Գործունեության ինչ ձևերով կարելի է զարգացնել թվային եվ մեդիա կարողունակությունը

Տարրական դպրոցում սովորողները սկսում են ծանոթանալ տարբեր տեսակի ուսումնական ռեսուրսների հետ, աշխատել դրանցով, սովորում են տարբեր աղբյուրներից օգտվել, փոքրիկ տեղեկատվական նյութեր պատրաստել, այդ թվում` իր, իր համայնքի, բնակավայրի, այնտեղ ապրող մարդկանց, գործող կառույցների, բնության, մշակութային ժառանգության մասին: Բացի այդ, այս տարիքային խմբի երեխաների մեջ պետք է սկսել զարգացնել քննադատական և ստեղծագործական մտածողությունը, վերլուծելու, համեմատելու և համադրելու կարողությունները տեքստերի, հեքիաթների, տեղեկատվական տարբեր նյութերի հետ աշխատելիս: Երեխաները պետք է սկսեն տարբերել փաստը կարծիքից, իրողությունը երևակայությամբ ստեղծածից և այլն: Շատ դժվար է տարանջատել, թե այս ամենը որ առարկայի գերխնդիրը պետք է լինի: Եթե առարկայի նպատակներից է բխում նյութեր հայթայթելը, դրանց հետ վերլուծաբար աշխատելը, գրքերից, հանրագիտարաններից, էլեկտրոնային ռեսուրսներից օգտվելը և սեփական նյութեր ստեղծելը, ապա վստահաբար կարելի է ասել, որ մեդիագրագիտությունը տվյալ առարկայի խնդիրներից է, որին ուղղված նպատակները պետք է հստակ ձևակերպվեն: 

Օրինակ, տարրական դպրոցում դասավանդվող առարականերից Մայրենին, Ես և շրջակա աշխարհը, Երաժշտությունը, Կերպարվեստը, բոլորը ունեն մեդիագրագիտությանն ուղղված գործունեություն ծավալելու բովանդակային և մեթոդական նախադրյալներ:

Մայրենիի նպատակներից է բխում վերբալ հողորդակցության, խոսքի ու տեքստի ընկալման, վերլուծության, սեփական տեքստեր ստեղծելու, մտքերն արտահայտելու կարողությունները զարգացնելը: Այս ամենը հենց մեդիագրագիտություն ձևավորող  տարրական քայլեր են, որոնք իրականացնելիս հարկավոր է պարզապես ճիշտ շեշտադրումներ անել, ուշադրությունը սևեռել այդ գործողությունների հետևանքներին, սխալների, բացթողումների և ձեռքբերումների արդյունքի վրա.

  • Հասկանալ, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ հաղորդակցական սխալները, վրիպումները, մտքերը ոչ հստակ ձևակերպելը, ասելիքը աղճատելը, ինչպես խուսափել դրանցից: Ինչպես բարելավել, արդյունավետ դարձնել հաղորդակցումը:

  • Հասկանալ տեքստերը և վերատադրել դրանց ուղերձը, վերլուծել դրանք ըստ տեքստերի բնորոշիչների` ժանրային, ոճային, իմաստային և այլն: Գիտակցել, որ հաղորդակցումը, մտքերի, տեղեկությունների փոխանցումն իրականանում է հենց տեքստերի միջոցով:

Ես և շրջակա աշխարհը առարկայի բոլոր թեմաների ուսումնասիրության ժամանակ կարևոր է ապահովել ուսումնառության ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ նորարարական բազմաբնույթ գործունեության ձևեր, որոնք կապահովեն աշակերտների հետաքրքրվածությունը, ակտիվ մասնակցությունը, միմյանց հետ մտքերի փոխանակման, սեփական առաջընթացի ամրագրման, տարբեր կարողություններով երեխաների հավասար ներգրավվածության հնարավորությունը: Ես և շրջակա աշխարհը առարկայի  համատեքստում մեդիագրագիտություն ձևավորելու դաշտն այնքան ընդարձակ է, որ ամբողջը թվելը դժվար կլինի: Առարկայի ձևակերպված հիմնական խնդիրներից մեկը հենց մեդիագրագիտության ձևավորումն է, որը ներառում է աշխարհը ճանաչելու, հետազոտելու, շրջապատը իր ողջ համընդգրկունությամբ դիտարկելու, սոցիալական շփումների և հաղորդակցության հմտությունների ձևավորման ողջ սպեկտրը: Առարկան ինտեգրված առարկա է, որը բնագիտական և հասարակագիտական բնագավառների բոլոր առարկաների վերաբերյալ նախնական պատկերացում է ձևավորում: Հնարավորություն է տալիս.

  • Ներկայանալ` օգտվելով տարբեր տեխնոլոգիական միջոցներից, սոցիալական հարթակներում անվտանգությունը, ինչպես նաև էթիկայի նորմերը պահպանելով:

  • Հետազոտել շրջակա աշխարհը, հայթայթել տեղեկություններ` տարբեր աղբյուրներից օգտվելով, ստեղծել սեփական տեղեկույթը` տեխնոլոգիական տարբեր գործիքներ կիառելով:

  • Կողմնորոշվել տեղանքում, համայնքում` օգտվելով, առաջնորդվելով գործող  հայտարարություններով, ցուցանակներով, ինչը մեդիագործքներից ճիշտ օգտվելու կարողություն է պահանջում:

  • Տարբերակել հավաստի տեղեկույթը անվտանգության, առողջ ապրելակերպի, առողջ և անվտանգ սննդի և վարակների կանխարգելման վերաբերյալ: Դիտարկել գովազդների չափազանցված բնույթը, կեղծ տեղեկատվության հետևանքները:

 

Երաժշտությունը, կերպարվեստը նույնպես մեդիա են և հաղորդակցման այլ ձևեր են տրամադրում, նաև ոչ վերբալ, ինչը կարող է հաղորդակցման որակն ավելի բարձրացնել, հարստացնել, դարձնել զգացմունքային: Ուսուցչից պահանջվում է ընդամենը ներկայացնել այս ամենը մեդիայի համատեքստում` ինչ ուղերձներ են փոխանցվում արվեստի միջոցով, ինչպես ենք ընկալում, ինչ ուղերձներ կարող ենք ստանալ և ինչ ուղերձներ կարող ենք փոխանցել նույն, երբեմն նաև, թվային գործիքներ ու թվային մեդիա կիրառելու, ուսումնասիրելու, քննարկելու միջոցներով: 

 

Միջին և ավագ դպրոցներում կտրուկ աճում է առարկաների թիվը: Սովորողները սկսում են ուսումնասիրել առանձին գիտություններ, կիրառել տարբեր ուսումնասիրման գործիքներ: 

Կրկին անդրադառնալով հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներին, դրանցից յուրաքանչյուրը կարող ենք դիտարկել առանձին վերցրած ցանկացած առարկայի համատեքստում, որի ապահովումը կարելի է դիտարկել հենց այդ առարկայի բովանդակության մեջ: Օրինակ` «գտնի և օգտագործի տեղեկույթ տարբեր աղբյուրներից, որոշի և բնութագրի աղբյուրի արժանահավատությունը և այն օգտագործելիս կատարի հղումներ», «դրսևորի աշխատանքային հմտություններ, կարողանա հմուտ և անվտանգ օգտագործել տարբեր սարքեր, գործիքներ և նյութեր» վերջնարդյունքները յուրաքանչյուր ուսուցիչ` իր դասավանդած առարկայի անմիջական նպատակներից պետք է բխեցնի: Եթե ուսուցիչը սովորողներին ուղղորդում է տարբեր աղբյուրներից օգտվելու, ներկայացնում է հավաստի աղբյուրները տարբերակելու բնորոշիչները, ուշադրության կենտրոնում է պահում օգտագործված աղբյուրներին հղումներ կատարելը, տեղեկության աղբյուրներն օգտագործելիս ակադեմիական ազնվության պահպանումը, խրախուսում է տարբեր սարքեր, գործիքներ և նյութեր կիրառելը, ապա այս գործունեությունը միանշանակորեն մեդիագրագիտության ապահովում է:  

Ակնհայտ է, որ հիմնական և միջնակարգ կրթական ծրագրերի վերջնարդյունքների մի մասի ապահովումը հենց ԹԳՀԳ առարկայի առաքելությունն են, սակայն դրանք չեն ուսուցանվում որպես ինքնանպատակ, այլ կարևորվում են հենց նրանով, որ դաշտ են ապահովում այլ առարակաների համար, որպեսզի սովորողը  «կիրառի համալիր գիտելիք և անհրաժեշտ հմտություններ՝ տեխնոլոգիական զարգացման  և տեղեկատվության բազմազանության պայմաններում կողմնորոշվելու համար» ՀՊՉ (Հանր. միջն. ծրագրի վերջնարդյունքներ):

Միջին դպրոցի սովորղը դեռահասության ամենադժվար տարիքն է անցնում, երբ փողոցն ու ընկերները կարող են ավելի մեծ հեղինակություն վայելել, հետևաբար ոչ արժանահավատ, սխալ տեղեկությունները կարող են գերակա դառնալ դեռահասի կյանքում, ինչը մեծ ռիսկեր է պարունակում: Հետևաբար չափազանց կարևոր է, որ ցանկացած առարկայի ուսուցիչ միշտ սովորողների հետաքրքրությունների շրջանակում շփման եզրեր գտնի, ինչը կօգնի ուղղորդել և տեղեկությունների արժանահավատ դաշտ տրամադրել նրանց: Այս նպատակներն ամրագրված են «Առողջ ապրելակերպ» խմբակի բովանդակության մեջ, սակայն դասղեկները և դասավնադող մյուս ուսուցիչները չպետք է այս ամենը համարեն մեկ առանձին վերցրած դասընթացի գործառույթ: 

Մայրենի, Հայոց լեզու և Գրականություն առարկաների նպատակները ի լրումն տարրական դպրոցի` ավելանում և զարգանում են, հնարավորություն տալով. 

  • Գնահատել իր և ուրիշների կարծիքն ու փաստարկները, վերլուծել պատճառահետևանքային կապերը և որոշումներ կայացնել:

  • Գրական ստեղծագործություններ վերլուծելիս անկողմնակալ և առանց նախապաշարմունքների վերաբերվել ենթադրություններին, կարծիքներին և արժեքներին, վերլուծել հասանելի տեղեկույթը, ճանաչել, կառուցել և գնահատել փաստարկները:

  • Քննադատաբար վերլուծել տեղեկատվությունը, հասկանալ մեդիա ուղերձների ստեղծման գործընթացը, տարբերակել կիրառվող մանիպուլյացիաները և քննարկի դրանց նպատակները:

  • Պատրաստած նյութը ներկայացնել նկարներով, աղյուսակներով, սահիկաշարով, մեդիայի տարբեր միջոցներով, կատարել համապատասխան գրառումներ, ինչպես հնչյունային խոսքով, այնպես էլ ժեստերի լեզվով պատմել իր կողմից արված հետազոտության մասին:

  • Լսել և հասկանալ փոխանցվող տեղեկույթը, քննողաբար վերաբերվել իր և ուրիշների ենթադրություններին, ակտիվորեն լսել և հարգանքով վերաբերվել այլ մարդկանց տեսակետներին և գաղափարներին:

Այս ամենը կարելի վերագրել ցանկացած լեզվի ուսուցմանը:

Հասարակագիտություն առարկան միջին դպրոցում ապահովում է մեդիագրագիտության հասարակագիտական համատեքստը.

  • Հասկանալ, թե ինչպես է մեդիան ազդում լայն զանգվածների վրա, ինչպես կարող է նպաստել կամ խանգարել ժողովրդավարական գործընթացներին: 

  • Վերլուծել, թե ինչ օրինաչափություններ են գործում մեդիա դաշտում, կամ ինչպես կարելի է ստեղծել մեդիա` առաջնորդվելով գործող սկզբունքներից և էթիկական նորմերից:

  • Խուսափել մանիպուլյատիվ մեթոդներով ստեղծված մեդիայի բացասական ազդեցությունից և կանխատեսել դրա հետևանքները և այլն: 

Ժամանակակից աշխարհում սոցիալական հարթակները, շփումների ինտենսիվացումը հանգեցրել են նրան, որ  մեդիան դարձել է կենտրոնական գործոն ժողովրդավարության հաստատման, խոսքի ազատության, դրա սահմանների հստակեցման գործընթացում, սակայն այդ սահմանները կարիք ունեն կարգավորման, քանի որ էապես մեծացել են նաև մարդկանց միջև աշխարհայացքային տարբերությունները, ինչի հետևանքով հաճախ  ավելի հեշտ է մարդկանց ապակողմնորոշել, մանիպուլացնել, զրկել ինքնուրույն մտածելու հնարավորությունից։  Այս բոլոր նպատակներն ավելի հեշտ իրագործելի կդառնան, եթե ուսուցիչները  որոշակի ուսումնական գործունեության ակտիվ ձևերը նախընտրեն պասիվից, օրինակ` քննարկումները, բանավեճերը, հարցազրույցներն ու հարցումներ անցկացնելը, խմբային, համագործակցային աշխատանքները, իրավիճակների, դեպքերի ուսումնասիրումը,  նախագծային աշխատանքների կազմակերպումը և այլն: Սովորողների կողմից ստացած գիտելիքների, հմտությունների գործնական կիրառումը ավելի մեծ հնարավություն է տալիս մեդիագրագետ դառնալու: 

Բնագիտական մի շարք առարկաներ, օրինակ` Մաթեմատիկան, Քիմիան, Կենսաբանությունը,  Ֆիզիկան ճշգրիտ գիտություններ են, հաճախ կարող է թվալ, թե այս առարկաները ավելի քիչ են առնչվում մեդիագրագիտությանը, սակայն վերջին տարիներին սոցիալական ցանցերի և կեղծ գիտական տեղեկատվության հոսքի պատճառով առավել քան հաճախ կարիք է զգացվում այդ տեղեկությունները հերքելու, գիտականորեն հիմնավորելու հակառակը, պարզելու, թե որն է կեղծը, թվացյալ գիտականը, իսկ որն է գիտականորեն հիմնավորվածը: Սա վերաբերում է գրեթե բոլոր ոլորտներին, բժշկությանը, կենսաբանությանը, քիմիային և այլն: Գրեթե վերջերս պատուհասած կորոնավիրուսային համաճարակը դրա ակնառու օրինակն է, թե ինչ արագությամբ էին շրջանառվում ամենաանհավանական տեսություններն ու ոչ գիտական հիմնավորումները, որոնք գուցե դեռևս հերքման կարիք ունեն և դեռևս շարունակում են շրջանառվել վտանգելով մարդկանց առողջությունը: 

Ճշգրիտ առարկաների կողմից մեդիագրագետ դարձնելու առաքելությունը ակնհայտ է մի շարք վերջնարդյունքների դիտարկումով, օրինակ` ՀՊՉ, Հանր. միջն. ծրագրի գրեթե բոլոր առանձնացված վերջնարդյունքները, որոնք վերաբերում են ակադեմիական գիտելիքների կիրառմանը, թվային տեխնոլոգիաների կիրառմանը, (առանց որոնց դժվար է հիմա պատկերացնելը որևէ ճշգրիտ գիտության ուսումնասիրումը), քննադատական մտածողության զարգացմանը, փաստը և կարծիքը զանազանելուն, ակադեմիական ազնվությանը, կիրառվող մանիպուլյացիաները տարբերակելուն և այլն: Այս նպատակներն առավել իրագործելի են գործնական աշխատանքների, հետազոտությունների, նախագծային աշխատանքների միջոցով, որոնք իրականացնելիս սովորողներն օգտագործում են և՛ ստացած գիտելիքները, և՛ հմտությունները, և՛ դրսևորում են վերաբերմունք, և՛ ձևավորում արժեք:

Բոլոր վերը թվարկված առարկաների և գործնական միջոցների համալիր կիրառմամբ է հնարավոր միայն ապահովել կարողունակահեն կրթություն և կոնկրետ խնդրո առարկա թվային և մեդիակարողունակություն ձևավորել:

 

Վերջին փոփոխություն: Thursday, 12 May 2022, 6:16 PM