Քաղաքացիական կրթություն․ առցանց դասընթաց ուսուցանողների համար
Դասընթացի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ ուսուցանողները, ուսուցիչները և երիտասարդական աշխատողները կարող են ուսումնասիրել ոլորտի փորձագետների կողմից մշակված նյութեր, ծանոթանալ թե՛ տեղական, թե՛ միջազգային հետաքրքիր փորձերի,
առաջադրանքների և վարժությունների օգնությամբ գործնականում կիրառել ստացած գիտելիքները, մտորել այդ թեմաների շուրջ իրենց գործունեության շրջանակներում, կիսվել իրենց փորձառությամբ և կապ հաստատել այլ ուսուցանողների հետ՝ այդ կերպ հարստացնելով միմյանց շարունակական զարգացումն ու աշխատանքը։
Ո՞ւմ համար է դասընթացը
Եթե Դուք աշխատում եք քաղաքացիական կրթության թեմաներով և փնտրում եք հասանելի դասընթաց, որտեղ ոչ միայն կուսումնասիրեք տարբեր նյութեր, այլև կմտորեք ձեր գործունեության զարգացման մասին, կգտնեք շատ գործնական վարժություններ, կծանոթանաք այլոց փորձառությանը և կկիսեք Ձերը, ապա այս դասընթացը Ձեզ համար է։
Ինչպիսի՞ բովանդակություն ակնկալել
Դասընթացը բաղկացած է 9 մոդուլից՝
1. Քաղաքացիական կրթության «ԴՆԹ»․ ՔԿ էությունը, նպատակներն ու խնդիրները
2. Քաղաքացու գերուժերը․ ակտիվ քաղաքացիության ունակությունները
3. Քաղաքացիության ուսուցումը մանրադիտակի տակ․ ինչ, ինչպես և որտեղ ուսուցանել, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության համատեքստեր, քաղաքացիություն և քաղաքացիական հասարակության ինստիտուտներ
4. Առաքելությունս՝ ուսուցանող․ ով է քաղաքացիության ուսուցանողը, ուսուցանողի
ունակությունները
5. «Քաղաքացիcipation». քաղաքացիություն և մասնակցություն
6. Դեպի համայնքային զարգացում․ քաղաքացիությունն ի նպաստ համայնքային զարգացման
7. «Ֆանտաստիկ եռյակ»՝ քաղաքացիություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ
8. «Եվրաքաղաքացիություն»․ եվրոպական քաղաքացիություն և քաղաքացիական կրթություն
9. Քաղաքացիությունը հանուն կայուն ապագայի․ քաղաքացիություն և կայուն զարգացման
նպատակներ
Յուրաքանչյուր մոդուլ բաղկացած է ընթերցանության նյութից, տեսանյութից,
առաջադրանքներից, մտորելու հարցերից, գործնական վարժություններից և հավելյալ
ուսումնասիրման նյութերից։
Վկայակա՞ն
Այո-այո, դասընթացն անցնելուց հետո կստանաք մասնակցության վկայական, եթե վաստակեք յուրաքանչյուր մոդուլից առնվազն 1 կրթապիտակ։ Իսկ եթե վաստակեք «Նվիրված սովորող» և «Փորձարկումների վարպետ» մետակրթապիտակները, ապա վկայականից բացի՝ որպես բոնուս, կստանաք «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից ստեղծված ուսուցողական խաղերի փաթեթ։
Ինչպե՞ս մասնակցել
Դասընթացն անվճար է և 100% առցանց։ Մասնակցելու ռիթմը և արագությունը ընտրում եք Դուք (այնուամենայնիվ, արդյունավետության համար խորհուրդ ենք տալիս անցնել շաբաթական 1 մոդուլ)։