Ինքնագնահատման և հաղորդակցական, սոցիալական հմտությունները
Շրջապատի հետ արդյունավետ հարաբերվելու անկյունաքարը օբյեկտիվ ինքնագնահատականն է: Իրենք իրենց հանդեպ դրական դիրքորոշում ունեցող երեխաները ավելի շուտ են դրական ընկալում ուրիշներին: Եթե ուզում ենք, որ երեխաները ընկալունակ լինեն, մարդկանց զանազան խմբերի հանդեպ հարգանքի, հավասարության գիտակցում ունենան, շատ կարևոր է, որ նրանց մոտ ձևավորվի ինքնարժևորումը: Այս զգացումը նրանց օգնում է նոր ոլորտներ թափանցել՝ հակասական երևույթները քննելու, սովորելու, նոր, անծանոթ տեսակետներ ձևավորելու խնդրում:
Ցածր ինքնագնահատականը միջանձնային կոնֆլիկտների աղբյուր է համարվում: Ենթադրվում է, որ դժվարություններ ունեցող ագրեսիվ երեխաները, հասակակիցների հետ հարաբերվելիս իրականում փորձում են այս կերպ փոխհատուցել ցածր ինքնագնահատականը: Իհարկե, սա չի արդարացնում նման վարքագիծը և ուսուցիչը պետք է փորձի բացատրել երեխային, որ այն աններելի է և անթույլատրելի:
Հետազոտությունները պարզել են, որ իրենք իրենց, նաև՝ ուրիշների, արժեքը գնահատող երեխաներն առավել հակված են չհանդուրժելու խտրականությունն ու անհավասարությունը, առավել պատրաստ են պայքարելու անարդարության դրսևորումների դեմ: Բարձր ինքնագնահատականն ուղիղ համեմատական է ճգնաժամի պարագայում պայքարելու պատրաստակամությանը, ի հակադրություն հուսահատվելուն, կամ պասիվորեն մեկ ուրիշից լուծում սպասելուն: Ուրեմն, եթե ուզում ենք, որ երեխան պատրաստ լինի որոշում կայացնելու և արդյունավետ գործելու, անհրաժեշտ է նրա մեջ ինքնարժևորում ձևավորել:
Հատկապես կարևոր է, ինքնարժևորում ձևավորել այն խմբի երեխաների մեջ, որոնք առավել ենթակա են խտրականության: Նախապաշարումներին դիմակայելու վերջիններիս ունակությունը մեծապես կախված է նրանց՝ իրենց իսկ հանդեպ ունեցած, գնահատականից:
Ինքնարժևորում ձևավորելու պրոցեսում պետք է կարևորել նաև երեխաների՝ այլոց ուժեղ կողմերը նկատելու և գնահատելու կարողությունը:
Ուսուցիչները նկատել են, որ իրական ինքնագնահատական ունեցող երեխաներին հատուկ են հետևյալ հատկանիշները.
-
իրենց թե՛ ուժեղ, թե՛ թույլ կողմերը իրատեսորեն գնահատելու ունակություն,
-
ուրիշների արժանիքը տեսնելու ունակություն,
-
առանց պաշտպանվողի դիրք ընդունելու, քննադատությունը և այլ առաջարկներ հանգիստ ընդունելու ունակություն,
-
համագործակցելու ունակություն՝ ընդունելով խմբի բոլոր անդամների ներդրումները, առանց փորձելու իր մտքերը մյուսներին պարտադրել կամ նրանց իշխել,
-
կոնֆլիկտային իրավիճակներում տրամաբանված, հավասարակշռված կեցվածք ընդունելու ունակություն, առանց խոսքային կամ ֆիզիկական բռնության դիմելու:
Այս դիտարկումները հատկապես ուշագրավ են, երբ համեմատում ենք որոշ ուսուցիչների այն մտավախությունների հետ, թե՝ երեխայի մեջ բարձր ինքնագնահատական դաստիարակելով, կարող ենք ձևավորել ինքնագոհ, եսակենտրոն անհատներ, որոնք անտարբեր կլինեն շրջապատի հանդեպ:
Բազմապատկվում են վկայություններն այն մասին ևս, որ բարձր ինքնագնահատական ունեցող երեխաներն ավելի են առաջադիմում նաև ակադեմիական նվաճումների առումով:
Ուսուցիչները պարտավոր են ազնիվ լինել իրենց աշակերտների հետ: Երեխաները բնազդով զգում են կեղծիքը և կարող են կորցնել վստահությունն այն մեծահասակի հանդեպ, որն անկեղծ չէ իրենց հետ: Սխալ է նաև այն կարծիքը, թե երեխաներն ինքնագնահատական չունեն, քանի դեռ մենք նրանց մեջ չենք ձևավորել այն: Ինքնարժևորման ձևավորումն ինքնանպատակ չէ, այլ տքնաջան աշխատանք է, որի ընթացքում ուսուցիչն անընդհատ սատարում է աշակերտին՝ ինքնաճանաչումը շարունակաբար խթանելով:
Ինքնարժևորման զարգացման գործընթացում կարևորվում է հետևյալ հմտությունների ձևավորումը.
-
-
ինքնաճանաչում,
-
որոշում կայացնել,
-
ստեղծագործաբար մտածել,
-
քննադատաբար մտածել,
-
ապրումակցել:
-
Այս հմտությունները միմյանց հետ շղթայաբար փոխկապակցված են, և դրանց ձևավորման արդյունքում ամբողջական է դառնում անձի ինքնարժևորումը:
Արդյունավետ շփումը կարևորագույն գործոն է հարմարունակության ձևավորման խնդրում: Աշակերտներն արդյունավետ են շփվում, երբ.
-
-
արդյունավետ հաղորդակցվում են,
-
արդյունավետ համագործակցում են,
-
քննադատորեն վերլուծում են ստացած ինֆորմացիան և միջավայրը,
-
արդյունավետ լուծում են կոնֆլիկտները:
-
Որպեսզի մեր դիրքորոշումը հասկանալի լինի մյուսներին, մենք պետք է կարողանանք մեր մտքերն ու զգացմունքները ճիշտ ներկայացնել:
Լսելու, ինֆորմացիա կլանելու, հարցեր տալու կարողությունը երեխաներին հնարավորություն է տալիս գիտակցել աշխարհում և իրենց շուրջ տեղի ունեցող երևույթները: Այլ կարծիքների ընկալունակության ձևավորումը կատարվում է հստակ ինքնարտահայտման և ըմբռնելով լսելու կարողությունների հիման վրա:
Հաղորդակցվել կարողանալը, հատկապես երբ խոսքը զգացմունքների արտահայտման մասին է, կարող է արդարության գաղափարին անդրադառնալու համար հիմք ծառայել: Եթե երեխան, իր հանդեպ անարդարացի վերաբերմունքի դեպքում, կարողանում է արտահայտել իր զգացածը, նա նաև կկարողանա պատկերացնել այլոց՝ անարդարացի վերաբերմունքի արժանացածների, զգացմունքները: Հետևաբար, արդյունավետ հաղորդակցումն ու համագործակցությունը նպաստում են ուրիշների տեսակետն ընդունել կարողանալուն, նրանց զգացմունքներն ու տրամադրությունները հասկանալուն:
Դպրոցական օրվա բնականոն ընթացքը հագեցած է այնպիսի իրավիճակներով, երբ աշակերտները, ուսուցչի հմուտ ուղղորդմամբ, հնարավորություն ունեն հաղորդակցման հմտություններ ձևավորել:
Մարդուն չեք կարող նոր բան սովորեցնել, կարող եք միայն օգնել, որ նա այդ բանը գտնի ինքն իր մեջ:
Գալիլեյ
Ավանդական դպրոցում ուսման տասը տարիներն ամբողջովին կանխատեսելի են աշակերտների համար. դասեր, մրցակցություն, դասագրքեր, ստուգողական աշխատնքներ…: Այն ընտրության հնարավորություն գրեթե չի տալիս երեխաներին: Եթե ուզում ենք ժամանակակից կյանքի պահանջներին պատրաստ սերունդ ունենալ, նախ և առաջ պետք է փորձենք օգնել երեխաներին, որպեսզի մեծանալով դառնան պատասխանատու քաղաքացիներ, ունենան անհատական մտածողություն, լինեն ինքնուրույն: Այս ամենի համար կարևոր է, որ նրանք կարողանան պատասխանատու որոշումներ կայացնել, ծառացած խնդիրների համար լուծումներ առաջարկել: Երեխաներին ընտրության հնարավորություն տալով` օգնում ենք սրել նրանց կարողությունները, որոնք հետագայում կնպաստեն ավելի համարձակ որոշումներ կայացնելուն:
Ի՞նչ են որոշումները, և ի՞նչ են խնդիրները:
Որոշումներն ունեցած տեղեկությունների հիման վրա արված դատողություններն ու եզրահանգումներն են: Խնդիրները երկընտրանքներն են, որոնք հարկավոր է վերլուծել՝ որոշումներ կայացնելու համար:
Համագործակցությամբ որոշումներ կայացնել կարողանալը երեխաներին նախապատրաստում է ժողովրդավարական հասարակության մեջ ապրելուն: Սակայն նույնիսկ պարզագույն հարցերի վերաբերյալ համաձայնության հասնելը բավական բարդ խնդիր է: Հատկապես մեծահասակներիս համար երբեմն շատ դժվար է գործնականում համագործակցությամբ խնդիրներ լուծելը: Մեր առաջին մղումն է լինում լուծման մեր տարբերակն առաջարկել, և եթե երեխաներն այն ուշադրության չեն արժանացնում՝ հուսահատվում կամ դժգոհում ենք: Մինչդեռ, պետք է երեխաներին թույլ տալ ինքնուրույն մտածել, պետք չէ ասել այն, ինչ նրանք արդեն գիտեն կամ կարող են կռահել: Կարևոր է խրախուսել, որպեսզի հնարավորինս ինքնուրույն եզրահանգումներ անեն:
Երեխաները որքան ավելի հնարավորություն ունենան մտորելու և ինքնուրույն վերլուծելու իրենց շուրջ տեղի ունեցող երևույթները, համադրելու միմյանց դիտարկումները՝ դրանց հիման վրա եզրահանգումներ անելով, այնքան ավելի լավ պատրաստված կլինեն բացահայտելու, պահպանելու և փոփոխելու իրենց շրջապատող աշխարհը:
Որքան ավելի հնարավորություն տանք, որպեսզի իրենք փորձեն ծագած խնդիրների համար լուծումներ առաջարկել՝ միասին անցնելով կասկածների, մերժելու, որոնումների ճանապարհը, ծանրութեթև անելով թեր և դեմ կողմերը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ նրանք պատրաստ կլինեն պատասխանատվություն ստանձնել իրենց իսկ առաջարկած լուծումների արդյունավետության, ապա և իրագործման համար:
Հենց սրանում էլ կայանում է անհատի ուժը:
«Չկա ավելի վտանգավոր բան, քան միտքը, եթե այն միակն է:»
Էմիլի Շարտյե
Լավ մտահղացում ունենալու լավագույն միջոցը շատ մտահղացումներ ունենալն է:
Լայնուս Փոլինգ
Ներկայիս երիտասարդ սերնդի համար առաջնահերթ է նաև կապերի գիտակցումը: Փոխկախվածության գաղափարի գիտակցումն օգնում է աշխարհն ընկալել որպես համակարգ, գիտակցել այդ համակարգում հարաբերությունների ոստայնը, այդ ոստայնի տարբեր մասերի միջև գոյություն ունեցող նրբին կապերը: Աշխարհի բոլոր մասերը, երբեմն՝ ակնհայտ, երբեմն՝ աներևույթ կապերով, փոխկապակցված են: Ոչ միայն վայրերն ու առարկաները, նաև խնդիրներն են փոխկապակցված:
Փոխադարձ կապն ու կախվածությունը նոր գաղափարներ չեն: Մարդիկ միշտ էլ՝ իրար հետ շփվելիս, հետազոտելիս, գաղութներ հիմնելիս, միգրացիայի, առևտրի ժամանակ, կապեր են հաստատել: Արժեքներ ու գաղափարներ են փոխանակվել, փոխառնվել են մշակութային տարրեր և այլն: Սակայն պատմական հենց այս շրջանում է, որ փոխադարձ կապերն առավելագույնս են կարևորվում, քանի որ մեծ փոփոխություններ են առաջացել տրանսպորտի և հաղորդակցման ոլորտում, որի հետևանքով մարդիկ սկսել են ավելի շատ ճամփորդել, ստեղծվել է գլոբալ առևտրի բարդ ցանց, մեծացել են միջմշակութային կապերը, առաջացել են բազմազգ կորպորացիաներ, մի խոսքով՝ խորացել են գլոբալ կապերը:
Փոխադարձ կախվածությունը միայն գլոբալ համակարգերին չէ բնորոշ: Այն կարելի է տեսնել նաև ազգային և տեղային մակարդակներում: Այս գաղափարը միջին դասարաններ ներմուծելիս, կարելի է սկսել դպրոցի ներսում՝ աշխատակիցների միջև և համայնքում, եղած կապերի ուսումնասիրությամբ: Այս բաժնի վարժությունները մեծ թվով աշակերտների համատեղ աշխատանքի հնարավորություն են ստեղծում, նպաստելով, որ յուրաքանչյուր մասնակից իր օրինակով հասկանա, թե ինչ բան է փոխկախվածությունը՝ միաժամանակ ինքն իրեն խմբի կարևոր անդամ զգալով:
«Կյանքի հմտություններ», 1-7-րդ դասարանների ուսուցչի ձեռնարկների նախաբաններ,
Լ. Ալեքսանյան, Ն. Թորոսյան և ուրշներ, Երևան 2001, ԿԳՆ, ՅՈՒՆԻՍԵՖ