Ի՞նչ է մշակույթը
Մշակույթը հասարակության կամ սոցիալական խմբի առանձնահատուկ հոգևոր, նյութական, ինտելեկտուալ և հուզական հատկանիշների ամբողջություն է, որը ներառում է ոչ միայն արվեստն ու գրականությունը, այլև ապրելակերպը, միասին ապրելու ձևերը, արժեքային համակարգերը, ավանդույթներն ու հավատալիքները: Կարելի է տարբերակել նյութական (ֆիզիկական արտեֆակտներ, ինչպիսիք են սնունդը, հագուստը, բնակարանը, ապրանքները, գործիքները, գեղարվեստական արտադրանքները և այլն), սոցիալական (լեզու, կրոն, օրենքներ, կանոններ, ընտանիքի կառուցվածք, աշխատանքային օրինաչափություններ, բանահյուսություն, մշակութային պատկերակներ, և այլն) և մշակույթի սուբյեկտիվ (ընդհանուր գիտելիքներ, համոզմունքներ, հիշողություններ, ինքնություններ, վերաբերմունք, արժեքներ և գործելակերպ) բաղադրիչները (Գծապատկեր 1):
Գծապատկեր 1․
Մշակութային բաղադրիչները տարածվում են սոցիալական խմբերի վրա, որտեղ յուրաքանչյուր անդամ յուրացնում և օգտագործում է իր համար հնարավոր հասանելի և մատչելի մշակութային ռեսուրսների ենթաբազմությունը: Այս փոփոխականությունները յուրաքանչյուր մշակութային խմբի ներսում կարող են ընդարձակել կամ նեղացնել մշակութային սահմանները:
Այս տեսակետի համաձայն, ցանկացած սոցիալական խումբ կարող է ունենալ մշակույթ, և բոլոր մշակույթները շարժուն են և ժամանակի ընթացքում անընդհատ փոփոխվում են ներքին և արտաքին գործոնների հետևանքով: Բոլոր մարդիկ պատկանում են բազմաթիվ խմբերի և նրանց մշակույթներին և մասնակցում են մշակույթների տարբեր համակարգերի (Գծապատկեր 2): (https://www.coe.int/en/web/reference-framework-of-competences-for-democratic-culture/glossary):
Գծապատկեր 2․
Մշակույթի սահմանումը
Մշակույթի ձևերի բազմազանությունը պայմանավորված է նրանով, որ այն գոյություն չունի մարդուց դուրս:
Աշխարհի մեծագույն մտածողներից շատերն են անդրադարձել մշակույթ երևույթին, նրանցից ամեն մեկը այն ներկայացրել և բացատրել է յուրովի: Նրանց թվում են՝ Ցիցերոնը, Հեգելը, Հերդերը, Գյոթեն, Ֆլորենսկին, Թոյնբին, Շպենգլերը, Հայզինգան, Ֆրոյդը, Յունգը, Ռիկերտը և բազում այլ ստեղծագործ մտածողներ:
Թերևս մեզանից ամեն մեկը մշակույթն ըմբռնում է յուրովի, որը կապված է մեր աշխարհընկալումից, մտածողությունից, իրերը տեսնելու և զգալու կարողությունից և բազում այլ իրողություններից, որոնք շրջապատում են մեզ և ազդում մեր հոգեկերտվածքի կայացման համար: Յուրաքանչյուր մարդ «մշակույթ» բառի տակ հասկանում է իր բնույթին համապատասխան երևույթ, որը նրա հոգեվիճակը ներդաշնակ է դարձնում, որի առկայության դեպքում նա իրեն զգում է հանգիստ և հոգեպես բավարարված: Իհարկե, այդ փաստում է այն, որ մշակույթը հստակորեն չի կարելի սահմանել: Ինչ էլ ասվի մշակույթի մասին, ինչ սահմանում էլ տան, այն սխալ չենք կարող համարել, քանզի մշակույթը լինելով հասարակական երևույթ, հասարակության յուրաքանչյուր անդամի կողմից ըմբռնվում է և բացատրվում է յուրովի: Մեկի համար մշակույթ կարող է համարվել ցածրորակ երաժշտությունը, մյուսին՝ ազգայինը, իսկ երրորդի համար՝ դասականը: Մեկի համար հենց կյանքը, կյանքի ամեն մի օրը իմաստավորված է, կենցաղը վերածված մշակույթի, իսկ մյուսի համար մշակույթն առօրյաից, իրենից հեռու մի երևույթ է: Բայց ինչպիսին էլ լինի մարդը, ինչպես էլ ընկալի և ըմբռնի կյանքը, միևնույն է, մշակույթից դուրս լինել չի կարող, քանզի մշակույթը ստեղծվում է մարդու կողմից՝ մարդու համար: Մշակույթները իրենց բնույթով, բովանդակությամբ լինում են տարբեր, կապված տվյալ ազգի առանձնահատկություններից, որը ստեղծել է այն, բայց այն հստակորեն ներկայացնում է իրեն ստեղծողին: Դրանով է պայմանավորված մշակույթների բազմազանությունը՝ բարբարոս ժողովուրդները իրենց համար ստեղծել են վայրի, ավերող, իսկ հումանիստ ժողովուրդները՝ դրական և ստեղծագործ մշակույթ:
Հասարակությունը կարիք է զգում հոգևոր արժեքների ամրապնդման և փոխանցման, որոնք մարդու կենսագործունեության հասարակական ձևերից դուրս գոյատևել չեն կարող, հետևաբար, հասարակությունը արժեքների ստեղծմանը տալիս է կայուն և ժառանգական բնույթ, որոնք դառնում են մարդու սեփականությունը: Մշակույթը պետք է լինի մարդու գիտակցված գործունեության արդյունք: Մշակույթի առարկան կոչված է բավարարելու մարդու որոշակի պահանջմունք, այն մարդու համար դառնում է օգտակար, ոչ միայն նյութական առումով, այլ նաև հոգևոր առումով: Մշակույթի իրողությունում դրսևորվում է մարդու ջանքերը, փորձը, գիտելիքները, ներկայացնում նրա մշակութային ու սոցիալական զարգացման մակարդակը: Մշակույթում մարմնավորում են ոչ միայն մարդկային գործունեության նյութական արդյունքները, այլ ներաշխարհը: Եթե նյութական արտեֆակտերը ստեղծում են նյութական մշակույթ, ապա ներաշխարհի մարմնավորումը դառնում է հոգևոր մշակույթ, դրսևորվում արվեստի ստեղծագործությունում, կրոնական, գեղագիտական պատկերացումներում, գիտական տեսություններում, ժողովրդական բանահյուսության մեջ:
Հանդես գալով որպես իմաստ կրող՝ մարդու կողմից մշակված և որոշակի ձևի մեջ դրված իրը, պրոցեսը, երևույթը, ապրումը դառնում է նշան: Նշանն այն առարկան է, որը հանդես է գալիս որպես մյուս առարկաների մասին ինֆորմացիայի կրող և օգտագործվում տեղեկություններ ձեռք բերելու, պահելու, մշակելու և փոխանցելու համար: Նշաններ են դառնում բնական և արհեստական լեզուները, գիրը, կերպարվեստը, թատրոնը, կինոն, երաժշտությունը, արվեստի բոլոր ստեղծագործությունները, կրոնական խորհրդանիշները, ծեսերը, բարոյականության կանոնները, վարվեցողությունը, բոլոր այն առարկաները, որոնք որոշակի ինաստ են հաղորդում, և որոնց միջոցով մշակույթի արդյունքը պահպանվում, ընկալվում է և փոխանցվում սերնդից սերունդ։
Մշակույթը հանդես է գալիս որպես մարդու ստեղծագործական ակտիվությամբ ծնված իմաստների և արժեքների ամբողջություն:
Մենք ժառանգելով մեր նախնիների կողմից ստեղծված մշակույթը, այն ընկալում ենք, կիրառում, վերափոխում, զարգացնում, հաճախ նույնիսկ մշակույթի բազմաթիվ արդյունքներ համարում ենք ոչ արժեքավոր և աստիճանաբար այն ոչնչացնում: Իհարկե առանց մշակույթի մարդն գոյություն ունենալ չի կարող, և ազգն էլ, որպես ընդհանուր գաղափարների, արժեքների, սովորույթների, նորմերի կրող հանրության խումբ, առանց իր ուրույն մշակույթի կդատապարտվի ոչնչացման:
Յուրաքանչյուր ազգ ազգ է իր մշակույթով և եթե խարխլվում են ազգային մշակույթի հիմքերը, ազգն էլ որպես միասնական համակարգ թուլանում է, կորցնում է իր դիմագիծը, իր ազգային առանձնահատկությունները և ոչնչանում: