցումն արագորեն զարգացող և հեռանկարային ոլորտներից մեկն է, որի առաքելությունն է տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով բարելավել կրթական համակարգը: Այն ոչ միայն գիտելիքի ձեռք բերման և փոխանակման միջոց է, այլև ուսանողների և դասավանդողների միջև փոխգործունեության և համագործակցության ստեղծման միջոց:

Մեր դասընթացները հիմնված են ուսուցման խառը մոդելի վրա, դրանք համատեղում են առկա հանդիպումները հեռավար ուսուցման հետ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խառը մոդելը խթանում է ուսանողների ներգրավվածությունը, կատարողականությունը և հաճախելիությունը:

Հեռավար ուսուցումը հնարավորություն է տալիս կազմելու ուսուցման անհատական գրաֆիկ – նայել կարճ տեսանյութեր, օգտվել ընթերցանության նյութերից, գնահատել առաջընթացը պատասխանելով հարցաշարերին, կապ հաստատել հավասարակիցների և դասավանդողների հետ, մասնակցել անհատական և խմբակային աշխատանքների՝ ցանկացած վայրից և ցանկացած ժամանակ:

Հեռավար ուսուցման հարթակից օգտվելով Դուք կարող եք խթանել Ձեր կարիերայի աճը, ձեռք բերելով դրա համար անհրաժեշտ գիտելիքներ և համակարգչային հմտություններ, և կախված դասընթացից ստանալ ավարտական վկայական:

Հեռավար ուսուցումը հնարավորություն է տալիս այս ամենը հասանելի դարձնել ոչ միայն Երևանում այլև Հայաստանի բոլոր մարզերում:

Ներկայումս հիմնադրամը հեռավար ուսուցումն օգտագործում է իր բոլոր ծրագրերում։ Մենք շարունակաբար մշակում ենք հայալեզու դասընթացներ և դրանք հասանելի դարձնում մեր շահառուներին հեռավար ուսուցման հարթակի միջոցով։ Դասընթացները խթանում են շահառուների անձնական և մասնագիտական աճը և աջակցում աշխատանքի որոնման գործում՝ նպաստելով գործազրկության մակարդակի կրճատմանը Հայաստանում։ 

Պատմություն

«ԿԱԶԱ» հիմնադրամը հեռավար ուսուցման ոլորտում իր գործունեությունը սկսել է 2000թ.-ից, ստեղծելով համայնքային ինտերնետ կենտրոններ, Ynternet.org.-ի կողմից կատարված զգալի ներդրմամբ։ Հիմնադրամը նպաստել է նաև հայկական ինտերնետային մշակույթի մասին ավելի քան 100 հայերեն հոդվածների հրապարակմանը։

Հիմնադրամն առաջիններից էր, որ սկսեց աշխատանքներ ծավալել Հայաստանում հեռավար ուսուցման զարգացման ուղղությամբ: Սկզբում, մասնակցելով ամենատարածված հեռավար ուսուցման միջավայրերից մեկի՝ Moodle-ի, հայերեն թարգմանությանը, այնուհետև 2012թ.-ին, ստեղծելով շարունակական կրթության առաջին հայերեն հեռավար դասընթացը՝ «Զբոսավարների պատրաստում»:

Առաքելություն

Հիմնադրամի երկարաժամկետ նպատակն է Հայաստան բերել կրթության ոլորտում կիրառվող տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների նորարարական լուծումները և համաշխհարային փորձը: Այս նպատակով, Հիմնադրամը պարբերաբար Հայաստան է հրավիրում ոլորտում հետաքրքիր ասելիք ունեցող մարդկանց:

Միջոցառումներ

2010թ.-ին իր տպավորիչ հանրային դասախոսությունների շարքով Հայաստան ժամանեց ազատ ծրագրային ապահովման շարժման հիմնադիր, GNU նախագծի հեղինակ Ռիչարդ Սթոլմանը, ինչը մեծ արձագանքի արժանացավ մասնավորապես Վիքիպեդիայի կամավորների շրջանակներում:

2014թ.-ին Հիմնադրամը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացրեց առցանց տեխնոլոգիաների և կրթության ազդեցության վերաբերյալ ԿՐԹՈՒԹՅԱՆ «ԱՆՍԱՀՄԱՆԱՑՈՒՄ» ֆորումը, որի գլխավոր խոսնակն էր խոշոր բաց առցանց դասընթացների (MOOC: Massive Open Online Course) համահեղինակ Սթիվեն Դաունսը։

Հիմնադրամի կողմից իրականացվող միջոցառումների մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Last modified: Saturday, 14 May 2016, 12:30 PM